ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որ իրեն ամրացված հանրակացարանային սենյակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակեցման աշխատանքներ, նախատեսվում է լուծարել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծն արդեն իսկ ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, որի համաձայն, մասնավորապես, նախատեսվում է «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանային սենյակներում բնակեցված անձանց կացարանով ապահովման սոցիալական ծառայությունն իրականացնել (կազմակերպել) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Վերջինս, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրականացնում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անձանց) կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը։
«Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո դրան ամրացված հանրակացարանային սենյակններում բնակեցված՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայությունների տրամադրումը կազմակերպելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 10.09.2015 թ․ N 1069-Ն որոշման և 31.10.2002 թ․ N 1701-Ն («Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին) որոշման մեջ, ինչին էլ մասամբ ուղղված է Նախագիծը։
Բացի այդ՝ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի մի մասը (նախկինում՝ «Ինտեգրման տուն») կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է օգտագործել որպես ժամանակավոր օթևան՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարճաժամկետ (մինչև 90 օր) կացարանով ապահովելու նպատակով։ Նշված սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել պետական բյուջեի միջոցներից դրամաշնորհի մրցույթի արդյունքներով ընտրված մասնավոր կազմակերպության միջոցով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշումը թեպետ նախատեսում է «այլ կազմակերպությունների» պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու հնարավորությունը, սակայն գույքն այլ կազմակերպություններին, ընդհանուր կանոնին համաձայն, կարող է տրամադրվել միայն գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրի հիման վրա։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է լրացումներ կատարել Կառավարության 21.04.2023 թ․ N 595-Ն որոշման մեջ, ինչը թույլ կտա պետական գույքն անհատույց տրամադրել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում (այն է՝ պետական բյուջեի միջոցներից) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին։ Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող երեք սոցիալական ծառայությունների տրամադրման համար պետական գույքի անհատույց տրամադրումը՝ այդ ծառայությունների մատուցումը մասնավոր կազմակերպությունների միջոցով կազմակերպվելու դեպքում, համահունչ է այդ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպման ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որդեգրած քաղաքականությանը։ Նշվածի կապակցությամբ նշենք նաև, որ Կառավարության 21.04.2023 թ. N 595-Ն որոշման մեջ այս պահին էլ առկա են այլ կազմակերպություններին գույքն անհատույց տրամադրելու բացառություններ սահմանող նմանատիպ կարգավորումներ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների համար։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների համաձայն՝ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք շարունակելու են բնակվել իրենց հատկացված կացարաններում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով (նշված ժամկետի ավարտից հետո նշված անձանց սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունը կտրամադրվի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ընդհանուր հիմունքներով)։ Ընդ որում՝ նշված անձանց հետ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրի կնքումը նախատեսվում է իրականացնել Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է, որ այդ անձինք պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվում են Կառավարության 10.09.2015 թ․ N 1069-Ն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում և կարգով։ Նշվածը, մասնավորապես, նպատակ ունի ապահովելու «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից «տեղափոխված» անձանց՝ քննարկվող որոշմամբ նախատեսված՝ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հետ հավասար ու ոչ խտրական մոտեցում։
Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Կառավարության 21.04.2023 թ. N 595-Ն որոշման մեջ, որով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի պետական գույք՝ դրամաշնորհային ծրագրերով սահմանված ժամկետով։ Նշված իրավակարգավորումը, ինչպես արդեն նշվել է վերևում, ընդհանուր առմամբ բխում է այդ ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունից, միաժամանակ այն թույլ կտա, ի թիվս այլնի, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի (դրա մի մասի) շրջանակներում իրականացնել ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայության տրամադրումը։
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք կշարունակեն բնակվել իրենց հատկացված կացարաններում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով։
Միաժամանակ, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի այդ ծրագրերով սահմանված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստանալ պետական գույք։ Արդյունքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կստանա քննարկվող սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպել նաև մասնավոր կազմակերպությունների միջոցով։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
-
Discussed
11.08.2025 - 26.08.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 1325
Print