«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայումս առգրավված, վերցված, կամավոր հանձնված, գտնված զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և ռազմամթերքը Ոստիկանություն փոխանցելու, Ոստիկանության զինապահեստ ընդունելու, ինչպես նաև՝ դրանք ոչնչացնելու գործընթացը կանոնակարգված է ՀՀ կառավարության 2020թ․ մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
Որոշման ընդհանուր տրամաբանությունը հանգում է նրան, որ օգտագործման համար պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը սահմանված կարգով հաշվառվում են Ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ծառայողական նպատակներով օգտագործելու համար, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը, համապատասխան մասնագետների կողմից գնահատվելուց հետո, հանձնվում են կոմիսիոն վաճառքի՝ դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է պետական բյուջե:
Միաժամանակ, սահմանված է, որ զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ենթակա են ոչնչացման:
Այս համատեքստում, Որոշման մեջ անհրաժեշտ է հստակեցնել Ոստիկանություն փոխանցված որպես պարգև տրված զենքերի (որոնք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հիման վրա ենթակա չեն վերադարձման տիրոջը) հետագա տնօրինմանը և օգտագործմանը վերաբերող կարգավորումները։
Վերոգրյալից զատ, Որոշման մեջ պահպանվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանն առնչվող կարգավորումներ, այնինչ՝ նախընթաց օրենսդրական վերանայումների արդյունքում, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձևավորմամբ պայմանավորված, այլևս դադարեցվել է այդ վարչության գործունեությունը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել համարժեքորեն վերանայել նաև այդ դրույթները։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է հստակեցնել Ոստիկանություն փոխանցված որպես պարգև տրված զենքերի (որոնք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հիման վրա ենթակա չեն վերադարձման տիրոջը) հետագա տնօրինմանը և օգտագործմանը վերաբերող կարգավորումները, որի արդյունքում առավել որոշակի կդառնան նման զենքերի մալելու, չմալելու և չոչնչացնելու վերաբերյալ դրույթները։
Զուգահեռաբար, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանն առնչվող կարգավորումները խմբագրվում են այնպես, որպեսզի դրանք վերաբերելի լինեն «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։
7․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի անհրաժեշտ գործիքակազմ՝ Ոստիկանության զինապահեստ ընդունված՝ որպես պարգև տրված զենքերի հետագա տնօրինման և օգտագործման համար։ Միաժամանակ, կբացառվեն փորձաքրեագիտական գործընթացում ոլորտային օրենսդրության հետ անհամադրելի կարգավորումները։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
17.09.2025 - 03.10.2025
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 821
Print