Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմամբ, որը կերաշխավորի հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունը։

Գործնականում վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև հաճախ տեղի են ունենում շփումներ՝ կապված իրավական ակտերի մշակման կամ ռազմավարական փաստաթղթերի ընդունման հետ։ Սակայն այդ շփումների մասին տվյալներ չեն ներկայացվում, ինչով էլ իրավական ակտերի նախագծման և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացների թափանցիկությունը ամբողջապես չի ապահովվում։

Այս պայմաններում հատուկ կարևորություն է ստանում վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ այն հաղորդակցության վերաբերյալ տեղեկացումը, որոնք ուղղված են եղել իրավական ակտերի նախագծման կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացների վրա ազդեցություն գործելուն։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման գործողությունների ծրագրի 1.23-րդ կետի կարգավորմամբ, որով սահմանվել է լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, Նախագծով սահմանվող կարգավորումների անհրաժեշտությունը ընդգծվել է նաև միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի շրջանակներում վեր են հանվել հետևյալ եզրահանգումները

-       ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լոբբինգի վերաբերյալ կանոններ չկան, ինչպես նաև չկա որևէ օրենսդրական նախաձեռնություն այս հարցը լուսաբանելու համար,

-       լոբբիստական գործունեության վերաբերյալ հստակ կանոնները կօգնեն ապահովել օրենսդրական գործընթացում թափանցիկության բավարար աստիճան, ինչը կարևոր է քաղաքացիների քաղաքական գործիչների և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար, այդ թվում՝ լոբբիստների պարտադիր գրանցման, շահագրգիռ երրորդ կողմերի համար վարքագծի կանոնների ներդրման և այս ոլորտում թափանցիկության ակտիվ խթանման միջոցով։ Իր հաստատված պրակտիկային համապատասխան՝ ԳՐԵԿՈ-ն առաջարկում է, որ ներդրվեն մանրամասն կանոններ և ուղեցույցներ այն մասին, թե ինչպես են գործադիր բարձր գործառույթներ ունեցող անձինք շփվում լոբբիստների և այլ երրորդ կողմերի հետ, որոնք ձգտում են ազդել կառավարության օրենսդրական գործունեության վրա և բացահայտվի այդ շփումների նպատակի վերաբերյալ բավարար տեղեկատվություն, ինչպիսիք են այն անձի ինքնությունը, որոնց հետ (կամ որոնց անունից) տեղի է ունեցել հանդիպումը(ները) և քննարկման կոնկրետ թեման(ները):

2010 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ընդունել է լոբբինգի թափանցիկության և ամբողջականության սկզբունքների վերաբերյալ ՏՀԶԿ խորհրդի առաջարկությունը[1]: Այն ներառում է գործադիր և օրենսդիր մարմինների համար ազգային և ենթազգային մակարդակներում կիրառելի սկզբունքներ, ինչպես նաև լոբբինգի համապարփակ սահմանում. «Լոբբինգը՝ պետական պաշտոնյայի հետ բանավոր կամ գրավոր հաղորդակցությունը՝ օրենսդրության, քաղաքականության կամ վարչական որոշումների վրա ազդելու համար, հաճախ կենտրոնանում է օրենսդիր իշխանության վրա՝ ազգային և ենթազգային մակարդակներում: Այնուամենայնիվ, այն տեղի է ունենում նաև գործադիր իշխանության մեջ, օրինակ՝ կանոնակարգերի ընդունման կամ նախագծերի և պայմանագրերի մշակման վրա ազդելու համար: »:

ՏՀԶԿ խորհրդի առաջարկություններում նշված էր նաև, որ երկրները պետք է պարբերաբար վերանայեն լոբբինգի հետ կապված իրենց կանոնների և ուղեցույցների գործունեությունը և կատարեն անհրաժեշտ ճշգրտումներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

2010 թվականի ՏՀԶԿ խորհրդի վերոգրյալ առաջարկությունների իրականացման վերաբերյալ ՏՀԶԿ-ն հրապարակել է համապարփակ զեկույց 2021 թվականին՝ «Լոբբինգը 21-րդ դարում. թափանցիկություն, ազնվություն և հասանելիություն»[2]։ Համաձայն զեկույցում ներկայացված տվյալների՝ 2020 թվականի դրությամբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներն ունեին լոբբիստների գրանցամատյաններ, իսկ երկրներից 9-ը պահանջում էին, որ պետական պաշտոնյաները նույնպես բացահայտեն տեղեկատվությունը պաշտոնական օրակարգի հրապարակման միջոցով։

ՏՀԶԿ կողմից հրապարակված «Կոռուպցիայի դեմ պայքարի և ամբողջականության  հեռանկարը» փաստաթղթի 4-րդ գլխում ներառված է անդամ պետություններում լոբբինգի ոլորտում տեղի ունեցած զարգացումները[3]:

Ուսումնասիրության շրջանակներում ՏՀԶԿ-ն նշում է, որ լոբբինգի կանոնակարգերը պետք է ընկալվեն որպես ավելի լայն թափանցիկության և հաշվետվողականության շրջանակի մի մաս:

ՏՀԶԿ անդամ երկրների կեսը պահանջում են հրապարակել պետական պաշտոնյաների աշխատանքային օրակարգերը: Այս պահանջի նպատակն է նպաստել պետական պաշտոնյաների կողմից հասարակական կյանքի թափանցիկությանը՝ պետական պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնական փոխազդեցությունների բացահայտման միջոցով:

Նախագծով առաջարկով կարգավորումներին համանման կարգավորումներ առկա են նաև միջազգային պրակտիկայում։

Այսպես, Սլովենիայի «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը լոբբինգը սահմանում է որպես «ազդեցության իրականացում, որի ընթացքում անհատը (լոբբիստը) փորձում է ազդել, այն անձանց որոշումների վրա, ովքեր ակտիվորեն մասնակցում են օրենսդրության և հանրային քաղաքականության մշակմանը և ընդունմանը»։

Ըստ նշված օրենքի լոբբիստական գործունեության ազդեցության տիրույթում են ընկնում պետական մարմինները, համայնքային մարմինները, Սլովենիայի բանկը և հանրային իշխանության կրողները ։ Լոբբիստական գործունեության ազդեցությունը տարածվում է այնպիսի որոշումների վրա, որոնք վերաբերում են իրավական կարգավորումների և այլ ընդհանուր բնույթի փաստաթղթերի ընդունմանը, ինչպես նաև այլ հարցերին, բացառությամբ դատական և վարչական վարույթների ենթակա հարցերին, պետական գնումների կարգավորման կանոնակարգերի համաձայն իրականացվող վարույթներին և այլ վարույթներին, որոնցում որոշվում են անհատների իրավունքներն ու պարտականությունները։

Լոբբիստները պարտավոր են ամեն տարի հաշվետվություններ ներկայացնել, իսկ պաշտոնյաները հաշվետվություն են ներկայացնում լոբբիստների հետ շփումներից հետո 8 օրվա ընթացքում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լոբբինգի ոլորտում իրավասու մարմինն է:

Կանադայում լոբբինգի կանոնակարգերի պատմությունը սկիզբ է առնում 1989 թվականին ուժի մեջ մտած առաջին «Լոբբիստների գրանցման մասին» օրենքից։ 2008 թվականին Կանադայում ուժի մեջ մտավ նոր լոբբիստական օրենքը և դրա կանոնակարգերը։

2023 թվականին ուժի մեջ մտավ լոբբիստների վարքագծի կանոնագրքի երրորդ հրատարակությունը, որը վերաբերում էր լոբբիստներին վերաբերող էթիկական պահանջներին։ Կանադայի լոբբինգի հանձնակատարի գրասենյակը (https://lobbycanada.gc.ca/en/) տրամադրում է մանրամասն ուղեցույցներ, խորհրդատվություն և մեկնաբանություններ ինչպես «Lոբբինգի մասին» օրենքի, այնպես էլ վարքագծի կանոնագրքի վերաբերյալ։ Կանոնների կիրառման շրջանակի առումով, «Lոբբինգի մասին» օրենքը և նշանակված պետական պաշտոն զբաղեցնողների կանոնակարգերը սահմանում են պաշտոնատար անձանց կատեգորիաները, որոնք համարվում են նշանակված պետական պաշտոն զբաղեցնողներ: Ցանկերը ներառում են գործադիր և օրենսդիր ճյուղերի պաշտոնյաներին և նրանց համապատասխան ավագ խորհրդականներին, վարչությունների ղեկավարներին և աշխատակիցներին, բացի այդ օրենքը գործում է «համեմատելի կամ համարժեք կոչում» հասկացություններով՝ կանոնների շրջանակը ընդլայնելու համար՝ ներառելով օրենքով և կանոնակարգով հստակորեն չնշված լրացուցիչ պետական պաշտոնյաներ:

Կանոնները վերաբերում են պաշտոնատար անձի հետ որևէ քաղաքականության վերաբերյալ ցանկացած հաղորդակցության կամ հանդիպման խնդրանքի:

2021 թվականին Հունաստանն ընդունել է N 4829 օրենքը՝ պետական ինստիտուցիոնալ մարմինների թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման վերաբերյալ: Լոբբիզմը սահմանվում է որպես «շահերի ներկայացուցչի՝ իր նախաձեռնությամբ, և ինստիտուցիոնալ մարմնի միջև ցանկացած տեսակի ուղղակի հաղորդակցություն, որը նախատեսված է որոշումների կայացման գործընթացին ազդելու համար և իրականացվում է վարձատրության դիմաց»: Լոբբիստները ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնք հաճախորդից վճարում են ստանում հաճախորդի անունից ինստիտուցիոնալ մարմինների հետ փոխազդեցության համար: Ստեղծվել է լոբբիստների թափանցիկության գրանցամատյան, որը վարում է Ազգային թափանցիկության մարմինը (https://lobbying.aead.gr):

Լոբբիստները պարտավոր են գրանցվել գրանցամատյանում և Ազգային թափանցիկության մարմնին ներկայացնել տարեկան հայտարարագրեր, որոնք ներառում են հետևյալ տարրերը՝

·         լոբբիստական գործունեության թիրախային ինստիտուցիոնալ մարմինը,

·         նպատակային քաղաքականության ոլորտը և որոշման տեսակը,

·         լոբբիստի ինքնությունը,

·         լոբբիստական գործունեության պատվիրատուն, տևողությունը և դրա իրականացման եղանակը,

·         լոբբիստական գործունեության նախատեսված արդյունքը:

Հայտարարության պարտավորություն կա նաև օրենսդիր և գործադիր մարմինների անդամների համար՝ նրանք պետք է ներկայացնեն տարեկան հրապարակային գործունեության հաշվետվություն:

Ազգային թափանցիկության մարմինը ունի վերահսկողության մանդատ և կարող է ուսումնասիրել օրենսդրության ցանկացած խախտում։

Իռլանդիայում 2015 թվականին ընդունվեց «Լոբբինգի կարգավորման մասին» օրենքը, որը ուժի մեջ մտավ 2017 թվականի հունվարի 1-ին: Հանրային պաշտոնների չափորոշիչների հանձնաժողովը անկախ մարմին է, որն ունի լոբբինգի ոլորտում իրավասություններ: Այն վարում է լոբբինգի հանրությանը հասանելի գրանցամատյան և հանդես է գալիս որպես այս ոլորտի կանոնների կարգավորող և կիրառող մարմին: www.lobbying.ie կայքը ներառում է մանրամասն և հեշտությամբ հասանելի տեղեկատվություն լոբբիստների և հանրության համար:

Լոբբինգը սահմանվում է որպես պետական պաշտոնյայի հետ ցանկացած հաղորդակցություն, որը վերաբերում է համապատասխան թեմային:

Համապատասխան թեմա է համարվում՝

1.     ցանկացած պետական քաղաքականության կամ ցանկացած պետական ծրագրի նախաձեռնում, մշակում կամ փոփոխություն,

2.    ցանկացած օրենքի (ներառյալ՝ ենթաօրենսդրական ակտերը, ինչպիսիք են՝ օրենսդրական փաստաթղթերը և կանոնակարգերը) պատրաստում կամ փոփոխություն,

3.    ցանկացած դրամաշնորհի, վարկի կամ այլ ֆինանսական աջակցության, պայմանագրի կամ այլ համաձայնագրի,

4.    հանրային միջոցների հետ կապված ցանկացած լիցենզիայի կամ այլ լիազորության տրամադրում։

Կանոնակարգը նաև ներառում է այն գործունեությունների ցանկը, որոնք չպետք է դիտարկվեն վերը սահմանված «համապատասխան թեմայի» շրջանակներում: Դրանք հանգում են հետևյալին՝ անձնական գործեր, դիվանագիտական հարաբերություններ, փաստական տեղեկատվություն, հրապարակված նյութեր, արհմիության բանակցություններ, անվտանգություն և պաշտպանություն, նշանակված պետական պաշտոնյաների կամ պետական ծառայողների հաղորդագրություններ, առևտրային պետական մարմինների կառավարում, քաղաքական կուսակցության հաղորդագրությունները իր անդամներին, քաղաքականության աշխատանքային խմբեր:

2018 թվականին Հանրային կյանքի ստանդարտների հանձնաժողովը հրապարակել է լոբբիստների և լոբբինգի ենթարկված պետական պաշտոնյաների վարքագծի կանոնագիրք։ Հանձնաժողովն ունի նաև «Լոբբինգի մասին» օրենքի խախտումները հետաքննելու և հետապնդելու լիազորություն և կարող է տուգանել լոբբիստներին, որոնք ուշացումով են ներկայացնում իրենց հայտարարագրերը։

Եվրոպական խորհրդարանի կանոնակարգի Հավելված 1-ինով սահմանվում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների բարեվարքության և թափանցիկության վերաբերյալ վարքագծի կանոնները[4]։ Վերջինիս «Հանդիպումների հրապարակումը» վերտառությամբ 7-րդ հոդվածի համաձայն՝

1. անդամները պետք է հանդիպեն միայն այն շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, որոնք գրանցված են պարտադիր թափանցիկության մասին միջգերատեսչական համաձայնագրի միջոցով ստեղծված թափանցիկության գրանցամատյանում,

2. անդամները պետք է առցանց հրապարակեն խորհրդարանական գործունեությանը վերաբերող բոլոր նախատեսված հանդիպումները՝

(ա) պարտադիր թափանցիկության մասին միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում գտնվող շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, կամ

(բ) երրորդ երկրների պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ներառյալ նրանց դիվանագիտական առաքելություններն ու դեսպանատները,

3. 2-րդ կետում սահմանված պարտավորությունը վերաբերում է այն հանդիպումներին, որոնց մասնակցում է անդամը կամ նրա անունից նրա խորհրդարանական օգնականները։

4. 2-րդ կետից շեղվելով՝ անդամները չպետք է հրապարակեն այնպիսի հանդիպում, որի հրապարակումը կվտանգի անհատի կյանքը, ֆիզիկական ամբողջականությունը կամ ազատությունը, կամ կարող են որոշել չհրապարակել հանդիպումը, եթե կան գաղտնիությունը պահպանելու այլ հիմնավոր պատճառներ։ Այդպիսի հանդիպումների մասին պետք է հայտարարվի Նախագահին, որը պետք է պահպանի այս հայտարարությունը գաղտնի կամ որոշի անանուն կամ հետաձգված հրապարակում։ Բյուրոն պետք է սահմանի այն պայմանները, որոնց դեպքում Նախագահը կարող է հրապարակել նման հայտարարություն։

5. Բյուրոն պետք է ապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքը Խորհրդարանի կայքում։

Մեծ Բրիտանիայում Նախարարական կանոնագրքի (Ministeral Code) 8.13-րդ կետը սահմանում է նախարարների արտաքին հանդիպումների հրապարակման պահանջ[5] , այսպես՝

8.13. Նախարարները հանդիպում են բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների հետ և քննարկում են տեսակետների լայն շրջանակ՝ որպես կառավարության քաղաքականության մշակման մաս: Պաշտոնական հանդիպումները սովորաբար պետք է կազմակերպվեն նախարարների գերատեսչությունների միջոցով: Կառավարության գործերին վերաբերող բոլոր քննարկումներին պետք է ներկա լինի անձնական քարտուղար կամ պաշտոնյա: Եթե նախարարը հանդիպում է արտաքին կազմակերպության կամ անհատի հետ և պաշտոնական գործերի քննարկմանը հանդիպում է առանց պաշտոնյայի ներկայության (օրինակ՝ հասարակական միջոցառման ժամանակ կամ տոնի ժամանակ), ցանկացած էական բովանդակություն պետք է հնարավորինս շուտ փոխանցվի գերատեսչությանը միջոցառումից հետո: Գերատեսչությունները կհրապարակեն նախարարների արտաքին հանդիպումների մանրամասները եռամսյակը մեկ: Թերթերի և այլ լրատվամիջոցների սեփականատերերի, խմբագիրների և ավագ ղեկավարների հետ հանդիպումները կհրապարակվեն եռամսյակային հիմունքներով՝ անկախ հանդիպման նպատակից:

Իսպանիայում, 2012 թվականից ի վեր, կառավարության ընտրված անդամների օրակարգերը հրապարակվում են առցանց՝ կառավարության կայքում: Օրակարգում ամեն օր թվարկվում են այն այցելությունները, միջամտությունները կամ հանդիպումները, որոնց մասնակցում են կառավարության անդամները: Յուրաքանչյուր կետում նշվում են առնվազն՝

1.       Պատասխանատու նախարարը և այլ օժանդակող նախարար(ներ):

2.       Հանդիպման ժամը:

3.       Կազմակերպությունը, որը այցելել է կամ հանդիպել Կառավարության անդամին:

2020 թվականի հոկտեմբերին Իսպանիայի խորհրդարանի երկու պալատների խորհուրդները ընդունեցին վարքագծի կանոնագիրք Կոնգրեսի և Սենատի անդամների համար, որը պահանջում է հրապարակել սենատորների և պատգամավորների օրակարգերը, ներառյալ նրանց հանդիպումները շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Օրակարգի բաժինը հասանելի է յուրաքանչյուր պատգամավորին նվիրված կայքէջում [6]:

Իտալիայում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը շաբաթական հրապարակում է մարմնի հիմնական որոշում կայացնողների (նախագահ, մարմնի խորհրդի անդամներ, գլխավոր քարտուղար և ավագ ղեկավարներ) և արտաքին շահագրգիռ կողմերի միջև հանդիպումների օրակարգերը: Օրակարգերը հրապարակվում են առցանց և պարունակում են տեղեկություններ հանդիպումների նպատակի, ամսաթվի և ժամի, հանդիպմանը ներկա անձանց անունների, քննարկման թեմաների, ինչպես նաև փոխանցված ցանկացած փաստաթղթի վերաբերյալ: Օրակարգերը հրապարակվում են մարմնի կայքում՝ «Թափանցիկ կառավարում» բաժնում:

Վերոգրյալի համատեքստում պետք է նշել, որ թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև հանրային վերահսկողության բարձրացման ապահովման նպատակով առկա է համապատասխան վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների օրենսդրական գործընթացների վրա ազդեցություն ունենալուն ուղղված հաղորդակցության վերաբերյալ տեղեկացման պարտավորության սահմանման անհրաժեշտություն[7]:

 

2․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման գործողությունների ծրագրի 1.23-րդ կետի կարգավորմամբ, որով սահմանվել է լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությունը։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հստակորեն սահմանվում է՝

-       այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է տեղեկացման պարտականությունը,

-       տեղեկացման ենթակա հաղորդակցության շրջանակը,

-       այն hաղորդակցությունները, որոնց դեպքում տեղեկացման պարտականությունը բացակայում է,

-       տեղեկացման ենթակա տվյալների շրջանակը և դրանց հրապարակման կարգը։

Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ամրապնդել հանրային իշխանության մարմինների գործունեության բաց և թափանցիկ բնույթը, սահմանել վերահսկելի և իրավաչափ փոխազդեցությունների ձևաչափ մի կողմից՝ վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների, մյուս կողմից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև՝ կանխելով վերջիններիս ոչ իրավաչափ ազդեցությունը իրավական ակտերի նախագծման կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացների վրա, ինչպես նաև սահմանել հանրային վերահսկողության մեխանիզմներ նշյալ գործընթացների նկատմամբ։

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները մարմինները կամ/և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

 

