«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈՎՀ. ՉԵՔԻՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈՎՀ. ՉԵՔԻՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բխում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը արժևորելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշմամբ հաստատված պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված համերգային ցանկում «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը հստակեցնելու հանգամանքից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է հանդիսանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։
Հրաժարվելով դիրիժորական փայլուն ապագայից Թուրքիայում՝ Չեքիջյանը 1961 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ իր կարողությունները և տաղանդը անմնացորդ ներդնելով ի նպաստ հայկական երաժշտարվեստի զարգացմանը: Երևանում հաստատվելուն պես նրա կյանքն անխզելիորեն կապվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ։
Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի թվով 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն:
Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի (թվով 69 նվագախումբ) հետ, որոնց թվում՝ ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ Երգչախմբի ստեղծագործական առաջընթացի առավել նշանակալի շրջանը սկսվել է 1961 թվականից, երբ երգչախումբը գլխավորել է Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։
Ավելի քան 6 տասնամյակ Հովհաննես Չեքիջյանը ղեկավարում է երգչախումբը՝ աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության գոհարները։ Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Հովհաննես Չեքիջյանի օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։ Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը համաշխարհային խմբերգային արվեստում միակն է, որը բեմում երգում է առանց նոտաների։
Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:
Հովհաննես Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը՝ նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից:
Հովհաննես Չեքիջյանը, նաև հրաշալի կոմպոզիտոր է, ունի գրված եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»:
Վերոգրյալով պայմանավորված՝ նպատակահարմար է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն անվանակոչել Հովհաննես Չեքիջյանի անունով։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը նպատակ ունի արժևորելու անվանի Մաեստրոյի վաստակը երգչախմբի կայացման և հայ երգչախմբային արվեստը Հայաստանի սահմաններից դուրս տարածելու գործում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չկա:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը էլ ավելի կբարձրացնի Հայաստանի ազգային երգչախմբի հեղինակությունը, կնպաստի նրա հանրային ճանաչելությանը Հայաստանի սահմաններից դուրս, կդառնա երգչախմբի խորհրդանիշը, Մաեստրոյի ավանդի գնահատման լավագույն դրսևորումը։
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
««Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951 - Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» Գլխավոր նպատակ 2-ի (Մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացում, նորարարություն) Մասնավոր նպատակ 2.1-ի (Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում) Գործողություն 10-ից (Մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումների արժևորում, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիության բարձրացում) սահմանումներից:
- Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Discussed
24.09.2025 - 09.10.2025
-
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 852
Print