«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 23․05․2020 թվականի թիվ 771-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ հավելվածով հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):
Ծրագրի շրջանակներում պետությունն ուղղակի մասնակցում է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին» (այսուհետ՝ Ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր գումարով՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։ Ֆոնդի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել նախադեպ՝ նման ֆոնդերի և հիմնադրամների գործունեության համար, որն իր հերթին կնպաստի կապիտալի շուկայի զարգացմանը և ՀՀ տնտեսությունում այլընտրանքային ֆինանսական գործիքների ձևավորմանը, ինչպես նաև ընդհանուր կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:
Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ֆոնդի ներդրողներից են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական միությունը, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, Նիդեռլանդների զարգացման բանկը և այլն։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ֆոնդին միացել է 2021 թվականին։ Մասնավորապես, 2021 թվականի հուլիսի 8-ին Որոշման մեջ կատարված փոփոխություններով հաստատվել է Ծրագիրը, իսկ 26․11․2021թ․ կնքվել է Ֆոնդի բաժնեմասային մասնակցության մեջ ներդրում կատարելու բաժանորդագրության պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ֆոնդի սահմանափակ գործընկերության համաձայնագրին (այսուհետ՝ Ֆոնդի կանոններ)։
Ֆոնդի գործունեությունը և բոլոր ներդրողների, այդ թվում՝ Եվրոպական միության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և ՀՀ կառավարության հետ հարաբերությունները կարգավորվում են Ֆոնդի կանոններով։ Կառավարության Որոշումը, արտացոլելով Ֆոնդի կանոնների ընդհանուր տրամաբանությունը, առանձին կարգավորումների մասով ունի որոշակի անհամապատասխանություններ Ֆոնդի կանոնների հետ, որոնք պայմանավորված են ֆոնդի գործունեությունը կարգավորող 200 էջից ավել պայմանագրային դրույթների՝ մեկ կառավարության որոշման մեջ արտացոլելու անհնարինությամբ։ Այնուամենայնիվ, սույն նախագիծը նպատակ է հետապնդում հնարավորինս համապատասխանեցնել երկու փաստաթղթերը։
Այսպես, Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվել է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով։
Մինչդեռ Ֆոնդի կանոնների համաձայն՝ Ֆոնդին մասնակիցների, այդ թվում՝ ՀՀ կառավարության մասնակցության գումարը փոխանցվում է (փայերը ձեռք են բերվում) Ֆոնդի կողմից ծանուցմամբ պահանջվող գումարի չափով՝ Ֆոնդի կողմից կատարվող ներդրումների, կառավարչի վարձատրության կամ այլ ծախսերին համասնորեն, որոնք շատ ավելի փոքր չափերով են, քան նախատեսված է Որոշմամբ։ Մասնավորապես, Կառավարությունը փաստացի փոխանցել է 1,755,546.48 ԱՄՆ դոլարին համարժեք գումար թվով 25 կապիտալի կանչերով։
Նախագծով առաջարկվում է Ֆոնդին մասնակցելու ընթացակարգը որոշակիացնել, տարընկալումից խուսափելու նպատակով՝ 1 մլն ԱՄՆ դոլարի մասնաբաժնով փայերի ձեռքբերման կարգավորումը հանել։
Բացի վերոգրյալը, Որոշումը պարունակում է Ֆոնդի ներդրումային ժամանակահատվածին, Ֆոնդի եկամտաբերությանը, կառավարչի վարձատրությանը վերաբերող կարգավորումներ, որոնք Ֆոնդի կանոններով սահմանված են շատ ավելի բարդ մեխանիկայով, որը փաստացի արտացոլված չէ Որոշման մեջ։
Հետևաբար, նախագծով առաջարկվում է ավելի ընդհանրական ձևակերպում տալ այն կետերին, որոնք չեն կարող ճշգրտորեն արտացոլել Ֆոնդի Կանոնները։ Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ առաջարկվող փոփոխությունները ընդհանրապես չեն փոխում Ֆոնդի գործունեության ընդհանուր տրամաբանությունը, չի փոփոխվում նաև Կառավարության ընդհանուր ներդրումային պարտավորության չափը՝ 3 մլն ԱՄՆ դոլար։
Վերոնշյալ օրինակով երևում է, որ ֆոնդի Կանոններով առանձին ընթացակարգեր, այդ թվում և կառավարչի վարձատրությունն, աշխատում են շատ ավելի բարդ մեխանիկայով քան նախատեսված է Որոշմամբ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ներկայացվող նախագծով առաջարկվում է․
- Որոշմամբ օգտագործված տերմինաբանությունը համապատասխանեցնել Ֆոնդի կանոններով և այլ փաստաթղթերով սահմանված տերմինաբանությանը։
- Ֆոնդին մասնակցելու ընթացակարգը որոշակիացնել, 1 մլն ԱՄՆ դոլար մասնաբաժնով փայերի ձեռքբերման կարգավորումը հանել։
- Ֆոնդի գլխավոր գործընկերողջ հետ կնքված պայմանագրի, ներդրումային ժամանակահատվածի, կառավարչի վարձատրության վերաբերյալ կարգավորումները նախատեսել այնպիսի ձևակերպումներով, որպեսզի ամբողջությամբ չվերարտադրելով Ֆոնդի կանոնները, միաժամանակ առերևույթ հակասության տպավորություն չստեղծեն։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
-
Discussed
21.07.2025 - 05.08.2025
-
Type
Decision
-
Area
Economy, Financial
-
Ministry
Ministry of Economy
Views 1184
Print