6 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների հետ իրավական ակտերի նախագծման և ռազմավարական փաստաթղթերի մշակման վրա ազդեցությանն ուղղված հաղորդակցությունների մասին տեղեկացում՝ ապահովելով իրավաստեղծ գործընթացների թափանցիկությունը և վերջիններիս վրա ոչ իրավաչափ ազդեցության կանխարգելումը:

  • Discussed

    28.10.2025 - 13.11.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Public service

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1426

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

ԿԱՐԾԻՔ

 «Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2025 թ․ հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանում լոբբիստական գործունեության թափանցիկությանը վերաբերող ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ 

Ստորև ներքոստորագրյալ կազմակերպություններս ներկայացնում ենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ նշված նախագիծը բարելավելու, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, լոբբինգի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

1.    Նախագծի մշակումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի Գործողություն 1.23-ից, որով նախատեսված է «Ներդնել լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ»։ Չնայած որ գործողության ձևակերպմամբ հստակեցված չէ ներդրման մարմինների շրջանակը, ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալ նախագիծը ներկայացնելիս սահմանափակվել է միայն գործադիրում լոբբինգի թափանցիկության խնդրի կարգավորմամբ։ Անշուշտ, գնահատելի է, որ նախագիծը նախատեսում է լոբբինգի ազդեցության ենթակա իրավաստեղծ գործունեության բավականին լայն շրջանակ, այն է՝ «նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեությունը»։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «լոբբիստական գործունեություն» հասկացության տակ ողջ աշխարհում հասկացվում է ոչ միայն գործադիրի, այլև առավել ևս խորհրդարանի պատգամավորների օրենսդիր գործունության, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից որոշումների վրա ազդեցության նպատակ հետապնդող գործունեությունը, որոնք կարգավորումից դուրս են մնացել և չեն կարող ապահովել հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակների իրացումը։ Այսինքն, նախագիծը միանշանակ ողջունելի է, սակայն ոչ բավարար։

Առաջարկ

●      Նախատեսել պատգամավորների իրավաստեղծ գործունեության վրա ազդող լոբբիստական գործունության թափանցիկությունը կարգավորող դրույթներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏԻՄ-երի վրա ներգործության թափանցիկությունը կանոնակարգող դրույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում։ Միաժամանակ ձեռնարկել քայլեր շուտափույթ ապահովելու համար պատգամավորների և համայնքների ավագանիների, ինչպես նաև համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ընդունումը և համապատասխան էթիկայի հանձնաժողովների ձևավորումը։ 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

2.  Նախագծով նախատեսված է, որ «Տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն»։ Այսպիսի ձևակերպման պարագայում տվյալ դրույթը կարող է կիրառվել խիստ հայեցողաբար։ Իրավախախտման այս կամ այն փաստի առկայության դեպքում իրավասու մարմինը չպետք է իրավասություն ունենա որոշելու կոնկրետ անձի նկատմամբ կիրառել պատասխանատվություն, թե՝ ոչ։

Առաջարկ

●      Նախագծով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Տեղեկացման պարտականության չկատարումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

04.11.2025

3.   Նախագծով նախատեսված է, որ «Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձին ապօրինի վարքագիծ դրսևորելուն կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ դրսևորելուն դրդելու դեպքում պաշտոնատար անձը պետք է դադարեցնի կապը իր հետ հաղորդակցված անձի հետ»: Նախ, արձանագրենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված են վարքագծի կանոններ, և ոչ թե էթիկայի կանոններ։ Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի նորմերի խախտմանը միտված գործողություններ իրականացնող անձի հետ միայն հաղորդակցության դադարեցումը բավարար չէ հետագայում վերջինիս կողմից համանման քայլերը բացառելու համար։

Առաջարկ

●      «Էթիկայի կանոններ» բառակապակցությունը փոխարինել «վարքագծի կանոններ» բառակապակցությամբ:

●      Հաղորդակցված անձի կողմից պաշտոնատար անձին ապօրինի գործունեության դրդելուն միտված գործողությունների մասով, բացի հաղորդակցվող անձի հետ կապը դադարեցնելուց, պաշտոնատար անձին պարտավորեցնել այդ մասին տեղեկացնելու համապատասխան իրավասու անձին։  

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: