Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

   1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխությունների է ենթարկվել վարույթին օժանդակող անձանց շրջանակը, որի արդյունքում, հոգեբանը նախատեսվել է որպես ինքնուրույն դատավարական սուբյեկտ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել հոգեբանի իրավունքներն ու պարտականությունները։ ՀՀ քրեական դատավարության օրեսնսգրքի 212-րդ հոդվածը նախատեսում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության առանձնահատկությունները, սակայն, հոգեբանի՝ որպես ինքնուրույն դատավարական սուբյեկտի, իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ կարգավորումը բացակայում է Օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հոգեբանը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է անչափահասի, անգործունակի  կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան, հուզական և ճանաչողական վիճակը գնահատելու, երեխայի լավագույն շահը, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավաչափ շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով քննչական և այլ դատավարական գործողություններին մասնակցելու համար:

Առաջարկվում է ամրագրել հոգեբանի իրավունքներն ու պարտականությունները՝ համապատասխան հոդվածում ներառելով ինչպես օժանդակող անձանց բնորոշ իրավունքներ ու պարտականություններ ինչպիսիք են՝ ծանոթանալու համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությանը, ապացուցողական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս կատարելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ, յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում և այլն, այնպես էլ նեղ մասնագիտական իրավունքներ և պարտականություններ, որոնք անհրաժեշտ են վարույթն արդյունավետորեն կազմակերպելու, երեխայի լավագույն շահն ու անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցողի շահն ապահովելու համար: Մասնավորապես, նախատեսվում է կարգավորում առ այն, որ հոգեբանը իրավունք ունի՝

1)         անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի  հարցաքննության կամ առերեսման  ժամանակ հարցեր տալ անձին՝ վարույթն իրականացնող մարմնի կամ դատարանի թույլտվությամբ.

2)         վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել մասնագիտական առաջարկներ՝ վարութային գործողության կատարման պայմանների, ընթացքի, ձևաչափի կամ մասնակիցների վերաբերյալ.

3)         անչափահասի հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ առաջարկել քննիչի կողմից տրվելիք հարցերի ձևակերպումները․

Նախագծով ներկայացված իրավունքների և պարտականությունների շրջանակն առաջարկվել է՝ հաշվի առնելով ոչ միայն միջազգային պարտավորություններն ու փորձը, այլ նաև արդեն իսկ ձևավորված պրակտիկայում առաջացած խնդիրներն ու մոտեցումները:

Նախագծով առաջարկվում է նախատեսել անչափահաս տուժողների հարցաքննությունը և այլ քննչական և դատավարական գործողությունները բազմամասնագիտական կենտրոնում իրականացնելու կարգ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։

Մասնավորապես՝ միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ պետք է խուսափել հատկապես սեռական շահագործման ենթարկված երեխաների[1] կրկնակի հարցաքննություններից: «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 25-ի ԵԽ-ի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 31-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը սահմանում է, որ տուժողների և հանցագործություն կատարած անձանց միջև շփումը դատարանում և իրավապահ մարմնի տարածքում տեղի չունենա, եթե այլ բան չեն նախատեսում իրավասու մարմինները` ելնելով երեխայի շահերից, կամ երբ նման շփում պահանջվում է նախաքննության կամ վարույթների նպատակներով: Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը նախատեսում է, որ «երեխայի հետ հարցաքննությունների թիվը հնարավորինս սահմանափակվի այնքանով, որքանով խիստ պահանջվում է քրեական վարույթի նպատակով», իսկ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ «յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ տուժողի կամ, անհրաժեշտության դեպքում, վկայություն տվող երեխայի հետ բոլոր հարցազրույցները հնարավոր լինի ձայնագրել տեսաերիզի վրա, և այդ բոլոր ձայնագրված հարցազրույցները հնարավոր լինի որպես վկայություն ընդունել վարույթի ժամանակ` իր ներպետական իրավունքով սահմանված կանոնների համաձայն»: Այնուհետև, նույն կոնվենցիան, շարունակելով առաջադրված դրույթը, 36-րդ հոդվածի 2-րդ մասում տրամաբանորեն նախատեսում է, որ «յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական իրավունքով նախատեսված կանոններին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ տուժողը կարողանա ցուցմունք տալ դատարանում առանց իր ներկայության` մասնավորապես համապատասխան հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»:

Քրեական արդարադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների (առաջարկվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի 1997թ. հուլիսի 21-ի թիվ 1997/30 բանաձևով) 49-րդ կետի համաձայն՝ տարբեր իրավական ավանդույթներին, պրակտիկային և իրավական շրջանակներին համապատասխան` քննության և քրեական հետապնդման, ինչպես նաև դատական քննության փուլում հարկավոր է հնարավորինս խուսափել տուժող երեխայի և մեղադրյալի ուղղակի շփումից:

Միջազգային կոնվենցիոն դրույթներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում բազմամասնագիտական կենտրոններում պարտադիր կարգով հնարավոր լինի հարցաքննել սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության հանցանքների վերաբերյալ, երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ վարույթներով վարույթներով անչափահասների մասնակցությամբ քննչական և դատավարական գործողությունների կատարումը։  

Եվրոպական տարբեր երկրներում՝ Դանիա, Էստոնիա, Նորվեգիա, Շվեդիա, Իռլանդիա և այլն, ստեղծվել են «Երեխայի տուն» կազմակերպություններ (Baranhaus centre), որոնք հանդիսանում են բազմամասնագիտական կենտրոններ, որտեղ բռնության ենթարկված երեխան, այդ թվում հանցանք կատարած անչափահաս մեղադրյալը, ստանում է բազմամասնագիտական ծառայություններ:

Նման պայմաններում, ոչ թե երեխային են ուղեկցում քննչական մարմիններ՝ քննչական և այլ ապացուցողական գործողություններ կատարելու համար, այլ երեխայի մասնակցությամբ վերը նշված գործողությունները կատարվում են բազմամասնագիտական կենտրոնում՝ քննիչի, հոգեբանի, սոցիալական աշխատողի, բժիշկի և այլ մասնագետների մասնակցությամբ։

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործում են  2 բազմամասնագիտական կենտրոններ, որոնք տեղեկայված են Երևան և Կապան քաղաքներում՝ ապահովելով սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից տուժած երեխաների մասնակցությամբ հարցաքննությունը:

Ինչպես ցույց է տվել, ստեղծված բազմամասնագիտական կենտրոնների փորձը, այդ կենտրոններում երեխաների հարցաքննությունները ոչ միայն նվազ տրավմատիկ են եղել անչափահասների համար, այլ նաև հանգեցրել են նույն անչափահասի մասնակցությամբ հարցաքննությունների քանակի նվազմանը։

Կազմակերպչական բնույթի աշխատանքների որոշակի մասը իրականացվելու է  բազմամասնագիտական կենտրոնի սոցիալական աշխատողի կողմից:

Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ կետի 5-րդ պարբերության համաձայն՝ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև բռնությամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթով նախկինում հարցաքննված երկու և ավելի անձանց ցուցմունքների միջև հակասությունները լուծելու նպատակով փոքրահասակ կամ անչափահաս երեխայի ու կասկածյալի միջև հարցաքննություն չի կարող անցկացվել:

էստոնիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ դատարանն իրավասու է անչափահասին չհրավիրելու դատարան և թույլատրելու որպես ապացույց ներկայացնել նախաքննության ընթացքում տվյալները, եթե՝

  1. պաշտպանության կողմը հնարավորություն է ունեցել նախաքննության ընթացքում հարցեր տալ վկային,
  2. եթե վկան 10 տարեկանից փոքր է, իսկ հարցաքննությունը կվնասի նրա հոգեբանությանը,
  3. եթե վկան փոքր է 14 տարեկանից, իսկ հարցաքննությունը վերաբերում է սեռական հանցագործություններին:

Սեռական հանցագործության զոհ անչափահասին դատարանում առերես (դեմ առ դեմ) հարցաքննելու հարցին անդրադարձել է ԱՄՆ գերագույն դատարանը:

