12.10.2025
Սույն նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում առկա են որոշ բացեր, զինծառայողների իրավունքը խախտող դրույթներ և անորոշ ձևակերպումներ, որոնք առաջ են բերում Նախագծի վերանայման անհրաժեշտություն․ Դիտարկում առաջին Նախագծի հեղինակը, հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 2.1-ին մասում զինծառայողների համար իրավունք նախատեսող դրույթը, սահմանում է «Ծրագրի մասնակից զինծառայող» հասկացությունը՝ նույնությամբ վերարտադրելով Օրենքում ամրագրված այն պայմանները, որոնց միաժամանակյա համապատասխանության դեպքում զինծառայողը կհամարվի Ծրագրի շահառու: Ըստ այդմ, Ծրագրի շահառու դիտարկվելու համար զինծառայողը՝ 1) պետք է ռազմաուսումնական հաստատություն ընդունված լինի 2022թ․հուլիսի 1-ից հետո, 2) պետք է կնքած լինի 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր, 3) ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո պետք է սպայական պաշտոնի նշանակվի ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, 4) պետք է դիմում ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարին և ստանա հավաստագիր: Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի ուսումնասիրությամբ նկատում ենք, որ պետական աջակցությամբ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից օգտվելու հնարավորությունը տրված է վերը նշված չորս պայմաններին համապատասխանող բոլոր զինծառայողներին՝ առանց բացառությունների: Սակայն Նախագծի հավելվածում պետական աջակցության պայմանները նախատեսող հոդվածի 3-րդ մասում ամրագրված է այդ իրավունքը սահամանափակող դրույթ, ըստ որի՝ ամուսիններ հանդիսացող զինծառայողների դեպքում` Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է միայն ամուսիններից մեկին: Ստացվում է, որ Ծրագրի բոլոր 4 պայմաններին համապատասխանող զինծառայողը զրկվում է հիփոթեքային վարկ ստանալու իր իրավունքից միայն այն պատճառով, որ իր հետ ամուսնության մեջ գտնվող մեկ այլ զինծառայող իրացնում է Ծրագրից օգտվելու իր սեփական իրավունքը (մինչդեռ այդ իրավունքը ամուսիններից յուրաքանչյուրն իր համար ձեռք է բերել անձամբ՝ իր ծառայողական և քաղաքացիական իրավահարաբերություններում պահանջվող վարքագիծ դրսևորելով): Տվյալ դեպքում հարց է առաջանում. եթե պետությունը առաջնորդվում է Ծրագրի շահառու ամուսիններ հանդիսացող զինծառայողների անշարժ գույքի ձեռքներման պետական աջակցության իրավունքների միավորման տրամաբանությամբ, ապա արդյո՞ք նույն տրամաբանությամբ էլ նրանցից մեկի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարումը դիտարկում է որպես մյուս ամուսնու ծառայողական պարտականությունների կատարում: Համոզված ենք, որ այս հարցին պետության պատասխանը միանշանակ «ո՛չ» է լինելու, քանի որ պարզ է, որ յուրաքանչյուր զինծառայող իր ծառայության ողջ ընթացքում անձնապես է ստանձնում իր իրավունքներն ու պարտականությունները և անձնապես է պատասխանատու դրանց պատշաճ կատարման համար: Հետևաբար եթե Օրենքը չի թույլատրում ամուսիններ հանդիսացող զինծառայողների անհատական պարտականությունների միավորում, ապա չպետք է թույլատրի նաև նրանց անհատական իրավունքների միավորումը: Այլ խոսքով՝ յուրաքանչյուր զինծառայողի դեպքում Ծրագրի շահառու հանդիսանալու իրավունքի իրացման հարցը քննարկելիս պետք է հաշվի առնվեն միայն և բացառապես Օրենքում թվարկված այն 4 պայմանների առակայությունը կամ բացակայությունը, որոնց միաժամանակյա ապահովումն Օրենքը բավարար է համարել այդ իրավունքի առաջացման և դրանից անարգել օգտվելու համար (անկախ տվյալ զինծառայողի և մեկ այլ շահառու զինծառայողի հետ ամուսնական կապի առկայությունից): Հակառակ դեպքում պետությունը կդրսևորի խտրական, հակասոցիալական և հակասահմանադրական մոտեցում, քանի որ Նախագծում առկա կարգավորումը ռազմական գործում մասնագիտություն ձեռք բերած երկու անձանցից մեկին, համահավասար պայմանների առկայության դեպքում, զրկում է այդ պայմանների բավարարման արդյունքում առաջացող իր իրավունքից միայն այն հանգամանքով պայմանավորված, որ այդ զինծառայողը ընտանիք է կազմել Ծրագրի շահառու մեկ այլ զինծառայողի հետ և այդ զինծառայողն օգտվում է Ծրագրով նախատեսված իր իրավունքից: Պետք է նկատի ունենալ նաև ,որ Նախագծի քննարկվող սահմանափակումը չվերացնելը կարող է վտանգել հասարակության սոցիալական պատկերը, քանի որ այդ կարգավորման սահմանափակումից խուսափելու նպատակով շատ ամուսնություններ կարող են պարզապես պետական գրանցում չստանալ, կամ հանգեցնել արհեստական ամուսնալուծությունների: Իսկ այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված իրավունքի սահմանափակումը նախատեսված է ենթաօրենսդրական ակտով, արդեն իսկ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և չի կարող տեղ գտնել Օրենքում հենց Սահմանադրության ուժով: Այսպիսով, ելնելով վերը նշված պատճառներից և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի հավելվածի պետական աջակցության պայմանները սահմանող հոդվածի 3-րդ մասը և վերացնել ամուսիններ հանդիսացող զինծառայողների կողմից Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ ստանալու սահմանափակումը: