Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին

Հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

  Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ելնելով այս փաստերից՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։

Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության և պետական ​​անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից մրցունակ պատրաստի արտադրանք ստանալու համար։

Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ երկրներից, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում, ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույնանման ապրանքների համեմատությամբ) նույնիսկ  ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։

Նշված գործոնները կարող էին հանգեցնել այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը և, ի վերջո, դրանց արտադրական գործունեության խաթարմանն ու դադարեցմանը, ինչն էլ, իր հերթին՝ ներմուծումից կախվածությանը։

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Նշված գործընթացը չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և էլ.լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկություններ  ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը (ինչպես նշվեց հիմնավորման սկզբնամասում) չի լուծում առկա խնդիրը։

Հարկ է նշել, որ կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, և ելնելով այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ Կառավարության 03.07.2025թ. N 881-Ն որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։

Արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ արգելքի կիրառման հաջորդ տարում (2021թ.) պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը շարունակական աճի բնույթ է կրում։ Մասնավորապես՝ 2024 թվականին ձուլազանգվածների չլեգիրված  պողպատից արտադրանքն աճել է 2.4 անգամ, պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրանքը՝ 10.8%-ով, ալյումինից ձուլված կենցաղային արտադրատեսակները՝ 5.8%-ով, երկաթից, թուջից, պողպատից կամ ալյումինից մետաղե կոնստրուկցիաները և դրանց մասերը՝ 19%-ով։

Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2025 թվականներին կատարվել են ներդրումներ ոլորտում, այդ թվում՝ օտարերկրյա և ստեղծվել կամ ընդլայնվել են մի շարք ձեռնարկություններ, որոնք նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը, օրինակ՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են (տեղի կունենա ներմուծման փոխարինում)։ 

Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 29-րդ և 47-րդ հոդվածները` առաջարկվում է ՀՀ կառավարության 03.07.2025թ. N 881-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո, սույն նախագծով սահմանել արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2026 թվականի փետրվարի 2-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը։

 «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։

Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի կայուն գործունեության ապահովում, մրցունակության բարձրացում, առավել բարդ և բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Մետաղական հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, բարդ և բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրություն միջոցով ներմուծման փոխարինում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի բարենպաստ պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պեոտություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ կետով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում:

  1. Այլ տեղեկություններ

-

  • Discussed

    19.09.2025 - 04.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1061

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: