ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 38-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատանքային վեճերի հանձնաժողովը կամ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ երկրորդ նախադասության «Հանձնաժողովի» բառը՝ «որի» բառով։
Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ նախադասությունում «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Հաշտեցման հանձնաժողովի» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 228-րդ հոդվածը «դատական կարգով» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային վեճերի հանձնաժողովում» բառերով, իսկ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով։
Հոդված 5. Օրենսգրքի 264-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 264. Աշխատանքային վեճերը քննող մարմինները
- Աշխատանքային վեճերը քննվում են.
- 1) աշխատանքային վեճերի հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) կողմից.
- 2) դատարանի կողմից:
- Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով:»։
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 264.2-րդ հոդվածներով.
«Հոդված 264.1. Աշխատանքային վեճերի քննության սկզբունքները
- Աշխատանքային վեճերը քննվում են կողմերի օրինական շահերի հարգման, կողմերի համագործակցության սկզբունքներով՝ կողմերի համար առավել ընդունելի պայմաններով:
- Հանձնաժողովին դիմելու դեպքում գործատուի կողմից Հանձնաժողովին են ներկայացվում վեճը լուծելու համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների ապացույցները։ Աշխատողը ներկայացնում է վեճը լուծելու համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների ապացույցներ՝ իր մոտ առկայության դեպքում։
- Դատական կարգով աշխատանքային վեճի քննության ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Հոդված 264.2. Աշխատանքային վեճերով ծախսերը
- Հանձնաժողովում աշխատանքային վեճերի քննությունն իրականացվում է անվճար։
- Աշխատանքային վեճերով դատական ծախսերը կատարվում են օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 7. Օրենսգրքի 265-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 265. Աշխատանքային պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքերով աշխատանքային վեճերը քննող մարմինների ակտերը
- Առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքերում աշխատանքային վեճերը քննող մարմինն ընդունում է որոշում աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու վերաբերյալ։ Այդ դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, իսկ այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:
- Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում աշխատանքային վեճը քննող մարմինը կարող է աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում՝ պարտավորեցնելով գործատուին վճարել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հատուցում և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին ամսական աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Այս դեպքում աշխատանքային վեճը քննող մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու համար հաշվի է առնվում մինչև աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի չափը` սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:»։
Հոդված 8. Օրենսգրքի 266-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 266. Աշխատանքային վեճի քննությունը Հանձնաժողովում և դատարանում
- Աշխատանքային հարաբերությունների կողմը, ով կարծում է, որ խախտվել է իր իրավունքը՝ կապված աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետ, իրավունք ունի երկու ամսվա ընթացքում աշխատանքային վեճի քննման համար՝
- 1) դիմել Հանձնաժողովին՝ սկսած այն օրվանից, երբ անձն իմացել է կամ կարող էր իմանալ իրավունքի խախտման մասին.
- 2) դիմել դատարան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հայցային վաղեմության այլ ժամկետներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են այդ ժամկետները։
- Հանձնաժողովին դիմում ներկայացվելու դեպքում կասեցվում է աշխատանքային վեճերով դատարան դիմելու համար սահմանված ժամկետը և նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
- Գործադուլի հետ կապված աշխատանքային վեճը քննվում է դատական կարգով։
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել 267-277-րդ հոդվածներով.
«Հոդված 267. Հանձնաժողովի կազմը
- Հանձնաժողովը մշտական է և գործում է տեսչական մարմնի կազմում:
- Հանձնաժողովը կազմված է երեք անդամից՝ Հանձնաժողովի նախագահ, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության և գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ:
- Հանձնաժողովի նախագահը տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշանակված տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողն է, որը, ըստ պաշտոնի անձնագրի, իրականացնում է Հանձնաժողովի նախագահի լիազորությունները։
- Հանձնաժողովի՝ արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության և գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները նշանակվում են ռոտացիոն կարգով՝ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ միությունների կողմից դիմումները ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
- Հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով, որը հաստատվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից:
Հոդված 268. Հանձնաժողովի աշխատանքի պայմանները
- Հանձնաժողովի անդամների վարձատրության չափը, վճարման կարգը, ինչպես նաև ճանապարհածախսի վճարման կարգը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը։
- Տեսչական մարմինն ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար բնականոն պայմանները: Աշխատանքային վեճերի քննության հետ կապված Հանձնաժողովի ծախսերը կատարվում են տեսչական մարմնի բյուջեից:
- Հանձնաժողովն ունի քարտուղար։ Քարտուղարն ընդունում և գրանցում է աշխատանքային վեճերի քննության հետ կապված դիմումները, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ պահանջում է լրացնել դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, Հանձնաժողովի նիստերի մասնակիցներին տեղեկացնում է Հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, տեղի, Հանձնաժողովի կազմի մասին, Հանձնաժողովի որոշումներն ուղարկում է աշխատանքային վեճի կողմերին, կատարում է Հանձնաժողովի նախագահի այլ հանձնարարականներ։
Հոդված 269. Հանձնաժողովին ներկայացվող դիմումները
- Հանձնաժողովում աշխատանքային վեճի քննության համար կողմը պարտավոր է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում։
- Դիմումում նշվում են՝
- 1) վեճը հարուցող կողմի (դիմումատուի)՝
ա. անվանումը և հասցեն՝ իրավաբանական անձի դեպքում.
բ. անունը, ազգանունը, բնակության հասցեն՝ ֆիզիկական անձի դեպքում.
- 2) մյուս կողմի (պատասխանողի)՝
ա. անվանումը և հասցեն՝ իրավաբանական անձի դեպքում.
բ. անունը, ազգանունը, բնակության հասցեն՝ ֆիզիկական անձի դեպքում։
- 3) ձևակերպված պահանջը.
- 4) պահանջը հիմնավորող փաստական հանգամանքներն ու ապացույցները.
- 5) կից փաստաթղթերի ցանկը։
- Դիմումը ներկայացվում է տեսչական մարմին։
- Դիմումը կարող է ներկայացվել նույն գործատուի մոտ աշխատողների խմբի կողմից, եթե աշխատանքային վեճը ծագում է միևնույն իրավական հիմքի վրա:
Հոդված 270. Դիմումը քննելուց հրաժարվելը և վեճի քննությունը դադարեցնելը
- Հանձնաժողովը մերժում է աշխատանքային վեճի քննության դիմումը, եթե՝
- 1) դիմումով բարձրացված հայցն արդեն քննարկվել է աշխատանքային վեճերը քննող մարմինների կողմից կամ դրա վերաբերյալ վերջնական որոշում է կայացվել կամ գործը կարճվել է.
- 2) մինչև Հանձնաժողովի նիստը դիմումատուն հետ է վերցրել բոլոր ներկայացված պահանջները.
- 3) դիմումով բարձրացված հարցը Հանձնաժողովի քննության առարկան չէ։
- Հանձնաժողովի որոշմամբ դադարեցվում է աշխատանքային վեճի քննությունը, եթե՝
- 1) դիմումատուն նիստի ընթացքում հրաժարվել է ներկայացված բոլոր պահանջներից։ Եթե դիմումատուն հրաժարվում է որոշակի պահանջներից, ապա Հանձնաժողովը դադարեցնում է այն հայցերի քննարկումը, որոնցից հայցվորը հրաժարվել է.
- 2) աշխատանքային վեճի կողմերը կնքել են հաշտեցման համաձայնագիր, որը հաստատել է Հանձնաժողովի կողմից:
Հոդված 271. Դիմումի քննությունը
- Հանձնաժողովը, դիմումը քննության նախապատրաստելիս, գործի հանգամանքները հաշվի առնելով, իրավասու մարմիններից և անձանցից պահանջում է վեճի քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև հրավիրում է վկաներ։
- Հանձնաժողովի նախագահը դիմումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում սահմանում է նիստի օրը, ժամը և այդ մասին տեղեկացնում աշխատանքային վեճի կողմերին՝ միաժամանակ դիմումի պատճենը հանձնելով պատասխանողին։ Պատասխանողը, դիմումի պատճենը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում հանձնաժողովին է ներկայացնում իր դիրքորոշումը դիմումատուի պահանջների վերաբերյալ և համապատասխան ապացույցներ:
Հոդված 272. Աշխատանքային վեճի քննությունը
- Աշխատանքային վեճը քննվում է դիմումատուի և պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ:
- Եթե կողմը (կողմերը) պատշաճ կերպով տեղեկացված է եղել նիստի մասին և չի (չեն) ներկայանում նիստին, ապա հանձնաժողովն իրավունք ունի նիստն անցկացնել առանց նրա (նրանց) մասնակցության:
- Եթե Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել նիստին, ապա Հանձնաժողովի նախագահը որոշում է կայացնում նիստը հետաձգելու կամ նիստն առանց տվյալ անդամի անցկացնելու մասին:
- Եթե Հանձնաժողովի անդամը երեք անգամ անընդմեջ առանց հիմնավոր պատճառի չի ներկայանում Հանձնաժողովի նիստերին, ապա տեսչական մարմնի ղեկավարը Հանձնաժողովի նախագահի հիմնավորված առաջարկությամբ կարող է նրան հեռացնել Հանձնաժողովի անդամների ցանկից:
- Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը: Նիստի ընթացքում նա բացատրում է կողմերի միջև վեճի էությունը և առաջարկում կողմերին գալ միմյանց համար ընդունելի համաձայնության և կնքել հաշտեցման համաձայնագիր։ Եթե կողմերին հաշտեցնելն անհնար է, Հանձնաժողովի նախագահը հայտարարում է աշխատանքային վեճի ըստ էության քննության սկիզբը:
- Վեճի կողմերն իրավունք ունեն ներկայացնել լրացուցիչ պահանջներ և լրացուցիչ ապացույցներ՝ մինչև գործի ըստ էության քննության ավարտը։
- Նիստում լսվում են կողմերի և վկաների բացատրությունները, ուսումնասիրվում և գնահատվում են փաստաթղթերը և այլ ապացույցները:
- Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է մասնագետների կամ փորձագետների՝ խորհրդատվության կարգով։
- Նիստն ավարտվում է քննված աշխատանքային վեճի էության վերաբերյալ կողմերի եզրափակիչ ելույթների լսումով։
- Հանձնաժողովի նիստը տեսաձայնագրվում է:
Հոդված 273. Հանձնաժողովում վեճերի քննության ժամանակ փաստաթղթերի հանձնումը
Փաստաթղթերը կողմերին կարող են հանձնվել հետևյալ կերպ.
- 1) անմիջականորեն.
- 2) պատվիրված փոստով.
- 3) կողմերի կողմից նշված էլեկտրոնային հասցեներով, եթե վեճի կողմերը նշում են այդ հասցեները.
- 4) հրապարակային հայտարարությամբ՝ օրենքով սահմանված կարգով՝ հետևյալ դեպքերում. փաստաթղթերը հանձնելու անհնարինության դեպքում (պատասխանողին անհնար է գտնել կամ հասցեի տվյալները համապատասխան գրանցամատյանում առկա չեն), տեսչական մարմնի կայքում հրապարակվում է ծանուցում, որով վերջնաժամկետ է սահմանվում (ծանուցման հրապարակման օրվանից ոչ պակաս, քան հինգ աշխատանքային օր) պատասխանողի համար՝ փաստաթղթերը տեսչական մարմնի տարածքային կենտրոն ներկայացնելու համար: Նշված ժամկետում պատասխանողի չներկայանալու դեպքում փաստաթուղթը համարվում է պատշաճ հանձնված՝ կայքում հրապարակվելու օրը:
Հոդված 274. Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը
- Հանձնաժողովը դիմումը պետք է քննի ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Հանձնաժողովի նախագահի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով։
- Հանձնաժողովը որոշումը կայացնում է նիստում՝ կանոնակարգով սահմանված կարգով: Որոշումը հրապարակվում է գրավոր՝ նիստից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում և ստորագրվում Հանձնաժողովի նախագահի կողմից։
- Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
- Հանձնաժողովի որոշումն ընդունվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայները կիսվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։ Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ որոշմանը, կարող է ներկայացնել իր հատուկ կարծիքը:
- Որոշման պատճենն աշխատանքային վեճի կողմերին է հանձնվում որոշման ընդունման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 275. Հանձնաժողովի որոշման ուժի մեջ մտնելը
- Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դատարան հայց ներկայացնելու համար սույն օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եթե այդ ժամկետում կողմերից ոչ մեկը հայց չի ներկայացնում դատարան:
- Եթե Հանձնաժողովի որոշումը վիճարկվում է մասնակի, ապա որոշումն ուժի մեջ է մտնում վիճարկվող մասի հետ չկապված մասի մասով:
- Հանձնաժողովի՝ ուժի մեջ մտած որոշումը բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ:
Հոդված 276. Հանձնաժողովի որոշման կատարումը
- Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարվելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Հոդված 277. Աշխատանքային վեճի քննությունը դատարանում
- Աշխատանքային վեճի քննությունը դատարանում իրականացվում է հետևյալ դեպքերում.
- 1) եթե աշխատանքային վեճի կողմը վեճի քննության համար դիմում չի ներկայացնում Հանձնաժողովին և հայց է ներկայացնում դատարան՝ սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և օրենքներով սահմանված հայցային վաղեմության ժամկետներում.
- 2) եթե աշխատանքային վեճի կողմը համաձայն չէ Հանձնաժողովի կայացրած որոշմանը, ապա աշխատանքային վեճի կողմն իրավունք ունի Հանձնաժողովի որոշման կայացումից հետո մեկամսյա ժամկետում դիմել դատարան՝ աշխատանքային վեճի քննությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու համար։
- Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում աշխատանքային վեճի հետ կապված գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հանձնաժողովի որոշումը համարվում է ուժը կորցրած:»։
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած աշխատանքային վեճերի վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «աշխատանքային,» բառը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: