Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏՄԱՄԲ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասից, որով սահմանվում է, որ օրենքով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նշված լիազորությունը նախատեսված է ապահովելու, որ բնակչության պետական ռեգիստրի համակարգը գործի ոչ միայն իրավական հիմքով, այլև կայուն և վերահսկելի մեխանիզմներով, որոնք երաշխավորում են տվյալների ամբողջականությունը, անվտանգության մակարդակը և պետական մարմինների կողմից օրենքի պահանջների պահպանումը։

Բնակչության պետական ռեգիստրի համակարգը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքների առանցքային բաղադրիչներից է, որի միջոցով իրականացվում են բնակչության նույնականացման, հաշվառման, ընտրողների ռեգիստրի ձևավորման և բազմաթիվ պետական ծառայությունների մատուցման գործընթացներ։ Այդ համակարգի կայուն և անխափան գործունեությունը կարևոր է մի շարք պետական մարմինների փոխգործակցության տեսանկյունից ևս՝ հարկային, առողջապահական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, արդարադատության և այլ ոլորտներում գործող տեղեկատվական շտեմարաններ։ Հետևաբար, անհրաժեշտ է ունենալ մոնիտորինգի հստակ և գործուն մեխանիզմ, որը կապահովի, որ բոլոր տվյալներ ներկայացնող մարմինները գործում են օրենքի և տեխնիկական պահանջների շրջանակներում՝ ապահովելով ներկայացվող տեղեկատվության լիարժեքությունն ու ճշգրտությունը։

2 Կարգավորման նպատակն ու բնույթը.

Նախագծով նախատեսում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից բնակչության պետական ռեգիստրի նկատմամբ շարունակական մոնիտորինգի իրականացում՝ տվյալների որակի, անվտանգության, գաղտնիության և հասանելիության ապահովման նպատակով։ Մոնիտորինգի գործընթացը ներառում է տվյալների մուտքագրման ճշգրտության գնահատում, բացակայող կամ կրկնվող գրառումների հայտնաբերում, տվյալներ ներկայացնող մարմինների գործունեության վերլուծություն, ինչպես նաև տեխնիկական համապատասխանության ստուգում՝ համակարգերի փոխգործելիության և տվյալների փոխանցման անվտանգությունը վերահսկելու համար։

Կարգը սահմանում է մոնիտորինգի հիմնական ուղղությունները՝ տվյալների որակի վերահսկում, տեխնիկական հուսալիության ստուգում և իրավական պահանջների պահպանման մշտադիտարկում։ Բացի պարբերական մոնիտորինգից, կարգով նախատեսվում է նաև արտահերթ մոնիտորինգ՝ ռիսկերի վերլուծության, խախտումների կասկածի կամ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա։ Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն արձանագրել խախտումները, այլև կանխել դրանք՝ ապահովելով կանխարգելիչ դիտարկում ամբողջ համակարգի նկատմամբ։

Նախագծով առանձնահատուկ կարևորություն է տրվում տվյալների պաշտպանության բաղադրիչին․ մոնիտորինգի ընթացքում իրականացվում է մուտքի իրավունքի մշտադիտարկում, չարտոնված մուտքերի կամ արտահոսքի դեպքերի հայտնաբերում, ինչպես նաև տվյալների սուբյեկտների իրավունքների ապահովման ուսումնասիրություն՝ ուղղման, հեռացման և հասանելիության սահմանափակման իրավական մեխանիզմներով։

Կարգը նախատեսում է նաև տեղեկատվական փոխանակման և հաշվետվության հստակ գործընթացներ․ մոնիտորինգի արդյունքներով կազմվում է հաշվետվություն, որը ներկայացվում է ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև տվյալներ ներկայացնող մարմիններին՝ պարտադիր կամ խորհրդատվական բնույթի ցուցումներով։ Սա ապահովում է հաշվետվողականության, թափանցիկության և համակարգային բարելավման շարունակական մեխանիզմ։

Նախագծի ընդունումը կարևոր է նաև պետական կառավարման համակարգի թվայնացման և տվյալահեն կառավարման քաղաքականության համատեքստում։ Բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ և անվտանգ գործառույթը ենթադրում է ոչ միայն տեխնիկական հարթակի առկայություն, այլև դրա պարբերական դիտարկում՝ հիմնված տվյալների որակի վերլուծության, սխալների հայտնաբերման և ուղղման մեխանիզմների վրա։ Այս համակարգը հնարավորություն կտա ժամանակին արձագանքել խնդիրներին, կանխել տվյալների կորստի կամ չարտոնված օգտագործման դեպքերը և ապահովել ռեգիստրի վստահելիությունը թե՛ պետական մարմինների, թե՛ քաղաքացիների համար։

Կարգով նախատեսվող մոնիտորինգը նաև կնպաստի պետական մարմինների փոխգործակցության բարելավմանը։ Սա հատկապես կարևոր է, երբ բնակչության պետական ռեգիստրն ինտեգրվում է այլ պետական շտեմարանների հետ։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնով Կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն։ Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար։

6 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա բնակչության պետական ռեգիստրի համակարգի արդյունավետությունը, և կնպաստի տվյալների որակի և անվտանգության ապահովումանը, պետական կառավարման մարմինների հաշվետվողականության ամրապնդմանը և Բնակչության պետական ռեգիստրի տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    09.10.2025 - 24.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Public services

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 707

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: