ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` ՀՀ-ում։ Այսօր առավել տարածված է համացանցային հավելվածների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։
2024թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 3639 դեպք, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 1910-ը դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3047 դեպք։
2025թ․ ութ ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2526 դեպք, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 1298-ը դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2149 դեպք։
Ընդհանուր առմամբ բացահայտվել է Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպական երկրներից դեպի Հայաստան թմրամիջոցների մաքսանենգության 20 դեպք (2024թ․՝ 11), որի արդյունքում առգրավվել է շուրջ 80 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց` հիմնականում մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն և հերոին։
2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննության արդյունքների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավել թմրամիջոց։ Այն կազմել է 301 կիլոգրամ (նախորդ տարի՝ 150 կգ)։ Նշված 301 կիլոգրամից 31 կգ-ը սինթետիկ ծագման թմրամիջոցներ են, 1,5 կիլոգրամը՝ ափոին, 1,5 կգ-ը՝ կոկաին։
2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի արձանագրվել է այդպիսի 321 դեպք, որոնցից 72-ը՝ իրացման, 249-ը՝ ձեռքբերման դեպքեր են։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել են թվով 30 տելեգրամյան հարթակներ։
Ըստ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառումների՝ տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը (2018թ.-6951, 2019թ.-7209, 2020թ.-7392, 2021թ.-7570, 2022թ.-7738):
Իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված և փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաև 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմանակնում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում։ Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։
ՀՀ-ում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք։
Ինչ վերաբերում է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, ապա՝ 2024 թվականին արձանագրվել է 109 դեպք (2023թ․՝ 94։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 15 դեպք կամ 16%։ 2025 թ․ ութ ամիսների ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը կազմել է 91 դեպք։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել։
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 394-րդ հոդվածների 2-րդ մասում՝ նախատեսվում է ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 3-րդ մասում՝ առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը։
Նախագծով թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում սահմանվում են նաև հանցանքը անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կատարելը և հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վեաբերյալ կարգավորումներ։
Հաշվի առնելով, որ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել հանրային վտանգ ներակայացնող դեպքերն են՝ նախագծով նախատեսվում է նաև խստացնել ապօրինի կերպով հրազեն կրելու համար նախատեսված պատժաչափը։
3․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առավել կխստացվի ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու՝ համար նախատեսված պատժաչափը։
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում․
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը նախապատրաստվել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրով նախատեսված 5․1 ուղղությունից։ Նախագիծը նախապատրաստվել է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1671-Լ որոշման հավելվածի միջոցառումների 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով։
ՀՀ ներքին գործերի նախարարություն