Այսպես՝

 1988թ.-ին Կայն ընդդեմ Այովայի գործով Գերագույն դատարանը գտել է, որ խախտվել է մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը, քանի որ սեռական հանցագործության երկու զոհերը հարցաքննվել են միակողմանի տեսակապի միջոցով՝ պաշտպանիչ էկրանի հետևում, որի պայմաններում երեխաները չեն տեսել մեղադրյալին, իսկ մեղադրյալը ոչ պարզ տեսանելի պայմաններում է հետևել հարցաքննությանը: Մեղադրյալը բողոքարկել է, որ պաշտպանիչ էկրանի կիրառմամբ երեխաների հարցաքննությամբ խախտվել է դեմ առ դեմ հակընդդեմ հարցման իրավունքը: ԱՄՆ գերագույն դատարանը նշված գործով հաստատել է մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի խախտում և սահմանել, որ հակընդդեմ հարցումը պետք է իրականացվի դեմ առ դեմ: Սակայն, երկու տարի անց ԱՍՆ գերագույն դատարանը մեկ այլ գործով վերը նշված ընդհանուր կանոնից սահմանել է բացառություն: ԱՄՆ գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Մերիլենդ նահանգի օրենսդրական կարգավորումը, որի համաձայն՝ դատավորը հնարավորություն ունի երեխայի հարցաքննությունն իրականացնել միակողմանի տեսակապի միջոցով: Այս դեպքում երեխան, դատախազը և մեղադրյալի փաստաբանը գտնվել են առանձին սենյակում, իսկ դատավորը, երդվյալ ատենակալները և մեղադրյալը՝ դատական նիստերի դահլիճում: Երեխան ուղղակի և առերես հարցաքննության է ենթարկվել առանձին սենյակում, իսկ դատական նիստերի դահլիճում գտնվող դատավարության մասնակիցները հարցաքննությանը հետևել են տեսակապի միջոցով:

Գործնականում եղել են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունը կատարվում է անչափահասի կողմից, որը նախկինում ինքն էլ հանդիսացել է նույնական հանցագործության տուժող:

Այդ հանգամանքները հաշվի առնելով համապատասխան կարգավորումներ նախատեսվել են նաև անչափահաս մեղադրյալների վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է նաև ցանկացած դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտի (անչափահաս տուժող, մեղադյալ, վկա) ցուցմունքի դեպոնացման կարգ՝ հետագայում անչափահասին դատարանում կրկին հարցաքննելը բացառելու նպատակով։

Անչափահասի ցուցմունքի դեպոնացման համար քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդվածում՝ արտագնա դատական նիստի կարգավորումներում, մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է նախատեսել՝ եթե անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը բազմամասնագիտական կենտրոնում իրականացնելու որոշում է կայացվել, ապա արտագնա դատական նիստի որոշում կայացնելու միջոցով իրականացնել նախաքննության ընթացքում անչափահասի ցուցմունքների դեպոնացումը բազմամասնագիտական կենտրոնում իրականացնելը։

Արտագնա դատական նիստ անցկացնելու որոշում կարող է կայացվել նաև այն դեպքերում, երբ նախաքննության փուլում անչափահասի ցուցմունքի դեպոնացում չի կատարվել և անհրաժեշտություն է առաջացել դատաքննության փուլում հարցաքննել անչափահաս տուժողին կամ վկային, որպիսի պայմաններում դատական նիստը տեղի է ունենալու հիշյալ բազմամասնագիտական կենտրոններում։

  2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 Առաջարկվող կարգավորումները իրենց բնույթով օրենսդրական, և ինստիտուցիոնալ բարեփոխումների համակցություն են, որոնք միտված են խոցելի խմբերի՝ մասնավորապես անչափահասների իրավունքների պաշտպանությանը և քրեական վարույթում նրանց մասնակցության, ներգրավվածության պայմանների բարելավմանը։ Նախագծով առաջարկվում է հոգեբանին ճանաչել որպես ինքնուրույն դատավարական սուբյեկտ, ինչը իր հերթին պահանջում է օրենսդրական ամրագրում նրա իրավունքների և պարտականությունների շրջանակի վերաբերյալ։ Հոգեբանի ներգրավվածությունը ուղղված է վարույթի արդյունավետ կազմակերպմանն ու մասնակիցների՝ տվյալ դեպքում անչափահասների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։ Նախագծով առաջարկվում է նաև անչափահասների մասնակցությամբ քննչական և դատավարական գործողությունները իրականացնել բազմամասնագիտական կենտրոններում, ինչը ենթադրում է գործողությունների իրականացման ֆիզիկական միջավայրի փոփոխություն՝ հնարավորինս խուսափելու համար տրավմատիկ փորձառություններից և երեխաների առերեսման անհրաժեշտությունից մեղադրյալների հետ։ Այս փոփոխությունը հիմնված է միջազգային կոնվենցիոն դրույթների վրա, մասնավորապես՝ ԵԽ-ի համապատասխան կոնվենցիաների, ինչպես նաև տարբեր երկրների՝ օրինակ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի փորձի, որտեղ գործող «Երեխայի տուն» մոդելները փաստում են այս մոտեցման արդյունավետության մասին։ Բազմամասնագիտական մոտեցման կիրառմամբ հնարավոր է ապահովել երեխայի լավագույն շահի գերակայությունը և կանխել նրա երկրորդական վիկտիմիզացիան։ Առաջարկվում է նաև սահմանել դեպոնացման հատուկ կարգ՝ այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է ապահովել անչափահաս տուժողի, վկայի կամ մեղադրյալի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի հետագա կիրառելիությունը՝ դատարանում կրկնակի հարցաքննություն չիրականացնելու նպատակով։ Դեպոնացման կարգի կիրառման դեպքում ցուցմունքը կարող է իրավական ուժ ունենալ դատաքննության փուլում՝ առանց անչափահասին (տուժողի և վկայի դեպքում) դատարան հրավիրելու, ինչը բխում է երեխաների շահերի պաշտպանության միջազգային ստանդարտներից։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդվածում նախատեսել արտագնա դատական նիստ անցկացնելու հնարավորություն, երբ անչափահասի հարցաքննությունը նախաքննության կամ դատաքննության փուլում իրականացվում է բազմամասնագիտական կենտրոնում։ Այս ամբողջական կարգավորումների նպատակը միտված է ոչ միայն արդարադատության համակարգի հումանիզացիային, այլ նաև դատավարության ընթացքում խոցելի խմբերի՝ հատկապես անչափահասների, առավելագույն պաշտպանությանը՝ միաժամանակ ապահովելով քրեական վարույթի արդյունավետությունը, ապացույցների ամբողջական հավաքագրումը և արդար դատաքննության իրավունքի պահպանումը։

 

  3. Ակնկալվող արդյունքը.

 -Երեխաների, որպես քրեական վարույթի մասնակիցների, արժանապատվության և հոգեկան անվտանգության պահպանում,

-Արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացում,

-Իրավական և սոցիալական արդարության հավասարակշռում,

-Քննչական և դատավարական գործողությունների պայմանների հարմարեցում անչափահասի հոգեկան և հուզական վիճակին,

-Կրկնակի վիկտիմիզացիայի ռիսկերի չեզոքացում,

- Կրկնակի հարցաքննության անհրաժեշտության բացակայություն։

   

    4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

 Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

  5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ:

 

  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 31-Լ որոշման հավելվածի 3.1.4-րդ կետից։

 

 

[1] Սույն հիմնավորման մեջ «երեխա» և «անչափահաս» եզրույթները ներկայացվում են որպես հոմանիշներ, քանի որ միջազգային և ազգային փաստաթղթերում նույն բովանդակությամբ են կիրառվում այդ երկու եզրույթները:

  • Discussed

    30.09.2025 - 21.10.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure, Juvenile justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 920

Print

Suggestions

Մուշեղ Բաբայան

05.10.2025

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Այս համատեքստում Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի շարադրանքը չի համապատասխանում վերը նշված օրենսդրական պահանջին։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է համարակալել այդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կետերը։ 2․ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հոգեբանի իրավունքները, այդ թվում՝ անչափահասի հետ քննչական գործողությունն սկսելուց առաջ նրան տրվող հարցերի վերաբերյալ հոգեբանի առաջարկություններ ներկայացնելու, այդ հարցերը նախապես հոգեբանի հետ համաձայնեցնելու առնչությամբ։ Սակայն, այդ հոդվածի համապատասխան կետերի շարադրանքից հետևում է, որ հոգեբանի հետ համաձայնեցվում են միայն քննիչի, մեղադրյալի, պաշտպանի կողմից անչափահասին տրվող հարցերը։ Շարադրանքից դուրս են մնացել դատաքննության կամ ցուցմունքների դեպոնացման ընթացքում դատախազի և դատավորի կողմից տրվող հարցերը։ Նախագծում այդ կետերի ձևակերպումը հետևյալն է․ Հոգեբանն իրավունք ունի (…) <<.անչափահասի հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ առաջարկել քննիչի կողմից տրվելիք հարցերի ձևակերպումներ. .առաջարկել մեղադրյալի, պաշտպանի կամ այլ անձանց կողմից անչափահասին ուղղված հարցերը նախապես համաձայնեցնել իր հետ՝ առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության>>: Թեպետ վերը նշված 2-րդ կետում առկա է <<կամ այլ անձանց>> արտահայտությունը, ինչը սակայն, վերաբերելի չի կարող լինել դատախազին կամ դատավորին։ Նախ՝ այդ կետում թվարկված են վարույթի մասնավոր մասնակիցները և շարադրանքը չի կարող վերաբերվել վարույթի հանրային մասնակիցներին, բացի այդ՝ ակնհայտ է Նախագծի հեղինակների արդարացված կամքը, որ վարույթի հանրային մասնակիցներին հոգեբանն իր նախաձեռնությամբ առաջարկում է անչափահասին տրվելիք հարցերի ձևակերպումները, իսկ վարույթի մասնավոր մասնակիցներին առաջարկում է նախապես իր հետ համաձայնեցնել այդ հարցերը։ Հետևաբար կարծում եմ, որ ճիշտ կլինի հոգեբանի իրավունքների այդ հատվածը խմբագրել այնպես, որ դրանք վերաբերելի լինեն նաև դատախազին և դատավորին։ 3․ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 212-րդ հոդվածը սահմանում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության առանձնահատկությունները։ Այս հոդվածում շարադրված նորմերը հոգեբանի առնչությամբ որոշակի կրկնություններ և հակասություններ ունեն Նախագծով առաջարկվող՝ այլ հոդվածներում լրացումների և փոփոխությունների հետ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ․ <<8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները>>: Ուստի, կարծում եմ, որ պետք է Նախագծում կամ գործող օրենսգրքի 212-րդ հոդվածում համապատասխան փոփոխություններով ապահովել վերը նշված օրենսդրական պահանջի կատարումը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 220.1-րդ հոդվածով․ «Հոդված 220.1. Բազմամասնագիտական կենտրոնում քննչական և դատավարական գործողությունների կատարման կարգն ու ընդհանուր պայմանները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Առաջարկում ենք, սույն նախագծի հետ միասին ներկայացնել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե բազմամասնագիտական կենտրոն ասելով սույն նախագծի հեղինակը ի՞նչ է հասկանում և որո՞նք են դրանք, արդյո՞ք այդ կենտրոնը նոր է ստեղծվելու կամ արդեն իսկ գոյություն ունի։ Արդյոք բազմամասնագիտական կենտրոնն ունենալու է ստորաբաժնումներ (նաև մարզերում), թե գտնվելու է կոնկրետ մեկ վայրում (Երևանում)։ Ուստի դժվար է սույն հոդվածի վերաբերյալ որևէ կարծիք կամ առաջարկություն ներկայացնել։ Միայն կարծում ենք, որ եթե այս կենտրոնը մասնավոր է լինելու, ապա պետք է ընտրվի մրցույթով և լիցենզավորվի, իսկ եթե պետության կողմից է հիմնադրվելու, ապա պետք է հստակեցվի այս կառույցի կազմակերպաիրավական ձևը՝ հիմնադրամ, թե ՊՈԱԿ, թե ՀՈԱԿ, կամ այլ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: