Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Որոշման ընդունման անհրաժեշտությունը

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։

Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի։ Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշները։  Որոշման նախագծի ընդունումը կարևորվում է մի շարք ուղղություններով՝

  1. Տնտեսական զարգացում՝ ապահովելով հավելյալ աշխատատեղերի ստեղծման, հյուրընկալության ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ նախապայմաններ, խթանելով համաչափ տարածքային զարգացումը, բնակիչների կենսամակարդակի բարելավումը, ապահովելով զբոսաշրջության և այլ ոլորտների միջև (գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և այլն) համագործակցության ամրապնդումը, զբոսաշրջության բնագավառում աջակցող գործարար և ձեռնարկատիրական միջավայրի ձևավորումը, ապակենտրոնացնելով զբոսաշրջային հոսքերը Երևանից դեպի մարզեր և այլն․
  2. Մշակութային ու պատմական արժեքների հանրահռչակում և պահպանում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջը, համաշխարհային շուկայում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը դարձնելով ճանաչելի իր պատմությամբ, մշակույթով, հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, անվտանգությամբ և վստահելիությամբ՝ այցելուներին և միջազգային գործընկերներին շարունակաբար և ստեղծագործաբար ներկայացնելով հստակ և հետաքրքիր փաթեթավորմամբ զբոսաշրջային գրավչություններն ու հնարավորությունները։

Անհրաժեշտ է կարևորել և պաշտպանել զբոսաշրջային կենտրոն համարվող բնակավայրերի ներուժը, պահպանել և պաշտպանել լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները։

         

  2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես՝ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված զարգացման գործընթացը, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ, կենտրոններ (կլաստերներ)։ Բացի այդ՝ դեպի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող բազմաթիվ ճանապարհներ բարեկարգված չեն և ապահովված չեն զբոսաշրջային ցուցանակներով, սանիտարական պայմաններով (ներառյալ՝ սանիտարահիգիենիկ հանգույցներով)։ Պետք է շեշտել նաև, որ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային այցելավայրերը դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների համար։ Հատկապես պատմամաշկութային վայրերը, խոնարհված եկեղեցիները, վանքերը մեծապես վնաս կկրեն ակտիվ հոսքերի ժամանակ, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային գործունեությունը լիարժեք չի կարգավորվում։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների՝ տրանսպորտային ծառայությունների, ճանապարհների որակի, կացության ծառայությունների ոչ բավարար վիճակի մասին փաստում է նաև ՀՏՖ կողմից հրապարակված 2024 թվականի «Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ցուցիչ»-ում «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսի դիրքը (84-րդը)։ Նշված ենթաինդեքսում Հայաստանը, ի թիվս այլ երկրների, զիջում է տարածաշրջանի երկրներին՝ Թուրքիային (31-րդը), Վրաստանին (50-րդը), Ադրբեջանին (55-րդը) և Իրանին (77-րդը)։

    Զբոսաշրջային ենթակառուցվածքների ոչ բարենպաստ պայմանները առաջ են բերում մի շարք այլ խնդիրներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջիկի համար գյուղական բնակավայրերին հասանելիությունը և բնակավայրի կապն արտաքին աշխարհին կապող ենթակառուցվածքների հետ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը բարելավել ինտերնետ կապի որակը, երիտասարդների և խոցելի խմբերի զբաղվածությունը և տնտեսական գործունեությունը։

 

3Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

   Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու որոշման ընդունման նպատակն է ՝

  • ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում,
  • զբոսաշրջային ներուժ ունեցող բնակավայրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
  • կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները,
  • իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում,
  • բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը,
  • բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ,
  • ապահովել ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, բարելավել դրանց որակը, արդիականացնել այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները, ապահովել շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը կամ բարելավել ինտերնետ կապի որակը,
  • խթանել զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում։

   4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից։

 

     5Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։

Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։

Արդյունքում՝ կապահովվի կենտրոնացված, համակարգային կառավարմամբ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը։

    

    6Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։

  7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf  231-232-րդ էջ)։ 

 

  • Discussed

    07.10.2025 - 22.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 884

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: