Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<<<Խաղային գործունեության կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> և <<<<Պետություն-մասնավոր գործընկերության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

   «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի (մրցույթի) անցկացման պահանջ, որին համապատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (Վերահսկող մարմին) նախաձեռնել է ընտրության ընթացակարգի և մի շարք այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը։ Այդուհանդերձ, օրենքով սահմանված չէ մրցույթի արդյունքների (ընտրության ընթացակարգի)՝ դատական կարգով բողոքարկման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող նորմ, ինչը գործնականում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։
   Միաժամանակ, համանման հարաբերություններ կարգավորող՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14․9-րդ հոդվածով թեև սահմանված է ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ, սակայն սահմանված չէ բողոքարկման ժամկետ, որպիսի պայմաններում գործում է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը։
    Նման պայմաններում շահագրգիռ անձինք, թե՛ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի, թե՛ ՊՄԳ օրենքով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետում, որպիսի հնարավորության առկայությունը նպատակահարմար չէ, քանի որ, պայմանավորված այս վեճերի առանձնահատկություններով, պետք է գործի բողոքարկման առավել սեղմ ժամկետ՝ մի կողմից նպաստելով դատարան դիմողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, մյուս կողմից՝ ապահովելով հաղթող հայտատուի արդյունավետ գործունեության իրականացման հնարավորությունը։ Այլ խոսքով, եթե այս վեճերի համար գործի հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը, ապա հնարավոր է, որ այդ ժամկետի ավարտին մոտ ժամանակահատվածում ևս հարուցվի դատական գործ, ինչը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության (անգործության) իրավաչափությունը պարզելու տեսանկյունից, այնպես էլ խոչընդոտել մի դեպքում՝ հաղթող հայտատուի կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի, մյուս դեպքում՝ մասնավոր գործընկերոջ գործունեության կամ ՊՄԳ ծրագրի իրականացմանը, ուստի նպատակահարմար է նմանատիպ գործերի հարուցման հնարավորությունը պայմանավորել սեղմ ժամկետներով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

     Նախագծերով առաջարկվել է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ և դրա համար սահմանել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, առաջարկվել է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14․9-րդ հոդվածով սահմանված՝ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման համար նույնպես սահմանել երկու ամիս ժամկետ, որը, կրկին, հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, կարևորելով այն հնարավոր դեպքերը, երբ բողոքարկման ենթակա որոշումը կարող է կայացված լինել նախագծերով առաջարկվող կարգավորումները ուժի մեջ մտնելուց առաջ, նախագծերի անցումային դրույթներով սահմանվել է նաև, որ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։ Այսպիսով, ապահովվել է նաև այն որոշումները բողոքարկելու հնարավորությունը, որոնք կայացնելու օրվա դրությամբ գործել է դրանք բողոքարկելու՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը և, ապահովելու համար դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը, նախագծերով սահմանվել է, որ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ևս շահագրգիռ անձինք կարող են բողոքարկել համապատասխան որոշումները։

       3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

       Նախագծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

    Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին նորմ և բողոքարկման սեղմ ժամկետ՝ ապահովելու համար Օպերատորի գործունեության բնականոն ընթացը և բացառելու այդ գործերի ժամանակավրեպ քննության իրավական հնարավորությունը՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Միևնույն արդյունքն ակնկալվում է նաև ՊՄԳ ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին երկամսյա ժամկետ սահմանելու մասին կարգավորման ընդունմամբ:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

    Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12 դեկտեմբեր 2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։

  • Discussed

    25.08.2025 - 12.09.2025

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1417

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: