Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 583-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պոլիքլորացված բիֆենիլները հայտնի են քլորացված ածխաջրածիններ ընդհանուր անվանումով: Այս խումբը ներառում է տարբեր աստիճանի քլորացված բիֆենիլի կառուցվածք (իրար միացած երկու բենզոլային օղակներ) ունեցող բոլոր միացությունները: Պոլիքլորացված բիֆենիլները (պոլիքլորացված դիֆենիլներ)   պատկանում են այն սինթետիկ քիմիական նյութերի դասին, որոնց մեծ մասը քիմիապես կայուն են: Տեսականորեն ընդամենը կարող է գոյություն ունենալ պոլիքլորացված բիֆենիլների 209 միացություն, բայց առևտրային արտադրանքում հանդիպել է մոտ 130-ը: Պոլիքլորացված բիֆենիլները հրակայուն են, ունեն ցածր էլեկտրահաղորդականություն, բարձր դիմադրողականություն ջերմային աղեղնակին, բարձր քիմիական կայունություն շատ օքսիդիչների և այլ քիմիական նյութերի նկատմամբ: 

Էներգետիկ համակարգում պոլիքլորացված բիֆենիլներ կիրառվել են, որպես հեղուկ դիէլեկտրիկներ տրանսֆորմատորային յուղ պարունակող էլեկտրասարքավորումներում՝ ուժային տրանսֆորմատորներ, յուղային անջատիչներ, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորներ, աղեղմարիչ կոճերի տրանսֆորմատորներ, էլեկտրակոնդենսատորներ, ինչպես նաև էլեկտրական մալուխներում:

Պոլիքլորացված բիֆենիլների դասի միացությունների փոքր մաս կազմող «դիօքսինանման» պոլիքլորացված բիֆենիլներն անչափ կայուն են կենսաբանական քայքայման և մետաբոլիզմի նկատմամբ: Ինչպես կայուն օրգանական աղտոտիչների մեծ մասը, պոլիքլորացված բիֆենիլները ևս տեղափոխվում են իրենց գոյացման կամ շրջակա միջավայր արտանետման աղբյուրներից շատ հեռու, երկրի սահմաններից դուրս, պահպանվում են շրջակա միջավայրում, կենսակուտակվում են սննդային ցանցի միջոցով և վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, ուստի անհրաժեշտ է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը նման աղտոտիչներից:

Պոլիքլորացված բիֆենիլներն ունեն կենդանիների ու մարդու ճարպային հյուսվածքներում կենսակուտակման հատկություն, ուստի մարդու առողջության վրա թողնում են մեծ վնասակար ազդեցություն: Պոլիքլորացված բիֆենիլների ցածր մակարդակների ազդեցության դեպքում առաջանում են քրոնիկ էֆեկտներ, ներառյալ` լյարդի ախտահարում, վերարտադրողական ֆունկցիաների և զարգացման խանգարումներ, իսկ բարձր մակարդակներն առաջացնում են մաշկի ցանավորում, քոր և այրոց, աչքի գրգռվածություն, մաշկի և եղունգների գունավորման փոփոխություն, լյարդի և իմունային համակարգի ֆունկցիաների խանգարում, շնչառական ուղիների գրգռում, գլխացավ, սրտխառնոց, դեպրեսիա, հիշողության կորուստ, նյարդայնություն, հոգնածություն: Պոլիքլորացված բիֆենիլները նաև քաղցկեղածին են:

Մարդու առողջության վրա պոլիքլորացված բիֆենիլների ազդեցության մասին տվյալների մեծ մասը ստացվել է սննդայուղերի, սննդամթերքի պոլիքլորացված բիֆենիլներով աղտոտվածության կամ կոնդենսատորների արտադրության ժամանակ աշխատավայրերում պոլիքլորացված բիֆենիլների տևական ազդեցության դեպքերի ուսումնասիրությունների արդյունքում:

2001 թվականի մայիսի 22-ին Ստոկհոլմում ստորագրված` «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ամրագրված պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտ է կարգավորել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող նյութերի, այդ թվում՝ էլեկտրական մեկուսիչ յուղերի (այսուհետ՝ յուղեր),  պոլիքլորացված բիֆենիլներով յուղեր պարունակող սարքավորումների, սարքերի, մալուխների, ինչպես նաև դրանց թափոնների հետ կապված հարաբերությունները։

Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (այսուհետ՝ Կողմեր) պարտավորված են արգելել կամ սահմանափակել Կոնվենցիայով նախատեսված առանձին քիմիական նյութերի, այդ թվում՝ պոլիքլորացված բիֆենիլների (CAS համարը՝ 1336-36-3) արտադրությունն ու օգտագործումը, դրանց ներմուծումն ու արտահանումը: Նշված արգելքները և անվտանգ գործածության կանոնները սահմանելու համար Կոնվենցիայով վերջնաժամկետ սահմանված է 2025 թվականը։ Կոնվենցիայի Կողմերը ստանձնել են նաև առանձին քիմիական նյութերի արտանետման կրճատմանը, քիմիական նյութեր պարունակող պաշարների և թափոնների կառավարմանն ուղղված այնպիսի միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք կապահովեն մարդու առողջության ու շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Եվրոպական միության «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» (ԵՄ) 2019/1021 հրահանգի ընդունման նպատակը ևս կայուն օրգանական աղտոտիչների արտադրությունը, շուկայահանումը և օգտագործումն արգելելն է, հնարավորինս շուտ հեռացնելով կամ սահմանափակելով դրանք, ինչպես նաև այդ աղտոտիչներից մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելը: Կոնվենցիայի կողմ երկրների մեծ մասում գործում է պոլիքլորացված բիֆենիլների արտադրության, օգտագործման, ներմուծման և արտահանման արգելքը։

Պոլիքլորացված բիֆենիլները ներառված են «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայի (Ռոտերդամ, 1998թ.) 3-րդ հավելվածով սահմանված նյութերի ցանկում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի  մարտի 17-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N 293-Ն որոշմամբ հաստատված ցանկում։

Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնները ներառված են ՀՀ կառավարության 2015 թվականի  փետրվարի 5-ի N 90-Ն և 2021 թվականի  ապրիլի 8-ի N 489-Ն որոշումներով հաստատված վտանգավոր թափոնների ցանկերում, որոնց ներմուծումը, այդ թվում՝ տեղափոխումը ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ տարածք արգելված է, իսկ արտահանումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից տրամադրված մեկանգամյա լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) հիման վրա։

2014 թվականի մարտի 31-ից ուժի մեջ է մտել «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» ՄՄ ՏԿ 030/2012 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը, ինչով սահմանված են մասնավորապես՝ քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների (արտադրանք), բանեցված արտադրանքի և դրանց վերամշակման հետևանքով ստացված արդյունքներին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության պաշտպանության նպատակով։ ՄՄ ՏԿ 030/2012 տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված են տեխնիկական կանոնակարգման ենթակա արտադրանքի բնութագրերին ներկայացվող պահանջները, իսկ մասնավորապես 1-ին հավելվածի աղյուսակի 9-րդ տողով սահմանված է յուղերում պոլիքլորացված բիֆենիլերի պարունակության սահմանաչափը, որը չպետք է գերազանցի 50 մգ/կգ ցուցանիշը։

Պոլիքլորացված բիֆենիլների և դրանց թափոնների անվտանգ գործածության կանոնները, պայմանները սահմանելուն է ուղղված Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8.3-րդ միջոցառումը։ «Թափոնների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարման գործընթացի շրջանակներում՝  համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ կկանոնակարգվի պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների, ներառյալ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների թափոնների գործածությունը։

Հայաստանի Հանրապետությունում շահագործվող Էլեկտրատեղակայանքների անվտանգության կանոնները սահմանված են Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին»   N 583-Ն որոշմամբ, իսկ համաձայն նշված որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝ տվյալ կարգավորման շրջանակներում «անվտանգություն» հասկացությունը նշանակում է շրջակա միջավայրին, մարդկանց և կենդանիների կյանքին, գույքին վնաս հասցնելու անթույլատրելի ռիսկի բացակայություն։ Հաշվի առնելով, որ հանրապետությունում դեռևս օգտագործվող պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող հիմնական արտադրանքը՝ խորհրդային տարիներին ձեռքբերված և մինչ այժմ շահագործվող էներգետիկ համակարգի սարքավորումներում առկա էլեկտրական մեկուսիչ յուղերն են և դրանք պարունակող սարքավորումները, ուստի անհրաժեշտ է տվյալ ոլորտը կանոնակարգող ՀՀ նորմատիվ իրավական ակտում կատարել համապատասխան լրացումներ՝ սահմանելով գումարային 50 մգ/կգ սահմանաչափը գերազանցող կոնցենտրացիայով (ըստ զանգվածի 0.005 տոկոս և ավելի) պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող  էլեկտրամեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ գործածության կանոնները։

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների կատարման, այդ թվում՝ էներգետիկ համակարգի սարքավորումներում և էլեկտրական մեկուսիչ յուղերում պոլիքլորացված բիֆենիլների որոշման,  դրանց նույնականացման ու գույքագրման, անվտանգ պահպանման և շահագործումից հանման, ինչպես նաև էկոլոգիապես անվտանգ հեռացման պարտավորությունների, դրանց ապահովման ժամկետների վերաբերյալ իրազեկման նպատակով շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, քննարկումներ, աշխատաժողովներ, որոնց մասնակից են դարձել նաև շահագրգիռ պետական մարմինների և էներգետիկ ոլորտի հիմնական, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին»   N 583-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը նախապես կարծիքի է ներկայացվել էներգետիկայի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար լիազորված և Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի N 583-Ն որոշումը մշակած գերատեսչությանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ վերջինիս միջոցով էներգահամակարգի շահագրգիռ ընկերություններին։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությամբ շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրվել ներկայացված Նախագծի վերաբերյալ ՀՀ էներգահամակարգի խոշոր տասնմեկ ընկերությունների կարծիքներն ու առաջարկությունները, ինչը հաշվի է առնվել սույն նախագծի լրամշակված տարբերակը կազմելիս։

«Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին»   N 583-Ն որոշման հավելվածի 295-րդ կետի համաձայն՝ «Չի թույլատրվում մերկ ձեռքերով դիպչել եռաքլորդիֆևիլով (ԵՔԴ) ներծծված` արտահոսք ունեցող կոնդենսատորներին։»։ Քանի որ  եռաքլորդիֆենիլը ևս հանդիսանում է պոլիքլորացված բիֆենիլների (դիֆենիլների)  խմբի նյութ (բիֆենիլներ կամ դիֆենիլներ նույն նյութերն են և համարժեք տարբերակներով հիշատակված են նաև օրենսդրական այլ ակտերում,  «բի»-ն կամ «դի»-ն նշանակում է որ տվյալ նյութը կազմված է երկու ֆենիլ ռադիկալներից), ուստի անհրաժեշտություն է առաջացել Որոշման հավելվածում կատարել փոփոխություն՝ 295-րդ կետում ուղղել «եռաքլորդիֆևիլ» բառում առկա վրիպակը, ճիշտ տարբերակն է՝ «եռաքլորդիֆենիլ»։

   «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայով  ամրագրված պարտավորությունների կատարումն ապահովելու, մասնավորապես՝ պոլիքլորացված բիֆենիլներով մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին պատճառվող վնասները կանխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ներկայումս այդ նյութերի կիրառման հիմնական ոլորտում՝ էլեկտրատեղակայանքների շահագործման տեղամասերում ապահովել հետևյալ գործողությունները՝ պոլիքլորացված բիֆենիլների հավանական պարունակությամբ էլեկտրական սարքավորումներում և մեկուսիչ յուղերում պարզել պոլիքլորացված բիֆենիլների առկայությունը, հաշվառել և պիտակավորել դրանք, շահագործումից հանել ու մեկուսացնել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակողները, հետագայում դրանց անվտանգ հեռացումն ապահովելու համար։ Նշված գործողությունների կատարումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել Էլեկտրատեղակայանքների անվտանգության շահագործման կանոնները սահմանող նորմատիվ իրավական ակտում։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Մշակված նորմատիվ իրավական ակտով նախատեսվում է Էլեկտրատեղակայանքների անվտանգ շահագործումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտում՝ Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ՝ առանձին գլխով սահմանելով  պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների գործածությանը ներկայացվող պահանջները։

Առաջարկվում է սույն որոշումն ուժի մեջ  մտնելու ժամկետ սահմանել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկու հարյուրերորդ օրը, Էլեկտրատեղակայանքների շահագործողներին, ինչպես նաև պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և դրանք պարունակող սարքավորումների գործածության մեջ ներգրավված այլ անձանց հնարավորություն տալով առնվազն վեց ամսվա ընթացքում համապատասխանեցնել իրենց գործունեությունը Կառավարության 2023  թվականի ապրիլի 21-ի N 583-Ն որոշմամբ սահմանվող նոր պահանջներին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կսահմանվեն պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների անվտանգ գործածությանը, մասնավորապես՝ մեկուսիչ յուղերի նմուշառմանը և լաբորատոր փորձաքննությանը, սարքավորումների և մեկուսիչ յուղերի հաշվառմանը, սարքավորումների շահագործմանը, նորոգմանը, պահպանությանը, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող արտադրանքի շահագործումից հանմանը ներկայացվող պահանջները։

Նախագծի ընդունումը կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող էլեկտրական մեկուսիչ յուղերի և դրանք պարունակող սարքավորումների շահագործման դադարեցմանը և աստիճանաբար էկոլոգիապես անվտանգ եղանակով վնասազերծմանը, հեռացմանը, ինչի արդյունքում կնվազեն չափազանց թունավոր և քաղծկեղածին հատկություններ ունեցող նյութերի և դրանց թափոնների պատճառով մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին պատճառվող վնասները, դրա հետ կապված ռիսկը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

       Նախագիծն ուղղված է նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի 3-րդ միջոցառման ապահովմանը։ 

  • Discussed

    25.08.2025 - 09.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    Ministry of Environment

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1516

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: