ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (28․02․2024թ․ ՀՕ-106-Ն, ուժի մեջ է մտնում 01.01.2026թ.-ից) և ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-106-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների (04.12.2024թ․ ՀՕ-493-Ն, ուժի մեջ է մտնում 01.01.2025թ.-ից) ընդունմամբ։
28․02․2024թ․ ՀՕ-106-Ն օրենքի համաձայն՝
- ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, որով սահմանված է, որ հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում (2-րդ հոդված),
- դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ ՀԳՊԱ (հարկային գործակալի պարտականություններից ազատված) վարձու աշխատողները դրոշմանիշային վճարները հաշվարկում են՝ հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում ներառված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց եկամուտները (3-րդ հոդվածի 3-րդ մաս),
- դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարները հաշվարկում և արտացոլում են համապատասխանաբար եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում), անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկում և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունում (3-րդ հոդվածի 4-րդ մաս):
ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման N4 հավելվածում (հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին փոխանցվող` դրոշմանիշային վճար վճարողների ցուցակների և հարկային մարմնի կողմից ֆինանսների ոլորտում ՀՀ կառավարության լիազորված մարմին ներկայացվող` դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամ փոխանցելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրման կարգ) սահմանվում է, որ հարկային մարմինը հաշվարկները (բացառությամբ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, քրեակատարողական կամ դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառների պետական լիազոր մարմինների) ստանալուց հետո առանձնացնում է այն ֆիզիկական անձանց, որոնց համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվեգրվել (վճարվել) են եկամուտներ և այդ եկամուտներից հաշվարկվել են դրոշմանիշային վճարներ: Եթե այդ ֆիզիկական անձանց դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինն այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողների ցուցակը՝ համաձայն N 1 ձևի, տրամադրում է հատուցման հիմնադրամին:
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով 28․02․2024թ․ ՀՕ-106-Ն օրենքով կատարված փոփոխություններին համապատասխան՝ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման մեջ հստակեցվում են դրոշմանիշային վճարի հաշվարկման նպատակով հիմք ընդունվող համապատասխան հաշվարկների անվանումները։
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
- դրոշմանիշային վճար վճարողի կողմից (ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով) հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների, ինչպես նաև հաշվարկների ճշտման արդյունքում հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարի չափի վերաբերյալ վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին,
- hատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար,
- եթե ֆիզիկական անձը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով, և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները:
3. Կարգավորման առարկան. ՀՀ կառավարության 02.02.2017թ. N86-ն որոշման դրույթների համապատասխանեցումն է 28․02․2024թ․ ՀՕ-106-Ն օրենքով կատարված փոփոխություններին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. ՀՀ կառավարության 02.02.2017թ. N86-ն որոշման դրույթների համապատասխանեցումը 28․02․2024թ․ ՀՕ-106-Ն և 04.12.2024թ․ ՀՕ-493-Ն օրենքներով կատարված փոփոխություններին
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
-
Discussed
22.08.2025 - 06.09.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1419
Print