««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման, ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի n 704-ն որոշման մեջ լարացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 15-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«15) ազգային ստանդարտ՝ ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ:»:
Հոդված 3․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ակտեր» բառից հետո լրացնել «, ներգրավվում է ոլորտային ստանդարտների մշակման և ստանդարտների նախագծերի փորձաքննության աշխատանքներում»
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․
«4․ Հայաստանի Հանրապետությունում «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» արտադրանքի արտադությունը, վերամշակումը, պիտակավորումը և շուկայավարումն իրականացվում է համաձայն՝ ՀՍՏ 370-2015 «Օրգանական սննդամթերքի արտադրության, վերամշակման, պիտակավորման և շուկայավարման ղեկավար ցուցումներ» ազգային ստանդարտի։»։
Հոդված 6․ Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից հանել «և պիտակավորումը» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, ինչպես նաև օրգանական» բառերը։
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «մակնշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությւան կառավարությունը» բառերը փոխարինել «մակնշումն իրականացվում է համաձայն ազգային ստանդարտի» բառերով։
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6․ Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական գործունեություն ծավալող և արտահանող տնտեսավարող սուբյեկտները, որոնց արտադրանքը` որպես «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացվում է այլ երկրի սերտիֆիկացնող մարմնի կողմից, ևս ենթակա են գրանցման օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանում։»։
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
---- ---------------- 2025 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
- Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
- N 3 հավելվածում տարբերանշանը փոխարինել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող N 2 հավելվածի տարբերանշանով, իսկ ամբողջ տեքստում «200» թվերը փոխարինել «20» թվերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
------- ———-ի N ————-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 704-Ն որոշման
Ձև
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ
«Հայաստան օրգանական» տարբերանշանը հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ:
Խորհրդանիշը – տարբերանշանի կենտրոնական հատվածում տեղադրված են երեք նուռ, որոնք խորհրդանշում են Հայաստանի բնորոշ ազգային պտուղներից մեկը՝ նուռը։ Նուռը հայկական մշակույթում և պատմության մեջ ավանդաբար խորհրդանշում է առատությունն ու հաջողությունը, ինչպես նաև երկրի բերքատու և բնական ռեսուրսներով հարուստ լինելը։ Նռների բազմությունը տարբերանշանի կենտրոնում ստեղծում է առատության և բարգավաճման պատկեր, ինչը համընկնում է օրգանական արտադրանքի գաղափարի հետ։
Գույնը - օգտագործված հիմնական գույները՝ կանաչ և կարմիր, ունեն հատուկ նշանակություն։ Կանաչը ներկայացնում է բնության հանդեպ հարգանքն ու պարտավորվածությունը՝ խորհրդանշելով օրգանական գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։ Կարմիրը՝ նռան պտուղների գույնը, խորհրդանշում է Հայաստանի ուժը, ավանդույթները և այն հարուստ մշակութային ժառանգությունը, որից բխում է օրգանական արտադրանքի գաղափարը։
Գրվածքը - հայերենով գրված «Հայաստան Օրգանական» արտահայտությունը, ինչպես նաև "Armenia Organic" անգլերեն գրառումը, ամբողջացնում է տարբերանշանի ազգային ու միջազգային դիմագիծը՝ այն դարձնելով հասկանալի և ընդունելի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։
Շրջանակը - տարբերանշանն ունի կլորացված շրջանակ, որն ընդգծում է «կնիքի» գաղափարը, ինչը նշանակում է հավաստում և երաշխիք։ Շրջանակի դիզայնը ստեղծում է պաշտոնականության և վստահության զգացում՝ ցույց տալով, որ «Հայաստան Օրգանական» տարբերանշանն իրականում հանդիսանում է օրգանական արտադրանքի հավաստագիր։
Կիրառումը - տարբերանշանի կենտրոնական գաղափարը հիված է Հայաստանի օրգանական արտադրանքը ճանաչելի դարձնելու վրա։ Այս տարբերանշանը հուշում է, որ ապրանքը համապատասխանում է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին, անցել է համապատասխան ստուգումներ և ունի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ։ Նշանը, որը կներկայացվի օրգանական արտադրանքների վրա, հանդիսանում է հուսալիության և որակի բարձր ցուցիչ։
Հիմնական տարբերանշանը - հիմնական տարբերակը ներկայացված է կանաչ շրջանակով և կարմիր նռներով, նախատեսված է օգտագործման համար միայն բաց գույնի հիմնագույնի վրա՝ ապահովելով տարբերանշանի ճանաչելիությունն ու ընթեռնելիությունը։ Այս տարբերակն է առաջարկվում օգտագործել, երբ հնարավոր է կիրառել ամբողջական գունավոր տարբերակը՝ առանց համադրման խնդիրների։
Երկրորդական տարբերանշանը - երկրորդական տարբերակը նախատեսված է մուգ կամ կանաչ հիմնագույների համար, որպեսզի պահպանվի տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը։ Այս տարբերակում շրջանակը և տեքստը ներկայացված են սպիտակ գույնով, իսկ նռները մնում են կարմիր։ Այս տարբերակը ստեղծվել է տեսանելիություն և ընթեռնելիություն ապահովելու համար մուգ հիմնագույներով պիտակների կամ փաթեթավորման կիրառման դեպքում։
Միագույն տարբերակը - նախատեսված է այն դեպքերում, երբ տարբերանշանը տպագրվում է միայն մեկ գույնով՝ արտադրության կամ տեխնիկական պահանջների պատճառով։
Սպիտակ տարբերանշանը՝ մուգ հիմնագույնի վրա - կիրառվում է մուգ գույնի հիմնագույների վրա՝ տարբերանշանը դարձնելով ընթեռնելի։
Կանաչ տարբերանշանը՝ բաց հիմնագույնի վրա - նախատեսված է բաց գույների վրա օգտագործելու համար։
Սև տարբերանշանը՝ բաց կամ մուգ հիմնագույնի վրա - նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար։
Սև տարբերանշանը՝ բաց հիմնագույնի վրա - տարբերանշանի սև գույնի տարբերակը նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար, որտեղ հիմնագույնը բաց է կամ սպիտակ։
Սպիտակ տարբերանշանը՝ մուգ հիմնագույնի վրա – տարբերանշանի սպիտակ գույնի տարբերակը նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար որտեղ հիմնագույնը մուգ է կամ պարունակում է մուգ գույնի պատկեր։
Տարբերանշանի անթույլատրելի կիրառումը - տարբերանշանի ձևի փոփոխությունները, գունային տարբերությունները կամ ակնհայտ փոփոխությունները խստորեն արգելվում են։
«Հայաստան օրգանական» տարբերանշանը հանդիսանում է պետական հավաստագիր և ճանաչելի խորհրդանիշ, որում արտահայտվում են Հայաստանի օրգանական արտադրանքի որակի չափանիշները և բնապահպանական հավատարմությունը։ Տարբերանշանի օգտագործման ձևի փոփոխությունը կարող է վնասել դրա ճանաչելիությանը և արժեզրկել այն, ինչն ի վերջո կարող է տարակուսանք առաջացնել սպառողների շրջանում:
Գույները - տարբերանշանի գունային ներկապնակը հիմնված է երկու հիմնական գույների վրա՝ Արարատյան կանաչ և Նռան կարմիր։ Տարբերանշանի գույները պետք է խստորեն պահպանվեն և օգտագործվեն համապատասխան գունային մոդելների՝ RGB, CMYK և HEX կոդերով։
RGB – նախատեսված է թվային կրիչների համար, օրինակ՝ կայքեր, սոցիալական մեդիա և այլ թվային հարթակներ։ RGB գունային մոդելը լավագույնս ներկայացնում է գույների պայծառությունն էկրանների վրա։
CMYK – նախատեսված է տպագրության համար, ներառյալ փաթեթավորում, պիտակներ և ցանկացած տպագիր նյութեր։ CMYK գունային մոդելն ապահովում է ճշգրիտ գույնի վերարտադրությունը տպագրության ժամանակ։
HEX – կիրառվում է վեբ դիզայնի և ցանկացած HTML կամ CSS կոդավորման համար։ HEX գույնն ապահովում է գունային միատարրությունը թվային միջավայրում։
Նռան կարմիր
RGB: 232 / 39 / 62
CMYK: 0 / 100 / 80 / 0
HEX: #E8273E
Արարատյան կանաչ
RGB: 50 / 163 / 60
CMYK: 80 / 10 / 100 / 0
HEX: #32A33C
Տառատեսակ - տարբերանշանում կիրառվում են երկու հիմնական տառատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ նպատակ՝ ապահովելու թե՛ տարբերանշանի տեսողական ազդեցությունը, թե՛ տեխնիկական տեղեկությունների ընթեռնելիությունը։
Braind Caption - Այս տառատեսակը օգտագործվում է տարբերանշանի հիմնական տեքստի համար, ընդգծելով բրենդի ինքնությունն ու ազգային առանձնահատկությունը։ Այս տառատեսակը ներդաշնակ է տարբերանշանի գունային և տեսողական տարրերի հետ՝ փոխանցելով վստահության և հուսալիության զգացում:
Mardoto - Տառատեսակը կիրառվում է տեխնիկական տեղեկությունների համար, ինչպիսիք են հավաստագրի, սերտիֆիկատ տվող մարմնի մասին տեղեկատվությունը։ Այս տառատեսակն ապահովում է հեշտ ընթեռնելիություն՝ մանր տպագիր տեքստերի համար՝ պահպանելով բրենդի պրոֆեսիոնալ և պաշտոնական բնույթը։
Համատեղ կիրառում այլ տարբերանշանների հետ – տարբերանշանը կարող է կիրառվել այլ տարբերանշանների հետ, ինչպիսիք են՝ «ԵՄ օրգանական» տարբերանշանը։ Համատեղ կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովել, որ երկու տարբերանշաններն էլ ունենան համապատասխան տարածություն և հստակ տեսանելիություն՝ պահպանելով նրանց կիառման անհատական չափանիշները։
Հեռավորությունը - «Հայաստան օրգանական» և մյուս տարբերանշանների միջև տարածությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարբերանշանի ներքին սպիտակ շրջանի կեսը։ Այս հեռավորությունն ապահովում է տարբերանշանների ինքնուրույնությունը և ընթեռնելիությունը՝ կանխելով նրանց միաձուլումը։
Չափսերը - համատեղ օգտագործման ժամանակ «ԵՄ օրգանական» կամ այլ տարբերանշանների բարձրությունը պետք է լինի փոքր-ինչ փոքր «Հայաստան օրգանական» տարբերանշանից։ Մասնավորապես, այդ բարձրությունը որոշվում է տարբերանշանի ծաղկային դիզայնի ստորին կետի մակարդակից։
Սերտիֆիկացման տեղեկատվության տեղադրում տարբերանշանի հետ - «Հայաստան օրգանական» տարբերանշանի կողքին կամ ներքևում պարտադիր է նշել հավաստագրման վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով հավաստագրող մարմնի իրավաբանական անվանումը: Տեղեկատվությունը կարող է տեղադրվել տարբերանշանի բոլոր կողմերում, սակայն առավել ցանկալի է այն տեղադրել աջ կողմում՝ հորիզոնական դիրքում, կամ անմիջապես ներքևում՝ ուղղահայաց դիրքում։ Հորիզոնական դիրքի դեպքում տեքստի բարձրությունը պետք է կազմի տարբերանշանի բարձրության 40%-ից մինչև 50%-ը՝ ապահովելով համաչափություն։
Սերտիֆիկացման տեղեկատվության տեղադրում տարբերանշանի հետ, ուղղահայաց կիրառում - ուղղահայաց դիրքում տեքստը պետք է կազմի տարբերանշանի բարձրության 20%-ից մինչև 40%-ը՝ պահպանելով տարբերանշանի և տեղեկատվության միջև համաչափ տեսողական հավասարակշռությունը։
Կիրառման օրինակներ - «Հայաստան օրգանական» տարբերանշանը պիտակների վրա օգտագործելու ժամանակ անհրաժեշտ է հետևել որոշակի չափորոշիչների, որոնք ապահովում են դրա ճանաչելիությունը և ընկալելիությունը։ Տարբերանշանը պետք է լինի պարզ և հստակ, անկախ այն ձևից կամ չափից, որտեղ այն կիրառվում է։»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
-
Discussed
15.07.2025 - 04.08.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1462
Print