Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- -----ի 2026 թվականի N -----Ն

 

ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի
------------ի ----ի N -----Ն որոշման

ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

1.          Սույն փաստաթղթի (այսուհետ՝ չափորոշիչներ) կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.

1)     էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններ՝ անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայություններ, ինչպիսիք են՝

ա. Օդապարիկներով տեղաշարժ ենթադրող ծառայությունները,

բ. Պարաշյուտով (անկարգելով), պարապլանով, դելտապլանով և այլ նմանատիպ սարքերով թռիչքները (ազատ կամ մոտորիզացված),

գ. Քվադրոցիկլով (մոտոամենագնաց), ջրագնացով (ջրային մոտոցիկլ), ձյունաճահճագնացով և (կամ) ձյունագնացով տեղաշարժում ներառող ծառայությունները (այդ թվում՝ ճանապարհների վրա, ճանապարհներից չհամարվող երթուղով կամ հատուկ նախատեսված վայրերում, ջրային մակերեսին), շարժիչով ջրային տրանսպորտային միջոցի հետևից քարշակում ներառող ծառայությունները (ջրային դահուկներ և այլն),

դ. Տրանսպորտային միջոցով արտաճանապարհային երթևեկության (ջիպինգ) ծառայությունները,

ե. Լեռնային հեծանվորդություն, (հեծանիվներով լեռնային լանդշաֆտով արտաճանապարհային վայրէջքի ծառայություններ),

զ. Վարար գետով կամ սահանքներով ռաֆտինգը,

է. Ժայռամագլցումը (բացառությամբ արհեստական պատերի վրա մինչև 3 մետր բարձրության վրա մագլցման), 3 աստիճան կամ ավել թեքություն ունեցող զիփլայնը,

ը. Ակվալանգով կամ այլ շնչողական սարքով ջրասուզումը,

թ. Ջրավազանների (գետ, լիճ, ջրամբար և այլն) սառցակալած մակերեսին չմուշկներով սահքի ծառայությունները,

ժ. Լեռնադահուկային սպորտաձևերի կազմակերպման ծառայությունները (ներառյալ՝ լեռնադահուկային),

ժա. Քարանձավախուզությունը,

ժբ. Բարձունքից թռիչքները (բունջի-ջամփինգ, րոփ-ջամփինգ և այլն),

ժգ. Արշավները և (կամ) բաց երկնքի տակ գիշերակացերը, որոնց շրջանակում առկա է կյանքին կամ առողջությանը անմիջական վտանգ ներկայացնող վայրի կենդանիների հարձակման վտանգ (օրինակ՝ արջ, գայլ, լուսան, ընձառյուծ, թունավոր օձեր և այլն).

2)    կազմակերպիչ՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտ, որը մատուցում է էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններ.

3) ղեկավար՝ ֆիզիկական անձ, որը փաստացի վերահսկում է տվյալ էքստրեմալ զբոսաշրջային ծառայության մատուցումը (անկախ դրա շրջանակներում նաև զբոսավարի, ուղեկցորդի կամ այլ գործառույթ կատարելու հանգամանքից).

4)    մասնակից՝ սպառող, որն օգտվում է էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններից.

5)  անձնակազմ՝ էքստրեմալ զբոսաշրջային ծառայության մատուցմանը կազմակերպչի կամ իր ենթակապալառուների կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ներգրավված ֆիզիկական անձիք.

6)   էական միջադեպ՝ էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մատուցման շրջանակներում տեղի ունեցած իրադարձություն, որը հանգեցրել է մասնակցի կամ անձնակազմի անդամի մահվան, առողջությանը միջին կամ ծանր վնասի (ինչպես որ սահմանված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում) կամ ստեղծել է դրա իրական վտանգ.

7) անվտանգության կառավարման համակարգ կամ ԱԿՀ` քաղաքականությունների, ընթացակարգերի և վերահսկման միջոցների փաստաթղթավորված շրջանակ, որը նախատեսված է անվտանգության ռիսկերի կառավարման համար.

8)   կրիտիկական սարքավորում՝ անվտանգությունը ապահովող այնպիսի սարք, սարքավորում, պարագա կամ հարմարանք, որն անմիջականորեն նախատեսված է ու կիրառվում է անձի կյանքին կամ առողջությանը ծանր վնասի վտանգը կանխելու համար, ու որի անսարքությունը հղի է կյանքի կամ առողջության համար անմիջական վտանգով:

2.         Սույն չափորոշիչները սահմանում են ընդհանուր պահանջներ զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից առևտրային հիմունքներով կամ այլապես վարձատրության դիմաց էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ու իրականացման անվտանգության հանդեպ։

3.         Ի լրումն սույն չափորոշիչներում ուղիղ նշված պահանջների, էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունները ու դրանց շրջանակներում կիրառվող ցանկացած անվտանգային սարքավորում պետք է համապատասխանի դրանց նկատմամբ կիրառելի տեխնիկական կանոնակարգերին և ազգային ստանդարտներին, այդ թվում՝ անցած լինեն համապատասխանության հավաստվում, իսկ «Տեխնիկական անվտանգության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի օրենքով սահմանված դեպքերում՝ ունենան տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն։

4.         Եթե էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մեջ ներառված որևէ գործունեության համար գործող օրենսդրության համաձայն պահանջվում է որոշակի հավաստագրում, որակավորում, թույլտվություն կամ լիցենզիա, ապա դրանց առկայությունը հանդիսանում է էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մատուցման նախապայման։

5.         Կազմակերպիչը պետք է նախքան էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մատուցումը սկսելը, ինչպես նաև դրանց մատուցման ամբողջ ժամանակահատվածում ապահովի այդ ծառայությունների մատուցման առնչությամբ մասնակիցների հանդեպ դրա մատուցումից բխող  պատասխանատվության ապահովագրություն (մեկ անձի հանդեպ առնվազն 1 800 000 ՀՀ դրամի ու մեկ ապահովագրական պատահարի մասով առնվազն 18 000 000 ՀՀ դրամի ծածկույթով), ինչպես նաև էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների շրջանակներում տեղի ունեցած դժբախտ պատահարների առնչությամբ մասնակիցների տարհանման, բժշկական, մահվան ու առողջության կայուն մշտական քայքայման դեպքերի առնչությամբ մասնակիցների ապահովագրություն (մեկ անձի մասով առնվազն 1 800 000 ՀՀ դրամի ու մեկ ապահովագրական պատահարի մասով առնվազն 18 00 000 ՀՀ դրամի ծածկույթով, ընդ որում մահվան դեպքում հատուցման չափը պետք է հավասար լինի մեկ անձի մասով ծածկույթի հարյուր տոկոսին, իսկ առողջության կայուն մշտական քայքայման դեպքում՝ քայքայման չափին դրա համամասնությանը)։

6.        Կազմակերպիչը պետք է, նախքան էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մատուցումը սկսելը, ներդնի և դրանց մատուցման ամբողջ ժամանակահատվածում ունենա ԱԿՀ, որը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ չափանիշներին՝

1)     ԱԿՀ-ն պետք է լինի փաստաթղթավորված, այսինքն, այն պետք է սահմանվի Կազմակերպչի ներքին իրավական ակտերով և (կամ) այդպիսի ակտերով հաստատված տեխնիկական պայմաններով կամ հրահանգներով.

2)    ԱԿՀ-ն պետք է առանձին անդրադառնա յուրաքանչյուր ծառայությանն ու տեղանքին հաշվի առնելով ծառայությանն ու տեղանքին բնորոշ ռիսկերը.

3)    ԱԿՀ-ն պետք է հիմնված լինի առևտրային նկատառումների նկատմամբ անվտանգության առաջնահերթության սկզբունքի վրա և ուղիղ ամրագրի այդ սկզբունքը.

4)    ԱԿՀ-ն պետք է համարժեք լինի էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների բարդությանն ու ռիսկերին.

5)    ԱԿՀ-ն (այդ թվում՝ դրա շրջանակներում ռիսկերի գնահատումը) պետք է վերանայվի առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև որևէ էական միջադեպից անմիջապես հետո.

6)   ԱԿՀ-ն (այդ թվում՝ դրա շրջանակներում ռիսկերի գնահատումը) պետք է վերանայվի ծառայությունների մատուցման վայրի, եղանակի, անվտանգային միջոցառումների կամ այլ փոփոխությունից անմիջապես հետո, եթե այդպիսի փոփոխությունը կարող է ունենալ էական ազդեցություն անվտանգության վրա.

7)    ԱԿՀ-ն պետք է ներառի՝

ա.էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների շրջանակներում իրականացվող՝ անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող յուրաքանչյուր գործողության ռիսկերի նկարագրություն ու գնահատում (այդ թվում՝ բուն գործունեությանը ու դրա իրականացման վայրին բնորոշ ռիսկերը), դրանց կառավարմանն ուղղված միջոցառումները, ռիսկի հետևանքների վրա հասնելու (այդ թվում՝ էական միջադեպերի) դեպքում արձագանքման պլանը (որը պետք է առնվազն ներառի միջադեպերի դեպքում անձնակազմի ինքնուրույն և այլ կողմերի հետ համատեղ իրականացվող գործողությունները, այդ թվում՝ առաջին օգնության ցուցաբերումը, տարհանումը, իրավասու պետական մարմինների հետ համակարգումը),

բ. անձնակազմի նվազագույն հմտությունների, գիտելիքների ու պարբերական վերապատրաստման նկատմամբ սահմանված պահանջները, դրանց պահպանված լինելը ստուգելու կարգը,

գ. էական միջադեպերի և այլ անվտանգային խնդիրների արձանագրման, ուսումնասիրության և դրանցից բխող ուղղիչ գործողություններ իրականացնելու կարգը, դրանց ու անվտանգության ընդհանուր կանոնների մասով անձնակազմի հրահանգավորման կարգը,

դ. անձնակազմի համար գործողության պլաններ, որոնք պետք է ներառեն կանխարգելիչ ու ընթացիկ անվտանգային միջոցառումներ, տարհանման պլաններ,

ե. օգտագործվող սարքերի ու սարքավորումների (այդ թվում՝ անվտանգության ապահովման, առաջին օգնության ու տարհանման համար կիրառվողները) ընտրության, ստուգման (այդ թվում՝ ամեն անգամ ծառայությունների մատուցումից անմիջապես առաջ), պահպանման, խոտանման ու փոխարինման կարգը,

զ. ծառայության առնչությամբ մասնակիցների համար անվտանգության հրահանգներն ու հրահանգավորման կարգը, մեկ խմբում մասնակիցների առավելագույն քանակը, եթե կիրառելի է՝ մասնակիցներից պահանջվող հմտությունները, ծառայությունից օգտվելու առողջական հակացուցումները։

7.         Կազմակերպիչը պետք է խստորեն հետևի իր կողմից սահմանված ԱԿՀ-ին։

8.        Էական միջադեպերի կամ դրանց վտանգ ստեղծող իրավիճակների ի հայտ գալու դեպքում կազմակերպիչը պետք է կասեցնի համապատասխան էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների իրականացումը մինչ համապատասխան միջադեպերի կամ վտանգների պատճառների վերացումը։ Էական միջադեպերը կամ դրանց վտանգ ստեղծող իրավիճակները պետք է հաշվառվեն ու վերլուծվեն կազմակերպչի կողմից՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով։

9.        Էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը ներգրավված անձնակազմում կարող են ներառվել բացառապես 18 տարին լրացած, գործունակությունը չսահմանափակված ֆիզիկական անձիք։

10.      Էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը ներգրավված անձնակազմը պետք է ունենա համապատասխան գործունեության համար գործող օրենսդրությամբ և ԱԿՀ համաձայն պահանջվող որակավորում, գիտելիքներ ու հմտություններ, ծառայությունների մատուցմանը ներգրավվելուց ոչ ավել, քան մեկ տարի առաջ, և այնուհետ ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ անցած լինի առաջին օգնություն ցուցաբերելու դասընթաց, և նախապես անցնի տվյալ ծառայության մատուցման համար անվտանգության հրահանգավորում (էական միջադեպերի և այլ անվտանգային խնդիրների արձանագրման, ուսումնասիրության և դրանցից բխող ուղղիչ գործողություններ իրականացնելու հրահանգավորում)։

11.       Էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների մեկնարկին կամ դրանից անմիջապես առաջ բոլոր մասնակիցներին պետք է ներկայացվի անվտանգության կանոնները (ներառյալ՝ անվտանգային սարքավորումներից օգտվելու կարգը, տարհանման պլանները ու ուղիները), մասնակցության համար անհրաժեշտ հմտությունները, առողջական հակացուցումները, անվտանգային ռիսկերը ներկայացնող գրավոր ծանուցում, նրանք պետք է անցնեն անվտանգության հրահանգավորում և ստորագրությամբ հաստատեն ծանուցմանը ծանոթանալը, անհրաժեշտ հմտությունների առկայությունը, հակացուցումների բացակայությունն ու հրահանգավորումն անցնելը (անչափահասների փոխարեն ստորագրում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը)։ Անչափահաս մասնակիցների մասնակցությունը թույլատրվում է միայն իրենց ծնողի կամ օրինական ներկայացուցչի անմիջական ուղեկցությամբ։

12.       Կազմակերպիչը և (կամ) ղեկավարը պետք է չթույլատրեն ծառայությունից օգտվել մասնակցին, եթե վերջինս գտնվում է ալկոհոլի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ, կամ չունի բավարար հմտություններ կամ ունի մասնակցությունը բացառող առողջական հակացուցումներ։

13.      Ղեկավարը պետք է կասեցնի ծառայությունը, եթե ի հայտ է գալիս էական միջադեպի վտանգ կամ այլ անվտանգային ռիսկ։  

14.       Կրիտիկական սարքավորումները պետք է ստուգվեն ամեն օգտագործումից առաջ։ Որքանով որ դա ողջամտորեն հնարավոր է, կրիտիկական սարքավորումները պետք է կիրառվեն զուգակցված,որպեսզի մեկի անսարքության դեպքում երկրորդը ապահովի նույն գործառույթը։

15.       Բոլոր անվտանգային սարքավորումներն ու հարմարանքները, ինչպես նաև առաջին օգնության ու տարհանման համար նախատեսված սարքավորումները պետք է օգտագործվեն ու պահպանվեն արտադրողի ցուցումներին խիստ համապատասխան։

16.      ազմակերպիչը պետք է ապահովի հետևյալ փաստաթղթերի առկայությունը՝ ԱԿՀ-ն, Էական միջադեպերի կամ դրանց վտանգ ստեղծող իրավիճակների հաշվառման ու վերլուծության վերաբերյալ փաստաթղթերը,  անձնակազմի վերապատրաստման ապացույցները, սարքավորումների պարբերական ստուգման ապացույցները, մասնակիցների կողմից սույն չափանիշների 12-րդ կետում նշված ստորագրությունները։ ԱՀԿ-ն պետք է առկա լինի ծառայությունների մատուցման ամբողջ ընթացքում և դրա ավարտից հետո պահպանվում է առնվազն հինգ տարի ժամկետով, իսկ մյուս փաստաթղթերը պահպանվում են դրանք կազմելուց հետո առնվազն հինգ տարի ժամկետով։

 

  • Discussed

    27.10.2025 - 11.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Sports tourism

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1257

Print

Related documents / links

Suggestions

Լալա Հայրապետյան

09.11.2025

ԿԱՐԾԻՔ-առաջարկություն

 

Ներկայացված որոշման նախագիծը նպատակ ունի սահմանել այն չափորոշիչները, որոնք կապահովեն անձի կյանքի և առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման անվտանգությունը։ Նախագծի ընդունումն ունի ռազմավարական նշանակություն զբոսաշրջային գործունեության որակի և անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից։

Նախագծով սահմանվող չափորոշիչները կարևոր դեր կունենան արկածային, լեռնային, ջրային և այլ ռիսկային զբոսաշրջային ենթաճյուղերում անվտանգության երաշխիքների ամրապնդման հարցում՝ ուղղված այցելուների կյանքի և առողջության պաշտպանության ապահովմանը։

Դրական կողմերի գնահատում

1. Անվտանգության մակարդակի բարձրացում.

  Սահմանվող չափորոշիչները կնպաստեն զբոսաշրջային գործունեության ընթացքում վթարների և վնասվածքների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև ապահով կլինեն կանխարգելիչ մեխանիզմներ արտակարգ իրավիճակների դեպքում։

 

2. Միջազգային ստանդարտների կիրառություն.

  Նախագծի հիմքում դրված են միջազգային լավագույն փորձերը, ինչը հնարավորություն կտա ձևավորել մրցունակ և հուսալի զբոսաշրջային միջավայր։

 

3. Սպառողների վստահության բարձրացում.

  Անվտանգության հստակ պահանջների սահմանումը կավելացնի զբոսաշրջիկների վստահությունը հայկական զբոսաշրջային շուկայի նկատմամբ։

Առաջարկություններ

1. Չափորոշիչների պարբերական վերանայում.

  Առաջարկվում է սահմանել հստակ մեխանիզմ չափորոշիչների պարբերական վերանայման համար՝ հաշվի առնելով տեխնոլոգիական նորությունները, ռիսկերի փոփոխվող բնույթը և միջազգային պահանջների զարգացումը։

 

2. Պարտադիր սերտիֆիկացման համակարգի ներդրում.

  Նախատեսել զբոսաշրջային ծառայություններ մատուցողների պարտադիր սերտիֆիկացում՝ ապահովելու համար որակի և անվտանգության միասնական ստանդարտներ։

 

3. Կադրերի պատրաստման և վերապատրաստման կարգ

  Մշակել պահանջ՝ ծառայություններ մատուցող անձնակազմի պարտադիր մասնագիտական պատրաստվածության և անվտանգության ուսուցման վերաբերյալ։

 

4. Հանրային իրազեկման միջոցառումներ.

  Նախատեսել տեղեկատվական արշավներ զբոսաշրջիկների և տեղական համայնքների համար՝ անվտանգության կանոնների և արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ։

 

5. Համագործակցություն համապատասխան կառույցների հետ.

  Նախագծում ամրագրել համագործակցության կարգ տեղական ինքնակառավարման մարմինների, փրկարար ծառայության և առողջապահական կառույցների հետ՝ արձագանքման արդյունավետ համակարգ ապահովելու նպատակով։

 

Եզրակացություն

 

Նախագիծը ժամանակին և անհրաժեշտ նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանի զբոսաշրջային ոլորտում անվտանգության մշակույթի և որակական ստանդարտների ձևավորմանը։

Առաջարկվող փոփոխությունները կօգնեն ապահովել չափորոշիչների գործնական կիրառելիությունը, վերահսկելիությունը և երկարաժամկետ արդյունավետությունը՝ միաժամանակ բարձրացնելով Հայաստանի՝ որպես անվտանգ զբոսաշրջային ուղղության հեղինակությունը միջազգային հարթակում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: