Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Քրիստինա Գալստյան 19.10.2025 15:41:28 Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը՝ ձևակերպել ֆիթնես կենտրոնների համար չափանիշներ, որոնք կնպաստեն բնակչության առողջության խթանմանը: Այնուամենայնիվ, մարզասրահներում բարձր երաժշտության ներկայիս մակարդակը հաճախ գերազանցում է աղմուկի անվտանգ սահմանները: Նույնիսկ ինտերնետային հարթակներում (օրինակ TripAdvisor, Google Reviews/Google Maps, Facebook) հայկական ֆիթնես կենտրոնների գնահատման ժամանակ չափազանց բարձր երաժշտությունը նշվում է որպես թերություն թե՛ տեղացի, թե՛ միջազգային օգտատերերի շրջանում: Աղմուկի հստակ ուղեցույցների ներդրումը և անհատական լսողության (անձնական ականջակալների օգտագորխման) խթանումը կհամապատասխանեցնեն ֆիթնես կենտրոնները միջազգային լավագույն փորձին (ԱՀԿ, NIOSH, OSHA) և կապահովեն ավելի անվտանգ, ավելի ներառական միջավայր բոլոր օգտատերերի համար։ Այս առումով առաջարկում եմ Ձեր կարծիքին հետևյալ կետը․ «Ուժեղացված երաժշտությունը պետք է հնչի միայն կազմակերպված խմբային գործունեության ընթացքում` խմբային պարապմունքների համար սահմանված ձայնի բարձրության մակարդակով, որը չպետք է գերազանցի 85 դԲ(Ա) LAeq (1 ժամ) մասնակիցների տարածքներում: Խմբային պարապմունքներից դուրս երաժշտության օգտագործումը պարտադիր չէ. մարզվողները կարող են օգտագործել անձնական ականջակալները՝ անձնական հարմարավետությունն ապահովելու և բարձր ձայնային մակարդակից պաշտպանվելու համար։ Եթե մարզասրահում հնչում է ֆոնային երաժշտություն, այն չպետք է գերազանցի 60–65 դԲ(Ա) բաց մարզական տարածքներում: Արտաքին ճակատային աղմուկը չպետք է գերազանցի +5 դԲ(Ա) ֆոնային մակարդակը ցերեկային ժամերին (07:00–22:00) և չպետք է նկատելի լինի հարակից բնակելի տարածքներում ժամը 22:00-ից հետո։» Հիմնավորում. Համապատասխանում է նախագծի նպատակներին՝ սպորտային գործունեության ընթացքում ռիսկերի նվազեցմանը և հանրային առողջության խթանմանը (նախագծի գլուխ 1): Պաշտպանում է մարզվողներին ու անձնակազմին լսողության վնասումից և կանխում է բնակիչների համար անհարմարությունը: Իրավական հիմքեր՝ «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք» (1992), հոդվածներ 129–132 «ՀՀ Առողջապահության նախարարության սանիտարական նորմեր թիվ 2-III-11.3» (2003) Միջազգային չափանիշներ՝ «ԱՀԿ շրջակա միջավայրի աղմուկի ուղեցույցներ» / WHO Environmental Noise Guidelines (2018) ԱՄՆ Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ինստիտուտի «Աշխատանքային աղմուկի ազդեցության առաջարկվող սահմաններ» / NIOSH No. 98-126 Criteria for a Recommended Standard: Occupational Noise Exposure (1998) ԱՄՆ Աշխատանքի անվտանգության և առողջության վարչության «Աշխատանքային աղմուկի ազդեցության չափանիշներ» / OSHA 29 CFR 1910.95 Occupational Noise Exposure Standard (1971) ԵՄ 2003/10/EC դիրեկտիվ «Աշխատողների ֆիզիկական գործոններից (աղմուկ) առաջացող ռիսկին ենթարկվելու վերաբերյալ առողջության և անվտանգության նվազագույն պահանջների մասին» (2003) ԵՄ 2002/49/EC դիրեկտիվ «Շրջակա միջավայրի աղմուկի գնահատման և կառավարման մասին» (2002) Ֆիթնես կենտրոններում ձայնի բարձրության թույլատրելի շեմը որոշվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
2 Parandzem Voskanyan 25.10.2025 11:01:14

Ողջունելով «Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ» նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), ինչպես նաև հիմք ընդունելով այստեսակ չափորոշիչներ սահմանելու նպատակը և անհրաժեշտությունը՝ ներկայացնում եմ իմ առաջարկը՝ Նախագծով սահմանված չափորոշիչների, մասնավորապես՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի պարապելու տարածքի բարձրությունը 4-6 մետր սահմանելու պահանջի վերաբերյալ։

Այսպես, Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բոդիֆլեքս մարզական գործունեության տեսակը ևս ներառված է «ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեություն» հասկացության շրջանակում, ինչն ուղղակիորեն ենթադրում է, որ Նախագծով սահմանված՝ պարապելու տարածքի բարձրությունը 4-6 մետր սահմանելու պահանջը տարածվում է բոդիֆլեքս մարզական գործունեության տեսակի վրա ևս, ինչն օբյեկտիվորեն առնվազն համաչափ և հիմնավորված չէ ստորև նշված պատճառաբանությամբ։

Այսպես, բոդիֆլեքսը պասիվ, ոչ ինտենսիվ շնչառական վարժությունների համալիր է, որն ուղղված է օրգանիզմի թթվածնային մատակարարումը բարելավվելուն, նյութափոխանակության արագացմանը, մարմնի ձևավորմանն ու ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը նպաստելուն։

Էական կարևորություն ունի այն հանգամանքը, որ, բացառապես բոդիֆլեքսին բնորոշ առանձնահատկություններով պայմանավորված, դրանով կարելի է զբաղվել ցանկացած հարմարավետ տարածքում, այդ թվում՝ տանը, բացօթյա տարածքում (այդ մասին է վկայում նաև միջազգային փորձը), այսինքն՝ բոդիֆլեքս վարժությունների համալիրը չի պահանջում հատուկ պայմանների առկայություն, ինչպես նաև այս մարզական գործունեության պարագայում չեն կիրառվում մարզասարքեր, չեն կատարվում ուժային վարժություններ, այսինքն՝ բացակայում է որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածություն պարապողի մարմնի և/կամ օրգանիզմի վրա։

Վերը նշվածից անկհայտ է դառնում, որ բոդիֆլեքսը էականորեն տարբերվում է ֆիթնեսի տեսակ համարվող՝ Նախագծում նշված մարզական գործունեության մյուս տեսակներից, քանի որ դրանց մեծամասնությունը ենթադրում է մարզասարքերի կամ այլ հատուկ միջոցների/տեխնիկաների կիրառմամբ ուժային վարժությունների կատարում, այսինքն՝ դրանք ինտեսիվ են, ունենում են ուղղակի ֆիզիկական ճնշում մարդու օրգանիզմի և առողջության վրա, հետևաբար՝ պահանջում են հատուկ պայմանների առկայություն։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև առաջնորդվելով չափորոշիչներ սահմանելու՝ Նախագծով սահմանված անհրաժեշտությամբ, այն է՝ պարապողների առողջության համար նվազագույն ռիսկայնության ապահովման պահանջով, արձանագրենք, որ բոդիֆլեքսի և մարզական գործունեության մյուս տեսակների դեպքում պարապողների առողջության համար առաջացող հնարավոր ռիսկերը նույնական չեն, հետևաբար՝ դրանց չեն կարող ներկայացվել բացառապես նույն պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը (ՀՀՇՆ 31-03.06.2024)՝ «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին, առաջարկում եմ.

➢ բոդիֆլեքս մարզական գործունեության մարզասրահի տարածքի բարձրության նվազագույն շեմ սահմանել 2.20-3 մետրը՝ 4-6 մետրի փոխարեն։

Ի լրումն վերոգրյալի. 24.07.2025 թվականին թիվ 250724-01 գրությամբ ներկայացրել եմ առաջարկ՝ շենքային նորմերի վերաբերյալ, որում նույնպես մատնանշել եմ, որ բոդիֆլեքսի մարզասրահին պետք է ներկայացվեն առանձնահատուկ պահանջներ՝ առաստաղի թույլատրելի բարձրությունը սահմանելով 2.20-3 մետր։

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված առաջարկին որևէ անդրադարձ չի կատարվել Նախագիծը մշակելիս, անհրաժետություն է առաջացել ևս մեկ անգամ ներկայացնել իմ մասնագիտական առաջարկը արդեն Նախագծով սահմանված չափորոշիչների վերաբերյալ։

Լիահույս եմ, որ սույն առաջարկը, հանդիսանալով բազմամյա մասնագիտական փորձով հիմնավորված տեսակետ, կստանա պատշաճ արձագանք՝ համապատասխան իրավական հետևանքներով։

Կից ուղարկվում է նաև ԿԳՄՍ ուղարկված նույնաբովանդակ առաջարկը։

Դիտել կցված փաստաթուղթը

Ընդունվել է մասնակի

3 Արև Մկրտչյան 25.10.2025 23:29:31

Նախագիծը կարևոր է, քանի որ նպաստում է առողջ ապրելակերպի տարածմանը և մարզական ոլորտի զարգացմանը։ Միևնույն ժամանակ առաջարկում եմ

 

1. Չափորոշիչները ներկայացնել ավելի հստակ և հասկանալի ձևով, որպեսզի դրանք կիրառելի լինեն ոչ միայն պետական մարմինների, այլև մարզասրահների ղեկավարների ու մարզիչների համար։

 

 

2. Սահմանել նվազագույն պահանջների հստակ ցանկ, օրինակ՝ տարածքի չափ, անվտանգության պայմաններ, մարզիչների որակավորում, մաքրություն և սանիտարական նորմեր։

 

 

3. Նախատեսել վերահսկողության պարզ մեխանիզմ, որպեսզի չափորոշիչների պահպանումը լինի իրապես իրագործելի։

 

 

4. Նշել հանրային իրազեկման և խորհրդատվության քայլեր, որպեսզի նոր պահանջները հայտնի լինեն մարզասրահների սեփականատերերին ու քաղաքացիներին։

Առաջարկի 2-րդ կետի վերաբերյալ. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի «ՀՀՇՆ 31-03.06-2024 «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին»  N 09-Ն   և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի  մայիսի 17-ի ««Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր» N 534-Ն հրամաններով, ինչպես նաև սույն Նախագծով:

Առաջարկի 3-րդ կետի վերաբերյալ. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է՝ մեջբերում. «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն
իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ:»:

Առաջարկի 4-րդ կետն ընդունված է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրավական ակտն ընդունվելուց հետո կիրականացվեն հանրային իրազեկման քայլեր:

4 Սմբատ Բզնունի 30.10.2025 15:32:50

Չափորոշիչների սահմանումն անհրաժեշտ է, քանի որ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում իրականացվող մարզումները կարող են ներառել բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Ապահով չլինելու դեպքում դրանք կարող են հանգեցնել առողջական վնասների։ Նման ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանել միասնական չափորոշիչներ՝ շենքային, սարքավորումների, օդափոխության, հիգիենայի և մասնագիտական անձնակազմի որակավորման վերաբերյալ: Որոշումը համարում եմ տեղին:

Ընդունվել է ի գիտություն;

5 Միքայել Սարգսյան 30.10.2025 16:07:30

Հարգելի գործընկերներ, շատ ողջունելի եմ համարում այս ոլորտի կարգավորման և կազմակերպման ներկայացված առաջարկները։ Ստորը կներկայացնեմ կարծիքս առաջարկության տեսքով՝

 

1․ Առաստաղների բարձրության չափորոշչի վերաբերյալ դիտարկում

Ֆիթնես կենտրոնների համար առաջարկվող առաստաղի նվազագույն բարձրության սահմանումը՝ 4 մետր, միջազգային պրակտիկայում պարտադիր նորմ չէ։ Գոյություն ունեն միայն ուղեցույցային առաջարկներ՝ սկսած մոտ 2.7 մետրից, որոնք վերաբերում են ոչ թե անվտանգությանը, այլ սարքավորումների տեղադրման հարմարությանը։ Անվտանգության տեսանկյունից առաստաղի բարձրությունը նշանակություն ունի միայն սրահի օդային ծավալի և օդափոխության արդյունավետության առումով։

Հետևաբար նպատակահարմար է սահմանել ոչ թե առաստաղի ֆիքսված բարձրություն, այլ օդային ծավալի և օդափոխության հաշվարկային չափանիշներ, օրինակ՝ տարածքի քառակուսի մակերեսից և բարձրությունից կախված նվազագույն օդափոխության հզորություն։ Պետք է հաշվի առնել ինչպես մեխանիկական, այնպես էլ բնական օդափոխությունը, հատկապես նկուղային կամ փակ տարածքների դեպքում։

Բացի այդ, անհրաժեշտ է տարբերակել ֆիթնես կենտրոնների տեսակները․ օրինակ՝ մարմնամարզական և ակրոբատիկ մարզասրահներում կարող է պահանջվել ավելի բարձր առաստաղ, մինչդեռ ֆիթնես սարքավորումների, յոգայի կամ պիլատեսի սրահների համար 3 մետրը լիովին բավարար է։

 

2․ Մարզասարքերի անվտանգության և տեղակայման չափորոշիչների վերաբերյալ առաջարկություն

Առաջարկվում է ստեղծել անկախ էքսպերտային հանձնախումբ, որը կստանա լիազորություն գնահատելու և լիցենզիա տրամադրելու այն ֆիթնես սարքավորումներին, որոնք համապատասխանում են անվտանգության միջազգային կանոններին և տեխնիկական պահանջներին։ Սա թույլ կտա բացառել ոչ հավաստագրված կամ անորակ սարքավորումների օգտագործումը։

Բացի սարքավորումների որակից, կարևոր է նաև դրանց տարածական կազմակերպումը (զոնավորումը)․ անհրաժեշտ է սահմանել սարքերի տեղակայման հիմնական սկզբունքներ՝ բացառելու համար այն դեպքերը, երբ ծանր քաշերով աշխատող անձինք մարզվում են նույն հատվածում՝ գետնին պարկած վարժություններ կատարողների կամ շարժման փոքր ամպլիտուդ ունեցող խմբերի կողքին։

Վերջապես, պետք է նախատեսել մարզասարքերի տեխնիկական վիճակի պարբերական ստուգման պարտադիր կարգ, քանի որ մեխանիկական մաշվածությունը և անսարք տարրերի փոփոխությունը կարող են առաջացնել լուրջ վնասվածքների ռիսկ։ Այդ ստուգումները կարող են իրականացվել նույն էքսպերտային հանձնախմբի կամ լիցենզավորված տեխնիկական կառույցների կողմից։

 

3․ Մարզիչների լիցենզավորման և աշխատաժամերի կարգավորման վերաբերյալ առաջարկություն

Հաշվի առնելով, որ հետագայում նախատեսվում է մարզիչների լիցենզավորման համակարգի ներդրում, առաջարկվում է ֆիթնես կենտրոնների գործատուների համար սահմանել նվազագույն թվով լիցենզավորված մարզիչների պահանջ, որը կհամապատասխանի աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամերի սահմանաչափին։

Այս մոտեցումը թույլ կտա բացառել այն իրավիճակները, երբ ֆիթնես կենտրոններում մեկ մարզիչը աշխատում է շաբաթը 7 օր՝ մինչև 16 ժամ օրական, ինչը հանգեցնում է գերհոգնածության և կարող է հանդիսանալ ուղիղ սպառնալիք մարզվողների առողջության և անվտանգության համար։

 

4․ Մարզասրահների տարածքային նորմերի սահմանման վերաբերյալ առաջարկություն

Առաջարկվում է հրաժարվել մարզասրահների պարապողների թվի կամ զբաղեցրած տարածքի քառակուսի մետրերով հաշվարկման մեխանիկական սկզբունքից, քանի որ այն չի արտացոլում իրական անվտանգությունն ու ֆունկցիոնալ հարմարավետությունը։ Տարածքի չափորոշիչը կախված է ոչ թե մակերեսի մեծությունից, այլ սարքավորումների տեսակներից, տեղակայման գոտևորումից, օդափոխությունից, մարդկանց հոսքից, մարզման գրաֆիկներից, տարածքների մարդահոսքի ցիրկուլկացիայից և մարզման բնույթից։

Փոխարենը նպատակահարմար է ներդնել ֆունկցիոնալ և ռիսկերի վրա հիմնված մոտեցում, ըստ որի մարզասրահի նախագծման և լիցենզավորման ընթացքում պետք է գնահատվի՝

  • սարքավորումների խտությունը և դրանց միջև պահպանվող անվտանգության շառավիղը,
  • շարժման ուղղությունները և մարդկանց շրջանառության ազատությունը,
  • օդափոխության և լուսավորության մակարդակը,
  • ինչպես նաև մարզիչ-մարզվող հարաբերակցությունը։

Այսպիսի մոտեցումը թույլ կտա ապահովել իրական անվտանգություն և արդյունավետություն՝ առանց տարածքը մեխանիկորեն սահմանելու քառակուսի մետրերով։

 

5․ Առաջին բուժօգնության և բժշկական պատրաստվածության ապահովման վերաբերյալ առաջարկություն

Առաջարկվում է սահմանել ֆիթնես կենտրոնների ողջ անձնակազմի՝ ոչ միայն մարզիչների, այլև ցանկալի է ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատողների համար նախատեսված՝ պարբերական բժշկական ուսուցման դասընթացներ, ներառյալ առաջին բուժօգնության հիմունքները, շտապ արձագանքման ալգորիթմները և վնասվածքների կանխարգելման մեթոդները։

Դասընթացների պարբերականությունը նպատակահարմար է սահմանել առնվազն տարին մեկ անգամ, իսկ անցկացման ձևաչափը՝ սերտիֆիկացված կազմակերպությունների կամ Առողջապահության նախարարության կողմից ճանաչված կենտրոնների միջոցով։

Բացի դրանից, յուրաքանչյուր ֆիթնես կենտրոնում պարտադիր պետք է ապահովված լինի առաջին բուժօգնության համար անհրաժեշտ մինիմալ դեղատուփ, վիրակապական և ախտահանիչ միջոցներ, ինչպես նաև վթարային իրավիճակների համար նախատեսված հասանելի և նշագրված անկյուն կամ պահարան։

Այս պահանջը նպատակ ունի բարձրացնել մարզվողների անվտանգության մակարդակը և ապահովել արագ արձագանք հնարավոր առողջական միջադեպերին՝ մինչև շտապ օգնության ժամանումը։

  1. Ֆիթնես կենտրոնների պարապելու սրահների և մարզասրահների առաստաղի բարձրությունը սահմանվել է՝ հիմք ընդունելով   Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի «ՀՀՇՆ 31-03.06-2024 «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 09-Ն հրամանը: 

    2 Ֆիթնեսի մարզիչները, որոնք աշխատելու են մարզասարքերով, պետք է տիրապետեն մարզասարքերի շահագործմանը, իսկ մարզասարքերի տեխնիկական վիճակի պարբերական ստուգումների լիազորությունը որևէ լիցենզավորված տեխնիկական կառույցի պատվիրակելու   հարցը   նպատակահարմար է քննարկել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ

    3.մարզիչների աշխատանքային ժամերի նորմավորումը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով:

     4. Նախագծով մեկ անձին և  մեկ մարզասարքին հատկացվող տարածքները հաշվարկելիս հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի «ՀՀՇՆ 31-03.06-2024 «Մարզական նշանակության օբյեկտներ. ծածկված շենքեր և համալիրներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 09-Ն հրամանը:                 

    5     Ֆիթնեսի մարզիչների հավաստագրման դասընթացների ընթացքում  կնախատեսվի առաջին բժշկական օգնության դասաժամեր:

    Ինքըստինքյան հասկանալի է, որ ֆիթնես պարապմունքի ժամանակ լինելու է առաջին բժշկական օգնության տրամադրման հնարավորություն, բժշկական անկյուն կամ պահարան:

6 Արմեն Ալավերդյան 02.11.2025 20:41:34

Արմեն Ալավերդյան

Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը՝ ֆիթնես կենտրոնների համար չափորոշիչները, որոնք կնպաստեն բնակչության առողջության խթանմանը։ Նախագծի իրականացումը կարևոր քայլ է՝ ապահովելու ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում իրականացվող մարզաառողջարարական գործունեության բարձր որակը և մարզվողների առողջության համար նվազագույն ռիսկայնությունը։

Հիմք ընդունելով նշված նպատակը՝ ներկայացնում եմ հետևյալ առաջարկները:

1. Մարզիչների որակավորման բարձրացում՝

 • Սահմանել պարտադիր կարգ, ըստ որի ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում կարող են աշխատել միայն այն մարզիչները, ովքեր ստացել են համապատասխան մասնագիտական կրթություն՝

<<Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ>> ում կամ հավաստագրված այլ կրթական հաստատությունում։

  • Հատուկ ուշադրություն դարձնել մարզիչների՝ վնասվածքներից պաշտպանման և առաջին բուժօգնության գիտելիքներին։

 • Կարևոր է, որ մարզիչներն ունենան ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև բարձր մտավոր և մասնագիտական մակարդակ, ինչը կնպաստի ավելի խելացի և անվտանգ մարզական միջավայրի ձևավորմանը։

2. Սանիտարահիգիենիկ պայմանների պահպանում՝

 • Պահանջել օդափոխության, ջերմաստիճանի և խոնավության նորմերի պահպանում։

 • Կազմակերպել պարբերական մաքրում և ախտահանում՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով։

3. Միջավայրի մատչելիություն՝

 • Նախատեսել ֆիթնես կենտրոնների հարմարավետ և անվտանգ մատչելիություն բոլոր անձանց համար, ներառյալ՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող քաղաքացիներին։

4․Սարքավորումների տեխնիկական անվտանգություն՝

 • Սահմանել սարքավորումների պարբերական ստուգման և սպասարկման կարգ։

 • Արգելել վնասված կամ ոչ ստանդարտ սարքավորումների օգտագործումը։

․Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության որակի բարձրացմանը, մարզիչների մասնագիտական մակարդակի կատարելագործմանը և ամենակարևորը, բնակչության առողջության պահպանմանն ու առողջ ապրելակերպի տարածմանը։

1.

  • Մշակվելու է ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման կարգ: կարգում կսահմավեն մարզիչների համար պարտադիր պահանջներ՝ այդ թվում նաև մարզիչների մասնագիտական կրթության պահանջը:
  • մարզիչների հավաստագրման դասընթացների ընթացքում կնախատեսվի առաջին բուժօգնության դասընթացներ:

2. Սանիտարահիգիենիկ պայմանները, օդափոխության ջերմաստիճանի, խոնավության նորմերը սահմանված են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

3.

. Ընդունելի է

4.

. Սարքավորումների պարբերական սուգման և սպասարկման կարգը կքննարկվի շահագրգիռ  մարմինների ներկայացուցիչների հետ:

7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2025 23:03:11

Առաջարկում ենք նախագծում ամրագրել, որ բոլոր ֆիթնես կենտրոնները և մարզասրահները պարտավոր են ապահովել ֆիզիկական, տեղեկատվական և հաղորդակցական մատչելիություն՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի։

Ընդունելի է:

8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2025 23:03:11

Առաջարկում ենք նախագծում ընդծել, որ այս կանոնները տարածվում են նաև ադապտիվ ֆիթնես կենտրոնների և մարզասրահների վրա, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար և կիրառում են հատուկ սարքավորումներ։

Ընդունելի է

9 Կարեն Պապյան 03.11.2025 14:06:24

Շատ տեղին է նման չափորոշիչների սահմանումը:

Ընդունվել է ի գիտություն

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: