|
Նախագծով հնարավորություն է ստեղծվել աջակցող միջոց ստանալու նպատակով ներկայացվող դիմումի հետ երեխայի անձնագիր կամ ծննդյան վկայական ներկայացնելու փոխարեն ներկայացնել բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, որի միջոցով իրականացվում է նույնականացման գործընթացը: Միաժամանակ, նախատեսվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքէջում հրապարակի մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների ցանկը՝ սահմանված ժամկետներում հավաստագրման գործընթացի ապահովման նպատակով և պարբերաբար թարմացնի այն, եթե լինում են փոփոխություններ:
Նախագծով նախատեսվել է, որ շահառուն իրեն ցուցված 2 զույգ կոշիկներից 2-րդ զույգը ստանալու հնարավորություն ունենա 1-ին զույգ կոշիկը ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում: Այս պարագայում շահառուին ցուցված 2 զույգ կոշիկ ստանալու իրավունքը պահպանվում է:
Նախագծով ընդլայնվել է աջակցող միջոցների ցանկը: Մասնավորապես, համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 02.12.2024թ. թիվ N 159-2024 նիստի արձանագրության 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի՝ առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցներում ավելացվել է մեկանգամյա օգտագործման տակդիրը, որը նախատեսվել է տրամադրել՝ 1-ին խմբի հաշմանդամություն, ֆունկցինալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ամսական 120 հատ: Նախնական հաշվարկներով, անհրաժեշտություն կառաջանա վերոնշյալ խմբի անձանց 20%-ին՝ շուրջ 430 անձի, տրամադրել մեկանգամյա օգտագործման տակդիրներ։ Խնդիրը կարևորվում է նրանով, որ տակդիր օգտագործող անձի համար մեկ ամսվա տակդիրի ծախսը կազմում է շուրջ 35000 դրամ, որը գրեթե համարժեք է հաշմադամություն ունեցող անձի նպաստի չափին, այսինքն ստացած նպաստը կարող է բավականացնել միայն տակդիրին։
Նախագծով նախատեսվել է, որ տակդիրների տրամադրման դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո, քանի որ անհրաժեշտ է «Աջակցող միջոցների տրամադրման» էլեկտրոնային համակարգում ապահովել տվյալ աջակցող միջոցի առկայությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոտնաթաթի պրոթեզ կրող շահառուները իրենց պրոթեզները ստացել են 2021 թվականին՝ 5 տարի ժամկետով, և հետևաբար հերթական պրոթեզի ստացման ժամկետը 2026 թվականն է, նախագծով նախատեսվել է, որ ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Շոպարի և ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի աջակցող միջոցները ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ 2021 և 2022 թվականներին տրամադրված միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզների հերթական տրամադրման ժամկետներն են 2026 և 2027 թվականները, խնդիր է առաջանալու տվյալ շահառուներին նոր պրոթեզներ տրամադրելու գործընթացում, քանի որ Որոշման N 2 հավելվածում ներառված չեն միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզները: Ուստի, առաջացած խնդրի կարգավորման նպատակով նախագծով նախատեսվել է աջակցող միջոցների ցանկը համալրել ևս 1՝ միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզի տեսակով՝ 21000000 դրամ առավելագույն արժեքով, որի արդյունքում կապահովվի զինհաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի իրացումը: Հակառակ դեպքում, նրանք չեն կարող ստանալ իրենց կարիքին համարժեք պրոթեզ։ Պրոթեզի արժեքի մեջ ներառված են նաև ծրագրային ապահովման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզ աջակցող միջոցը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Միևնույն ժամանակ նախագծով նախատեսվել է, որ 2026 թվականից ուժի մեջ է մտնելու նաև պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան: Այն օգտագործում են սրունքի ֆունկցիոնալ պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձինք: Պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան հանդիսանում է սրունքի սիլիկոնե լայներին համանման աջակցող միջոց և, ըստ շահառուի ցանկության, այն կարող է տրամադրվել վերջինիս փոխարեն:
Կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում և նրանց կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հավաստագրով տրամադրվող աջակցող միջոցների ցանկից հանվել են որոշ աջակցող միջոցներ կամ փոխարինվել են համանման պարագայով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց պատրաստման կամ վերանորոգման համար անհրաժեշտ մասերը այլևս արտադրությունից դուրս են եկել և կիրառելի չեն:
Հավաստագրի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է նոր անուններով։ Լրացումները կատարվում են ի հայտ եկած խնդիրները կարգավորելու և շահառուների համար ավելի մատչելի պայմաններ ապահովելու նպատակով։ Ցանկի համալրումը կարող է կրել պարբերական բնույթ, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ զբավող կազմակերպությունների ու մասնագետների հետ քննարկումները, միջազգային փորձի ուսումնասիրությունները նպաստում են նոր ծառայությունների, այդ թվում՝ նոր աջակցող միջոցների տրամադրմանը։
|