ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
|
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
_____ ___________ 2025թ․ N ____ Ն
|
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
_____ _____________ 2025թ․ N ____ Ն |
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով՝
հ ր ա մ ա յ ու մ ե ն ք․
1․ Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
|
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ |
Հավելված
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
2025 թվականի _____________ _______-ի N ______-Ն համատեղ հրամանի
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
1․ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով հաստատվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցը։
- Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
- Օրենք՝ «Զբոսաշրջության մասին» օրենք․
- Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 6-7-րդ կետերով սահմանված անձինք կամ այդ անձանցից որևէ մեկը․
- Հաշմանդամություն ունեցող անձ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձ․
- Մատչելիություն (accessibility)՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի․
- Մատչելի զբոսաշրջություն (accessible tourism)՝ զբոսաշրջություն, որը ենթադրում է շահագրգիռ կողմերի հետ համատեղ Համընդհանուր դիզայնի կիրառում, որը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ՝ տեղաշարժման, տեսողության, լսողության և հոգեկան և մտավոր խնդիրները, գործել ինքնուրույն և հավասար հիմունքներով՝ մատչելի ապրանքների, ծառայությունների և շրջակա միջավայրի ապահովման միջոցով․
- Մատչելի սենյակ (accessible guest room)՝ մատչելի պայմաններ ունեցող սենյակ, որում հնարավոր է տեղավորել հաշմանդամություն ունեցող անձանց, և որը նպաստում է նրանց ինքնուրույն տեղաշարժին, հարմարավետությանը և անվտանգ միջավայրին․
- Համընդհանուր դիզայն (Universal Design)՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի․
- Աջակցող շուն (assistance dog)՝ մասնագետների կողմից հատուկ վարժեցված շուն՝ հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալ խնդիրները մեղմելուն ուղղված առաջադրանքներ կատարելու համար․
- Խելամիտ հարմարեցումներ (reasonable accommodation)՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի․
- Սպառող՝ Սույն հավելվածով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի ծառայություններից օգտվող անձ․
- Աջակցության ծառայություններ՝ պրոթեզների կամ օժանդակ սարքերի վերանորոգման, վարձակալության և փոխարինման վայրեր, աջակցող շների կլինիկաներ և մասնագիտացված բժշկական հաստատություններ, դեղատներ և անձնական խնամքի հնարավորություններ։
- Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորումների և շահագրգիռ այլ կողմերի համար՝ նպատակ ունենալով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունների մատչելիության ապահովմանը։ Ուղեցույցում ներառված են հիմնական սկզբունքները, մոտեցումները և գործնական խորհուրդները, որոնք կարող են նպաստել բոլորի համար մատչելի, հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով զբոսաշրջային միջավայրի ձևավորմանը։
- Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է չափանիշներ «բոլորի համար մատչելի զբոսաշրջության» սկզբունքով՝ հանդիսանալով ուղենիշային փաստաթուղթ և նպատակ ունենալով զբոսաշրջությունը հավասարապես հասանելի դարձնել տարբեր տարիքի և կարողություններով հնարավորինս լայն շրջանակի մարդկանց համար։
2․ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՄԱՏՉԵԼԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Զբոսաշրջային ծառայությունները մշակվում են՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները՝
- ապահովում են մատչելիության տարբեր պահանջներ, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկները ․
- տրամադրվում են հավասար հիմունքներով կամ, անհրաժեշտության դեպքում, խելամիտ հարմարեցումների միջոցով․
- ապահովում են սպառողների անվտանգությունը․
- Մատչելի զբոսաշրջային ծառայությունները պետք է
- լինեն ճկուն և տան ընտրության հնարավորություն․
- բավարարեն բոլոր սպառողներին (օրինակ՝ մատչելի մենյուներ, հաստատություններում առկա մատչելի տարածքներ, լսողական սարքեր)․
- հասանելի լինեն առանց լրացուցիչ վճարների, խելամիտպահանջներով։
3․ՄԱՏՉԵԼԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձը պետք է որդեգրի ընդհանուր մոտեցում զբոսաշրջիկին մատուցվող ծառայությունների՝ համընդհանուր դիզայնին համապատասխանելու և գործընթացների՝ բոլորի համար ներառական և մատչելի լինելու վերաբերյալ: Սա կարող է հանգեցնել մատակարարման շղթայի բացերի վերլուծությանը (ամենաթույլ օղակի հայտնաբերմանը), որի շնորհիվ կբացահայտվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, քանի որ զբոսաշրջային շղթան պետք է բավարարի բոլորի կարիքները՝ սկսած ամենաթույլ օղակից։
- Սպառողների սպասարկման բոլոր կետերը պետք է լինեն մատչելի՝ սկսած մեկնարկային փուլից, որը ներառում է տեղեկատվության ստացումը և ամրագրումը, ուղևորության նախապատրաստումը և իրականացումը, տեղում առաջարկվող ծառայությունների մշակումն ու կազմակերպումը և սպառողների հետ հարաբերությունների ընդհանուր կառավարումը:
- Մատչելի ծառայությունների մշակման գործընթացում առաջնահերթություն է համարվում սպառողների՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գրասենյակ կամ օբյեկտ մուտք գործելու պահանջները պատշաճ կերպով բավարարելը, ծառայությունների շղթայի բոլոր օղակների համագործակցությունը՝ հաճախորդների համար չընդհատվող և մատչելի ծառայությունների շղթա մատուցելու նպատակով։
- Զբոսաշրջային արդյունքն ու ծառայությունները պետք է մշակվեն համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան:
- Համընդհանուր դիզայնի սկզբունքներն են՝
- Հավասար կիրառելիություն (Equitable Use)՝ բոլոր սպառողների համար ապահովել նույնական կամ համարժեք հնարավորություններ, խուսափել սպառողների մեկուսացումից, ապահովել գաղտնիության, անվտանգության և ապահովության պայմանները բոլոր սպառողների համար, ապահովել արտաքին ձևավորման ընկալման հասանելիություն բոլոր սպառողների համար․
- Ճկուն կիրառելիություն (Flexibility in Use)՝ սպառողների համար ապահովել օգտագործման տարբեր եղանակների ընտրություն, աջ կամ ձախ ձեռքով աշխատելու հնարավորություն, ապահովել հարմարվողականություն սպառողի արագությանը․
- Պարզ և ինտուիտիվ օգտագործում (Simple and Intuitive Use)՝ վերացնել ավելորդ բարդությունները, ծառայությունները համապատասխանեցնել սպառողների հնարավորություններին, ապահովել հարմարվողականություն տարբեր մտավոր հնարավորություններ և լեզվական կարողություններ ունեցող սպառողներին, տեղեկատվությունը դասավորել՝ ըստ առաջնահերթության և կարևորության․
- Ընկալելի տեղեկատվություն (Perceptible Information)՝ տեղեկատվության ներկայացման համար ապահովել տարբեր հնարավորություններ՝ պատկերավոր, բանավոր և շոշափելի, ապահովել տեղեկատվության ընթեռնելիությունը, նշանները տարբերակել այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ նկարագրել, ապահովել համատեղելիություն կամ կապ տարբեր սարքերի հետ․
- Սխալների հանդուրժողականություն (Tolerance for Error)՝ ապահովել վտանգի, սխալների մասին նախազգուշացումը, անվտանգության նորմերի պահպանումը․
- Ցածր ֆիզիկական ջանք (Low Physical Effort)՝ ապահովել նվազագույն ֆիզիկական ջանք գործադրելու հնարավորությունը, նվազեցնել կրկնվող գործողությունները․
- Մոտեցման և օգտագործման համար չափեր ու տարածք (Size and Space for Approach and Use)՝ ապահովել տեսանելիությունը կամ հասանելիությունը բոլոր սպառողների համար՝ նստած, թե կանգնած, ապահովել բավարար տարածք՝ աջակցող սարքեր կամ անհատական աջակցություն օգտագործելու համար։
- Եթե հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցում է Աջակցող շունը, ապա, անկախ ներքին կանոնակարգերով նախատեսված սահմանափակումներից, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը ապահովում է հաշմանդամություն ունեցող անձի մուտքը և գտնվելը իր գրասենյակում կամ իր կողմից շահագործվող օբյեկտում կենդանու ուղեկցությամբ, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
- Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գրասենյակի կամ վերջինիս կողմից շահագործվող օբյկետի մուտքի մոտ, որտեղ մարդիկ հերթ են կանգնում, պետք է մուտքի արտոնություն տրվի հաշմանդամություն ունեցող անձանց։
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձը ապահովում է, որ մատչելիությունը լինի սպառողների սպասարկման իր ծրագրերի և, անհրաժեշտության դեպքում, ռազմավարական ծրագրերի կամ հանձնառությունների անբաժանելի մասը։
- Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը պետք է՝
- պարզի առաջարկվող ծառայությունների նկատմամբ կիրառվող իրավական պահանջները․
- պարզի, թե ինչպես են այդ պահանջները կիրառվում առաջարկվող ծառայությունների նկատմամբ․
- համոզվի, որ այս իրավական պահանջները հաշվի են առնվում իր ծառայություններն առաջարկելիս․
- ապահովի, որ սպառողի հետ շփման առաջին գծում աշխատողն անցնի հաշմանդամության իրազեկման թեմայով վերապատրաստում, որպեսզի կարողանա համապատասխան տեղեկատվություն և օգնություն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց․
- բացահայտի մատչելիության խոչընդոտները, որոնց կարելի է հանդիպել ինչպես այցելության, այնպես էլ ողջ ճանապարհորդության ընթացքում և նշի այդ խոչընդոտները հանրությանը հասանելի տեղեկատվության մեջ․
- մշտադիտարկի մատուցվող ծառայությունները՝ շարունակաբար բարելավելով դրանք՝ հիմնվելով սպառողների և իր աշխատակիցների արձագանքների վրա:
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձը մշակում է մատչելիության ծրագիր և այն ներառում իր աշխատանքային և սպառողների սպասարկման ծրագրերում, այդ թվում՝ իր կողմից շահագործվող վայրերի՝ գրասենյակների կամ օբյեկտների գործունեության համար։
- Մշտադիտարկման համակարգը կարող է ընդգրկել հետևյալ միջոցառումները՝
- տեղեկատվության հետևողական, կանոնավոր հավաքագրում և գնահատում․
- հավաքված տեղեկատվության ճշգրտություն․
- խնդրահարույց հարցերի վերանայում և խնդիրների լուծում․
- բողոքների հետ աշխատելու ընթացակարգեր․
- պարգևատրման համակարգ, անհրաժեշտության դեպքում։
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձը իր ծառայությունների մշտադիտարկում իրականացնելիս պետք է ներգրավի մատչելի միջավայրի կարիք ունեցող մարդկանց լայն շրջանակի, շահագրգիռ կողմերի և մատչելի միջավայրի հարցերով խորհրդատուների՝ բոլորի կարիքները հաշվի առնելու և մատչելիության տարբեր խոչընդոտները լավագույնս բացահայտելու համար։
- Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը հաշմանդամություն ունեցող սպառողներին ծառայություն մատուցելու համար պետք է ապահովի՝
- իր գրասենյակի կամ օբյեկտի հիմնական մուտքին մոտ հատուկ մատչելի ավտոկայանատեղերի տեղակայում` շենք կամ հաստատություն հեշտ մուտք գործելու համար մատչելի ուղիներով.
- հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար բավարար թվով նախատեսված մատչելի կայանատեղի(ներ)ի տրամադրում.
- կայանատեղիի մուտքից մինչև նշանակված կայանատեղեր ուղղորդող ցուցանակ և նշանակված կայանատեղերում համապատասխան ցուցանակ.
- դեպի գրասենյակներ կամ օբյեկտներ մուտքի հասանելիության, այդ թվում՝ թեքահարթակների առկայություն։
4․ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՄԱՏՉԵԼԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է․
- լինի պարզ և հասկանալի․
- թարմ և հուսալի․
- լինի հասանելի տարբեր ձևաչափերով, ներառյալ այլընտրանքները (օրինակ՝ ոչ միայն տեքստով, այլ նաև աուդիո, Բրայլյան կամ այլ ձևաչափերով)․
- համապատասխանի համընդհանուր դիզայնի սկզբունքներին․
- լինի անվճար։
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձը պետք է՝
- ընդհանուր տեղեկատվության տրամադրման շրջանակում ապահովի իր կողմից շահագործվող օբյեկտների և մատուցվող ծառայությունների մատչելիության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը․
- սահմանի հաշմանդամություն ունեցող սպառողների համար ընդհանուր և (կամ) մատչելի հաղորդակցման հնարավորություններ․
- տրամադրի համապատասխան աշխատակիցներին կամ գործընկերներին իր օբյեկտի կամ գրասենյակի և ծառայությունների մատչելիության վերաբերյալ տեղեկատվություն․
- տրամադրի ճշգրիտ նկարագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող սպառողների համար գովազդվող օբյեկտների և ծառայությունների մատչելիության վերաբերյալ․
- սահմանի իր կողմից մատուցվող ծառայությունների և շահագործվող օբյեկտների մատչելիության վերաբերյալ բողոքների հետ աշխատելու թափանցիկ ընթացակարգեր:
- Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները և զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունները պետք է տեղեկատվություն տրամադրեն հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար մատչելի տեղական աջակցության ծառայությունների մասին:
- Գրավոր հաղորդակցության շրջանակում, այդ թվում՝ թերթոններ, քարտեզներ, ճաշացանկեր, հաշիվներ և այլ տեղեկատվական նյութեր տրամադրելիս պետք է՝
- օգտագործվեն պարզ նախադասություններ՝ հաշվի առնելով հետևյալը՝
ա․ ինֆորմատիվ վերնագրեր՝ տեքստը մասերի բաժանելու համար,
բ․ պարզ և հասկանալի բովանդակություն,
գ․ հապավումների բացատրություն,
դ․ կարճ, պարզ բառերի, կարճ նախադասությունների և պարբերությունների օգտագործում,
ե․ տեքստը ավելորդ բառերով ծանրաբեռնելու բացառություն,
զ․ նույն տերմինը տարբեր հասկացությունների կամ առարկաների համար չօգտագործելը,
է․ յուրաքանչյուր պարբերությունում միայն մեկ թեմայի մասին խոսելը,
ը․ օրինակների օգտագործում,
թ․ անհրաժեշտության դեպքում ցուցակների օգտագործում,
ժ․ բարդ նյութի ըմբռնումը հեշտացնելու համար աղյուսակների օգտագործում.
- ապահովվի տրամաբանական հաջորդականությունը․
- անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել պատկերներ, նկարազարդումներ կամ լուսանկարներ, գրաֆիկական սիմվոլներ․
- օգտագործել հաստատական նախադասություններ ժխտականների փոխարեն․
- հրապարակել տեքստը ընթեռնելի և պատշաճ չափի տառատեսակով․
- խուսափել շեղատառերից, ընդգծումներից, տեքստի հավասարեցումից՝ ըստ լուսանցքների և միայն մեծատառերի օգտագործումից․
- օգտագործել տարբեր գույներ (այսինքն՝ կոնտրաստային գույներ ֆոնի և տեքստի համար)։
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք պետք է ապահովեն տեղեկատվության հաղորդումը տարբեր եղանակներով, այդ թվում՝ գրավոր, տեսողական և լսողական միջոցներով։
- Բանավոր հաղորդակցվելիս, օրինակ՝ զրույցներ, շնորհանդեսներ, ելույթներ, ձայնային հաղորդագրություններ, ձայնային ազդանշաններ, ինչպիսիք են՝ հանրային հայտարարությունները և զգուշացումները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք պետք է ապահովեն՝
- դանդաղ և հստակ խոսք․
- հաղորդագրության գրավոր տարբերակի առաջարկ նրանց համար, ովքեր չեն կարող լսել կամ խոսել։
- համապատասխան տեղեկատվության՝ տրամաբանական հաջորդականությամբ տրամադրում․
- լավ լուսավորություն, որպեսզի ժեստերն ու դեմքի արտահայտությունները հստակ տեսանելի լինեն։
- անհրաժեշտության դեպքում առաջարկեն բանավոր տեղեկատվության սուրդոթարգմանություն (օրինակ՝ շնորհանդեսների կամ ելույթների ժամանակ)։
5․ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ
- Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման ծրագրերը, բոլոր հաճախորդներին մատուցվող ծառայությունների մշտական բարելավմանը հասնելու համար, պետք է ուղղված լինեն հասանելիության, մասնավորապես՝ ֆիզիկական, մշակութային, տեղեկատվական, հաղորդակցական և այլ խոչընդոտների վերացմանը, խթանեն մատչելի զբոսաշրջության տեսլականը՝ որպես հիմնական բիզնես հնարավորություն ուղղությունների և մասնավոր հատվածի համար:
- Պետական կառավարման մարմինների կողմից կազմակերպվող կամ աջակցություն ստացող վերապատրաստման ծրագրերը պետք է ներառեն զբոսաշրջության և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրության, հաղորդակցության, մատչելիության խթանման և լավագույն փորձի ուսումնասիրության մասին տեղեկատվություն։
- Վերապատրաստման ծրագրերի մշակման գործընթացքում պետք է ներգրավվեն հետևյալ մարմինները կամ կազմակերպությունները կամ անձինք՝
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը․
- զբոսաշրջության բնագավառում սույն օրենքով սահմանված լիազորություններ կրող իրավասու պետական մարմինը․
- զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորումները․
- մատչելիության խորհրդատուներ և այլն։
- Վերապատրաստման ծրագրերի մշակման գործընթացում պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները՝
- մատչելի զբոսաշրջության քաղաքականություն.
- կիրառելի կարգավորող գործիքներ.
- գնահատման և պատժամիջոցների մեխանիզմներ.
- պարգևներ և խրախուսանքներ.
- մատչելի զբոսաշրջության չափորոշիչ․
- որակի չափանիշներ՝ ցուցանիշներ, աուդիտի և մոնիտորինգի մեխանիզմներ:
6․ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն ուղեցույցը մշակվել է «Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ․ Զբոսաշրջություն բոլորի համար․ Պահանջներ և հանձնարարականներ» ԻՍՕ 21902:2021 ստանդարտի հիման վրա։
- Սույն հավելվածի 32-րդ կետով սահմանված ստանդարտին ներդաշնակ մշակված ազգային ստանդարտի կիրառումը պարտադիր կլինի հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար։
-
Discussed
13.10.2025 - 28.10.2025
-
Type
Joint order
-
Area
Social welfare, Economical, Consumer
-
Ministry
Ministry of Economy
Views 975
Print