«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
2024 թվականին Ֆինանսների նախարարությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հետ համատեղ, նախաձեռնել էր «Պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության մասին» հայեցակարգային մոտեցումների մշակման աշխատանքները: Հայեցակարգային մոտեցումներով սահմանվել էին Հայաստանի Հանրապետությունում պետական մասնակցությամբ ընկերությունների (այսուհետ՝ ՊՄԸ) սեփականության քաղաքականության սկզբունքները՝ ելնելով հանրային միջոցների արդյունավետ կառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և մրցակցային հավասար դաշտի երաշխավորման ՀՀ կառավարության նպատակներից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը՝ հիմնվելով հայեցակարգի վրա, հանձնառություն է ստանձնել մշակելու ՊՄԸ-ների սեփականության միասնական քաղաքականությունը՝ հստակություն ապահովելու պետության՝ որպես սեփականատիրոջ նպատակների, առաջնահերթությունների և դրանց հասնելու համար կիրառվելիք ռազմավարական գործիքակազմի ուղղություններով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են թվով 184 պետական և համայնքային մասնակցությամբ ընկերություններ: Առկա է նաև 19 ընկերություն, որտեղ պետությունն ունի մինչև 50 տոկոս մինորիտար բաժնեմաս: Ընկերությունները հիմնականում գործում են այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, ջրային տնտեսությունը:
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ՊՄԸ-ները և մինորիտար մասնակցությամբ ընկերությունները (այսուհետ՝ ՄՄԸ) կարևոր դեր են խաղում հանրային ծառայությունների մատուցման, ռազմավարական ոլորտների զարգացման, տնտեսական ակտիվության խթանման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կայունության ապահովման մի շարք ոլորտներում: Այնուամենայնիվ, ներկայումս բացակայում է իրավական ուժ ունեցող միասնական փաստաթուղթ, որը կհստակեցնի պետության՝ որպես սեփականատիրոջ (բաժնետիրոջ) դերը, նպատակները, առաջնահերթություններն ու գործառույթները, ինչպես նաև՝ կառավարման ռազմավարական մոտեցումները:
Գործող մեխանիզմների բազմազանությունը, իրավակարգավորումների մասնատված բնույթը և կիրառվող մոտեցումների անհամաչափությունը խոչընդոտում են պետության կողմից ՊՄԸ-ների նկատմամբ արդյունավետ վերահսկողության և ռազմավարական կառավարման իրականացումը։ Այս իրողությունները նաև սահմանափակում են թափանցիկության, հաշվետվողականության և արդար մրցակցության սկզբունքների լիարժեք իրականացումը։ Բացի այդ, առկա են դերերի ոչ հստակ տարանջատումներ պետական կառավարման մարմինների միջև:
Այս համատեքստում առաջացել է անհրաժեշտություն սահմանելու հստակ և համակարգված պետական քաղաքականություն, որն ուղղված կլինի պետության՝ որպես սեփականատիրոջ, նպատակների, առաջնահերթությունների և գործիքակազմի ձևակերպմանը։ Ներկայացվող նախագծի մշակումը պայմանավորված է այդ կարիքի բավարարմամբ և ուղղված է սեփականության քաղաքականության ընդհանուր շրջանակի ձևավորմանը՝ նպաստելով պետական ակտիվների արդյունավետ և թափանցիկ կառավարմանը։
Նախագծի ընդունումը բխում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Պահուստային ծրագրի (Stand-by Arrangement) 4-րդ վերանայման ներքո սահմանված կառուցվածքային հենանիշային և ԱԶԲ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» քաղաքականության աղյուսակի մաս կազմող պարտավորություններից։
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի կարգավորման նպատակն է սահմանել ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների նկատմամբ պետության՝ որպես բաժնետիրոջ, սեփականության իրավունքի իրացման միասնական, հստակ և թափանցիկ քաղաքականություն։ Այն ուղղված է պետական մասնակցության դերի հիմնավորմանը, ռազմավարական նպատակների ձևակերպմանը, կառավարման կառուցվածքների ու գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև հանրային միջոցների արդյունավետ, հաշվետու և մրցակցային չեզոք սկզբունքներով կառավարմանը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.
- ձևակերպել պետության՝ որպես սեփականատիրոջ դերը, նպատակներն ու առաջնահերթությունները՝ տարբեր տեսակի ընկերությունների նկատմամբ,
- ապահովել պետական մարմինների միջև լիազորությունների հստակ տարանջատում և պատասխանատվության բաշխում,
- ներդնել սեփականության հիմնավորման և ռազմավարական կառավարման գործիքակազմի միատեսակ համակարգ,
- բարձրացնել կորպորատիվ կառավարման, ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակը,
- սահմանել ելքի ռազմավարություն,
- կառավարել ֆիսկալ ռիսկերը և նպաստել պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը,
- բարելավել ՊՄԸ-ների շահաբաժինների բաշխման քաղաքականությունը,
- սահմանել ՊՄԸ-ների սեփականության քաղաքականության իրագործման գործողությունների ծրագիրը՝ ներկայացնելով ծրագրով սահմանվող գործողությունների պատասխանատու մարմիններին և գործողությունների իրականացման ժամկետները:
Նախագծի ընդունման արդյունքում.
- կձևակերպվեն պետական մասնակցության հիմնավորումները, կսահմանվեն պետական մասնակցությամբ և մինորիտար մասնակցությամբ ընկերություններում բաժնեմասնակցության պահպանման հիմնավորումները՝ ելնելով ազգային, ռազմավարական, սոցիալական և տնտեսական առաջնահերթություններից,
- հստակ կտարանջատվեն պետական մարմինների միջև լիազորությունները,
- կսահմանվեն ՊՄԸ-ների թիրախները և նպատակները՝ համապատասխան արդյունավետության ցուցանիշներով,
- կներդրվեն ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների կառավարման միատարր մոտեցումներ,
- կկիրառվեն թափանցիկության և հաշվետվողականության միատեսակ չափանիշներ,
- կբարելավվի ՊՄԸ-ների շահաբաժինների բաշխման քաղաքականությունը,
- կսահմանվեն ՊՄԸ-ների կատարողականի գնահատման չափորոշիչներ, հաշվետվությունների հրապարակման և մշտադիտարկման մեխանիզմներ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի «ՊՄԸ-ների սեփականության քաղաքականության մշակում» տեխնիկական աջակցության շրջանակում, ինչպես նաև՝ Ասիական զարգացման բանկի փորձագիտական աջակցությամբ:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
Նախագծի ընդունումը փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջացնի «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքում և այլ հարակից իրավական ակտերում։
6. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության՝ Ֆինանսների նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումների ծրագրի 27-րդ կետով սահմանված՝ «Պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությունից բխող ֆիսկալ ռիսկերի կառավարման արդյունավետության բարելավում» նպատակից, ինչպես նաև «Պետական ֆինանսների կառավարման 2025 թվականի ռազմավարական գործողությունների ծրագրի» 11.1-ին կետով սահմանված՝ «Պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության մշակում» գործողությունից:
-
Discussed
10.10.2025 - 25.10.2025
-
Type
Decision
-
Area
Economical, State property management, Public management
Views 850
Print