Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» N 627-Լ հրամանի 2-րդ ուղղության 3-րդ կետով նախատեսվել է քննարկել Արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ ԱՆ) «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները փակելու հնարավորությունը:

ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքներով զեկույց[1], որտեղ մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է Դատապարտյալների հիվանդանոցին, ապա այնտեղ կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել, ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում (բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների): Ամփոփելով՝ Դատապարտյալների հիվանդանոցի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, և Կոմիտեն կոչ է անում հայկական իշխանություններին շուտ փակել այն»:

Վերոգրյալից ելնելով՝ հարկ է արձանագրել, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝ Հիմնարկ) գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, Հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից:

Հիշյալ նպատակի իրականացման համար ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 100 լրակազմ ունեցող նոր տեղակազմ:

Հատկանշական է նաև, որ Հիմնարկում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսվում է կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:

Ինչ վերաբերվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին ամրակցված զենքերը, զինամթերքը և հատուկ միջոցները մինչև Հիմնարկի գործունեությունը դադարեցնելը ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին հանձնելուն, ապա դրանց պահպանության ապահովման հետ կապված այն պետք է իրականցվի մինչև Հիմնարկի գործունեության դադարեցումը՝ դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է դադարեցնել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը։

 

  1. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների Հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ չեն նախատեսվում։

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» N 627-Լ հրամանից:

  • Discussed

    07.08.2025 - 25.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1903

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: