ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»
Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ներքին գործերի նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի «Սեյսմիկ պաշտպանության գործընթացի հաշվեքննության կատարողականում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բարձրացված հարցերի առնչությամբ ներկայացված առաջարկություններով միջոցառումների ծրագիր հաստատելու մասին» թիվ 1463-Ա հրամանի հավելվածի 1-ին կետով։
Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել սեյսմիկ պաշտպանության և քաղաքաշինության ոլորտները կարգավորող մի շարք իրավական ակտերի միմյանց համապատասխանությունը, ինչպես նաև ներպետական օրեսդրության մեջ ներդնել և կիրառել սեյսմիկ պաշտպանության ոլորտում միջազգային փորձն ու չափորոշիչները։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Պատմական անցյալում և մեր ժամանակներում ուժեղ երկրաշարժները մեկ անգամ չէ, որ ավերակների են վերածել շեն ու բարգավաճ քաղաքներն ու գյուղերը` պատճառ դառնալով մեծաքանակ մարդկային զոհերի, հսկայական նյութական ու տնտեսական վնասի: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին:
Հայաստանի բնակչության խտությունը բարձր է և անհավասարաչափ է տեղաբաշխված, բնակչության զգալի մասը բնակվում է Երևանում: Հանրապետության բնակելի շինությունների, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների մեծամասնությունն ունեն բարձր սեյսմիկ խոցելիություն։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում (առավելապես Երևանում) մեծ ծավալով իրականացվում են շինարարական աշխատանքներ, կառուցվում են (վերակառուցվում են) բարձր հարկայնության շենքեր, որն էլ իր հերթին բարձրացնում է ուրբանիզացման մակարդակը ՀՀ-ում։ Օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն՝ չկան իրավական հիմքեր սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտի շինարարական նորմերի պահանջներին չբավարարող օբյեկտների նախագծման, շինարարության և վերակառուցման ժամանակ կոնկրետ տեղանքի (հարթակի) սեյսմիկ վտանգի գնահատում իրականացնելու համար։
Թերի և ոչ բազմակողմանի են կարգավորված շենքերի և շինությունների կառուցման ու շահագործման հետ կապված սեյսմիկ անվտանգության պահանջների ապահովման հարցերը։
Սեյսմիկ պաշտպանության համակարգում կան ոլորտի բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գոյություն ունեցող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս լիարժեք գնահատել սեյսմիկ ռիսկի նվազեցման հետ կապված իրավահարաբերությունները։
Բացի վերը նշվածից՝ սեյսմիկ պաշտպանության ոլորտը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում առկա են հակասություններ այդ ակտերի և «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի միջև։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության ապահովման և սեյսմիկ պաշտպանության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
«Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի նախագծով կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության առավել արդյունավետ կազմակերպումը և իրականացումը․ մասնավորապես՝
1) կխմբագրվեն և կհստակեցվեն «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ։ Կլրացվեն հասկացությունների ցանկը միջազգային չափանիշներին համապատասխան․
2) կհստակեցվեն և կլրացվեն սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ դրույթները, ինչի հետևանքով կապահովվի սեյսմիկ ռիսկի գնահատման քաղաքականության մշակման, մեխանիզմների և կարողությունների զարգացումն ու ամրապնդումը, իրավական, կազմակերպական և տեխնիկական հիմնախնդիրների լուծմանը․
3) կսահմանվեն իրավանորմեր, որոնք հնարավորություն կտան իրականացնել սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտի շինարարական նորմերի պահանջներին չբավարարող օբյեկտների նախագծման, շինարարության և վերակառուցման ժամանակ կոնկրետ տեղանքի (հարթակի) սեյսմիկ վտանգի գնահատում․
4) կխմբագրվեն շենք, շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ դրույթները, ինչը կնպաստի նշված գործունեության իրականացման արդյունավետության բարձրացմանը․
5) կխմբագրվեն և կլրացվեն սեյսմիկ պաշտպանության ոլորտում լիազոր մարմնի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները․
6) կլուծվեն «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքում և ոլորտը կարգավորող այլ իրավական ատերում առկա հակասությունները։ Օրենքի մի շարք դրույթներ կխմբագրվեն՝ հիմք ընդունելով քաղաքաշինության ոլորտի իրավակարգավորումները․
7) ուժը կորցրած կճանաչվեն արդիականությունը կորցրած և ոչ կիրառելի դրույթները․
8) կխմբագրվեն մի շարք կարգավորումներ և անորոշ ձևակերպում ունեցող դրույթներ։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
«Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»
Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջացնի։
6․ Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում։
7․ Ակնկալվող արդյունքը
«Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»
Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պաշտպանվածությունը հնարավոր ուժեղ երկրաշարժերից և զգալիորեն բարձրացնել սեյսմիկ անվտանգության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում՝ կիրառելով այդ թվում միջազգային լավագույն փորձը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կհստակեցվեն սեյսմիկ պաշտպանության ոլորտում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները և կսահմանվի «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվություն: Այս կարգավորմամբ կբարձրացվի նշված մարմինների և կազմակերպությունների կողմից սահմանված պարտականությունների կատարման նկատմամբ պատասխանատվության աստիճանը։