ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից փոստային կապի բնագավառում իրականացվող փոստային կապի գործունեության ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.
1) «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում և իրականացնում է (…) փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման, (…) գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Վերոգրյալից հետևում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հանդիսանում է «փոստայի կապի գործունեության ոլորտում» Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմին, որը պատասխանատու է ոլորտային քաղաքականության մշակման և իրագործման գործընթացի համար։
Նշվածը վկայում է այն մասին, որ Նախարարությունն ունի և իրավասություն, և պատասխանատվություն՝ ապահովելու փոստային կապի գործունեության ոլորտի արդյունավետ կառավարումը՝ համապատասխան պետական քաղաքականության շրջանակում։
«Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (…) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:
Վերոնշյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ փոստային կապի գործունեության իրականացման համար տրամադրվող լիցենզիայի կասեցման կամ դադարեցման իրավասու մարմինը հանդիսանում է միայն այն լիազորված պետական կառավարման մարմինը, որը համապատասխանաբար տրամադրել է տվյալ լիցենզիան։ Այլ մարմնի կողմից նման լիազորությունների իրացումը դուրս կգա օրենսդրությամբ սահմանված իրավական շրջանակներից և կհակասի իրավական կարգավորման տրամաբանությանը։
Այսպիսով, Լիազորված մարմինը ոչ միայն իրականացնում է լիցենզավորման գործընթացը, այլ նաև հանդիսանում է միակ իրավասու սուբյեկտը՝ տվյալ լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցերում։
«Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-31-րդ մասերի համաձայն՝ սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաև փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները, սուրհանդակային կապի օպերատոր՝ միջազգային սուրհանդակային կապի օպերատոր կամ ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները:
«Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն՝ փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների խախտման դեպքում:
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի՝ «Փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 1113-Ն, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի՝ «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային կապի օպերատորից, ինչպես նաև փոստային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 211-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի թիվ «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշումներով սահմանված են այն պայմանները և պահանջները, որոնք պետք է պահպանվեն փոստային կապի, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորների գործունեության ընթացքում:
Հարկ է նկատի ունենալ, որ փոստային կապի բնագավառում ամրագրված պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանումը, հավաստումը հնարավոր կլինի իրականացնել ստուգման ենթակա օբյեկտներ այցելելու և տեղում համապատասխան պահանջների կատարումն արձանագրելու ճանապարհով: Նշված ընթացակարգը ՀՀ օրենսդրությամբ նկարագրված է որպես ստուգումներ, որոնց իրականացումը կարգավորվում է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով (այսուհետև՝ Օրենք):
Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսպիսով, փոստային կապի բնագավառում ստուգումներ պլանավորելու և անցկացնելու համար անհրաժեշտություն է առաջացել հաստատելու նշված ոլորտում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթը, որն էլ առաջարկվում է իրականացնել սույն նախագծի շրջանակներում:
2.Ակնկալվող արդյունքը.
Ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման արդյունքում բացահայտել ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումներով սահմանված պահանջների խախտման դեպքեր, գործադրել միջոցներ՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումը կանխելու և նվազեցնելու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցվող հնարավոր վնասի հավանականությունը նվազեցնելու վերաբերյալ։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
4․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Փոստային կապ» բաժնի դրույթներից:
-
Discussed
13.10.2025 - 28.10.2025
-
Type
Decision
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 768
Print