Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ

Վերջին շրջանում, բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումների համատեքստում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մարմնի կողմից վերահսկողության կարգով իրականացված բժշկասոցիալական վերափորձաքննությունների արդյունքում արձանագրվում են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը սահմանվել են առանց համապատասխան փաստաթղթերի։

Սակայն վերահսկողության կարգով իրականացվող վերափորձաքննությունը, որպես վարչական գործընթաց, խիստ ռեսուրսատար է, և ավելի նպատակահարմար է առկա ռեսուրսներն ուղղել ընթացիկ իրավիճակի բարելավմանը։ Ընդ որում, խնդրո առարկա բարեփոխումների արդյունավետությունը էապես կնվազի, եթե այդ բարեփոխումների շրջանակներում հաշվի առնվի նախորդիվ կայացված որոշումների իրավաչափության խնդիրը, քանի որ այս դեպքում կառաջանա կայացված բոլոր որոշումներին անդրադառնալու անհրաժեշտություն։

Մյուս կողմից, ժամանակին կայացված (թեկուզ՝ ոչ իրավաչափ) անժամկետ որոշումների արդյունքում տվյալ անձի համար ձևավորվել է սոցիալական վիճակի որոշակի «ստատուս քվո», որի խախտումը կարող է առաջացնել բացասական հետևանքներ։ Խնդիրը էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առավելապես վերաբերում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում՝ օրենքի ուժով ընդունելու ԲՍՓ արդյունքում նախորդիվ ցմահ կայացրած բոլոր որոշումների իրավաչափությունը։

Այլ կերպ ասած՝ առաջարկվում է հայտարարել նախկինում կայացված ոչ իրավաչափ որոշումների «համաներում»։

Նախագիծն ընդունվելու դեպքում.

  • անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի հսկողական վերափորձաքննություն չի կատարվի՝ եթե է հաշմանդամությունը սահմանվել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։
  • 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ընկած վերադաս վարչական մարմնի կողմից վերահսկողության կարգով իրականացված վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից կճանաչվեն ուժը կորցրած՝ ուժի մեջ թողնելով նախկին որոշումները։ Ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարները կվճարվեն քաղաքացիներին։

Սահմանվում է նաև, որ վերը նշված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կատարվել է կեղծիք կամ խախտվել է հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգը։

 


  • Discussed

    31.05.2018 - 18.06.2018

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7560

Print