Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն  օրենքի (այսուհետև՝ Օրենք) ընդունմամբ։

Մասնավորապես, Օրենքով նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ (այսուհետև՝ թվային համակարգ)։ Ընդ որում, նախատեսվում է, որ 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով։

Միաժամանակ, Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է «2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով) մուտքագրման պահին գործող պայմաններով: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:»։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը։

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծով նախատեսվում է սահմանել՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը։

Միաժամանակ գործող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) թվային համակարգ մուտքագրելու և թվային ստորագրությամբ ստորագրելու համար Նախագծով նախատեսվում է 12-ամսյա ժամկետ։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ Վարչապետի աշխատակազմի ցանկի 8-րդ կետի պահանջներից, որով նախատեսված է «Աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում» միջոցառումը:

 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքված աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։

  • Թվային համակարգը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը և զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից։
  • Թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը:
  • Թվային համակարգին ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների հասանելիության շնորհիվ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ կիրականացվի, ինչպես նաև օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում հարկային հսկողություն կիրականացվի աշխատողի համար հաշվարկված և վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական և պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ։
  • Թվային համակարգին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հասանելիության շնորհիվ հնարավոր կլինի պարզել, արդյոք գործատուների կողմից «Օտարերկրացիների մասին» օրենքի դրույթները չեն խախտվում, հաշվի առնելով այն, որ օտարերկրացիներին ՀՀ-ում աշխատանքային գործունեության հիմքով տրամադրվում կամ երկարաձգվում է ժամանակավոր կացության կարգավիճակը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներին տրամադրվում է ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, քանի որ աշխատանքային պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նշված օրենքի դրույթների խախտումները գործատուների կողմից բազմաթիվ են, ինչն էլ նպաստում է անօրինական միգրացիայի ծավալների աճին։

Այս նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ։

  • Discussed

    13.10.2025 - 29.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Job and employment, Cultural

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2065

Print

Suggestions

Սաթենիկ Գասպարյան

15.10.2025

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ իմ ներքոնշյալ առաջարկությունները. 1. Կարգի 9-րդ կետում նշված են աշխատանքային պայմանագրում պարտադիր և ոչ պարտադիր լրացման դաշտերը: Պարտադիր լրացման դաշտերից է նաև «աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները.»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերության համաձայն՝ լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Նշվածից հետևում է, որ լրավճարը դա լրացուցիչ աշխատավարձ է, որը պարտադիր չէ, որ նախատեսված լինի աշխատանքային պայմանագրոով ու սահմանվի ամեն ամիս կամ հենց աշխատանքի ընդունվելուց: Գործատուն, իր հայեցողությամբ, կարող է երբ և որքան ցանկանա լրավճար վճարել ցանկացած աշխատողի, և լրավճար չվճարելու համար աշխատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ: Օրինակ՝ գործող աշխատանքային պայմանագիրը համակարգ ներմուծելու օրը (ամիսում) աշխատողին տրվում է լրավճար, սակայն հաջորդ ամիս այլևս չի տրվելու (գործատուն անհատական իրավական ակտով սահմանել է կոնկրետ ժամանակահատված), իսկ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի էլեկտրոնային եղանակով իրականացվելու են միայն աշխատանքային պայմանագրի կնքման, պայմանագրում փոփոխություններ կատարելու և աշխատանքից ազատման հետ կապված գործողություններ: Այս պարագայում կարծում եմ անհրաժեշտություն չկա պարտադիր նշել լրավճարի մասին, իսկ եթե, այնուամենայնիվ, օրենսդիրը գտնում է, որ լրավճարը պարտադիր պետք է նշվի, ապա անհրաժեշտ է այլ կարգավորումներ ևս սահմանվեն, որպեսզի ոչ միայն նախագծի ընդունմամբ ներկայացվող ակնկալվող արդյունքն արդարացված լինի, այլ նաև աշխատողի մոտ էլ թյուր տեղեկություն չլինի իր աշխատավարձի վերաբերյալ՝ լրավճարի մասով, և գործատուն ստիպված չլինի յուրաքանչյուր աշխատողի վերը նշված հիմնավորումները ներկայացնել: 2. Հաշվի առնելով, որ Կարգի 11-րդ կետով հղում է կատարվում Կարգի 9-րդ կետի 18-րդ ենթակետին, իսկ 19-րդ կետով նույն կետի 1-3-րդ ենթակետերին, ուստի անհրաժեշտ է 9-րդ և 19-րդ կետերի ենթակետերը համարակալել:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: