Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են դատական պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու և արդար դատաքննության իրավունքները: Մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը մի շարք հիմնական տարրերից զատ ներառում է նաև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համատեքստում գործը ողջամիտ ժամկետում քննելը դիտարկվում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում նշել է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում՝ դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից[1]:

Ողջամիտ ժամկետներում գործի քննություն իրականացնելու պահանջի պահպանումը մշտապես եղել է պետության գերակայություններից մեկը, և ձեռնարկվել են միջոցներ, որոնք կբացառեն դատարանների կողմից գործերի քննությունն անհարկի, կամայականորեն ձգձգումը՝ անձանց համար ապահովելով ողջամիտ ժամկետում վերջնական դատական ակտ ստանալու իրավունքը:

«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Նախագահի կարգադրությամբ սահմանվել են գործի քննության ողջամիտ ժամկետների խախտումների դեպքում նախատեսել արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ[2]:

Համապատասխան իրավական պաշտանության արդյունավետ միջոց նախատեսելու անհրաժեշտությունն առավելապես պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանի կայացրած՝ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ ճանաչող մի շարք վճիռների առկայությամբ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը «սերտորեն կապված է» Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի հետ, համաձայն որի՝ Եվրոպական դատարանը կարող է քննել գործը, միայն երբ սպառված կլինեն ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ «այդ կանոնը հիմնվում է Կոնվենցիայի հոդվածում 13-ում արտացոլված այն ենթադրության վրա (…), որ ներպետական համակարգում գոյություն ունի ենթադրյալ խախտումներին վերաբերող մատչելի ադյունավետ միջոց»։ Այնուհանդերձ, «միջոցները, որ պահանջվում է սպառել հոդված 35-ի կետ 1-ով, վերաբերում են հենց ենթադրյալ խախտումներին, հասանելի են ու բավարար»[3]։ Նման միջոցների առկայությունը պետք է բավականաչափ հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, հակառակ դեպքում դրանք չեն բավարարի հասանելիության և արդյունավետության պահանջները. պատասխանող պետությունը պետք է հաստատի, որ այդ պայմաններն ապահովված են[4]:

Կառավարության պարտականությունն է, երբ պնդում է, որ չեն սպառվել իրավական պաշտպանության միջոցները, Եվրոպական դատարանին բավարար ապացույցներ ներկայացնել առ այն, որ տվյալ ժամանակահատվածում առկա է եղել տեսականորեն և գործնականորեն մատչելի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Այսինքն՝ եղել է մի մատչելի միջոց, որով հնարավոր է եղել ապահովել խախտված իրավունքների վերականգնում՝ կապված դիմումատուի բողոքների հետ, և որը կապահովեր հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն[5]: Յուրաքանչյուր դեպքում ներպետական իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությունը գնահատում է Եվրոպական դատարանը:

Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների[6] կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կապված ազգային համակարգում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի բացակայության հետ՝ 2014 թվականին ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 162.1-ին հոդվածով[7], որով ներդրվեց ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը, իսկ 2015 թվականին նույն օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով որպես ոչ նյութական վնասի հատուցման ինքնուրույն պայման նախատեսվեց նաև արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքը[8]:

Կատարված լրացումների և փոփոխությունների հիման վրա դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի հիմքով սկսեցին քննել Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և պատճառված վնասները հատուցելու պահանջների մասին գործեր՝ կապված դատարանների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հետ[9]:

Այդուհանդերձ, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու և հատուցում ստանալու՝ վկայակոչված գործիքակազմը Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի համարել՝ գործերով վարույթի չափազանց երկար տևողության համար ներպետական իրավունքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության հիմքով արձանագրելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ[10]:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի արդյունավետության խնդիրն այն է, որ նշված պահանջներով գործերը քննում են նույն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, որպիսի դեպքերում առկա է նաև գործերի ձգձգման և ողջամիտ ժամկետների խախտման հավանականություն[11]:

Հատկանշական է, որ Կոնվենցիայի վավերացումից հետո Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է 103 վճիռ, որից 40-ը (38.8 տոկոսը) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հիմքով[12], և 2024 թվականի դրությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում կազմող վճիռները շարունակում են մնալ առաջին տեղում՝ հասնելով 66 տոկոսի[13]: Մարդու իրավունքների պաշտպանն իր 2020 թվականի արտահերթ հրապարակային զեկույցում նույնպես անդրադարձել է գործերի քննության ողջամիտ ժամկետների հարցին ու ներկայացրել տվյալներ գործերի քննության տևողության վերաբերյալ քաղաքացիներից ստացվող բողոքների կապակցությամբ[14]:

Հարկ է նշել, որ օրենսդրական մակարդակում ձեռնարկվել են որոշ քայլեր՝ անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու համար, որպիսիք միտված են ապահովելու ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը և կարող են կանխել խախտումներն ու վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները[15]։

Մասնավորապես, 2018 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը[16], որտեղ ամրագրվել են վարույթի տևողության ողջամտությունը գնահատելու չափանիշները, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանել է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները` ըստ գործերի առանձին տեսակների և բարդության[17]: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահներին տրվել է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու լիազորություն (հոդված 32), դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներում ներառվել են ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը (հոդված 138), ինչպես նաև դատավորին հնարավորություն է ընձեռվել առանձնակի բարդության գործ ունենալու դեպքում դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ իր անունը բաշխման ցանկին ժամանակավորապես հանելու կամ իր համար բաշխվելիք գործերի տոկոսաչափ սահմանելու առաջարկով (հոդված 42):

Պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է նաև այն մասին, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման հրամայականը գործնականում ապահովվում է դատավորի համար համապատասխան բացասական հետևանքների առաջացման սպառնալիքով[18] (կարգապահական վարույթի հարուցում, լիազորությունների դադարեցում), այդուհանդերձ այն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պաշտպանության միջոց դիտարկվել չի կարող: Այն կարող է կանխարգելող նշանակություն ունենալ[19], բայց Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով իրավունքի խախտումը վերացնելու արդյունավետ միջոց չէ, քանի որ դատավորին իր սահմանադրաիրավական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը նպատակային այլ ուղղվածություն ունի:

Շարադրվածից բխում է, որ չնայած իրականացված բարեփոխումների՝ թե՛ օրենսդրական մակարդակում և թե՛ իրավակիրառ պրակտիկայում դեռևս առկա է Եվրոպական դատարանի կայացրած վճիռներից բխող ընդհանուր միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն, որոնք գործի քննության ողջամիտ ժամկետների խախտումները կանխելուն և դրանց հետևանքները վերացնելուն ուղղված արդյունավետ երաշխքներ կապահովեն:

Իր վճիռներում անդրադառնալով վարույթի երկար տևողությամբ գործերի դեպքում իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության հարցին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ.

- անդամ պետություններն իրենց իրավական համակարգը պետք է կազմակերպեն այնպես, որ երաշխավորվի ողջամիտ ժամկետում դատական որոշումներ ձեռք բերելու իրավունքը, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը չի կարող հաշվի առնվել որպես արդարացում[20],

- պայմանավորվող պետություններն իրենք են կազմակերպում իրենց իրավական համակարգերն այնպես, որ իրենց դատարանները կարողանան երաշխավորել, որ յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում[21]:

Քաղաքացիական և վարչական գործերի չափազանց երկար քննության հիմքով վճիռ կայացնելիս Եվրոպական դատարանը վկայակոչում է ուղենիշային՝ «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործը[22], որում նշում է, որ ամենաարդյունավետ լուծումը վարույթի չափից ավելի երկարաձգումը կանխարգելելու նպատակով այն արագացնելու համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցի նախատեսումն է, որն անհերքելի առավելություն ունի այնպիսի իրավական պաշտպանության միջոցի նկատմամբ, որն ապահովում է միայն փոխհատուցում:

Գործի քննության չափազանց երկար տևողության կապակցությամբ պաշտպանության ազգային միջոցների արդյունավետության հարցի կապակցությամբ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ողջամիտ ժամկետի պահանջի կապակցությամբ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին ամբողջությամբ համապատասխանելու համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն առաջին հերթին արագացնող միջոցներ, որոնք նախատեսված են կանխելու ցանկացած (հետագա) անհարկի ձգձգում ցանկացած պահի՝ մինչև գործի քննության ավարտը: Ի լրումն՝ նրանք պետք է ապահովեն փոխհատուցող միջոցներ ողջամիտ ժամկետի պահանջի ցանկացած խախտման համար, որն արդեն առաջացել է գործի քննության ընթացքում (նախքան արագացնող արդյունավետ միջոցների գործադրումը)[23]: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ քաղաքացիական գործերով որպես վարույթն արագացնող արդյունավետ միջոց դիտարկվում է նաև վերադաս ատյանի կողմից գործը քննող դատավորի համար հարցը լուծելու ժամկետ սահմանելը:

Եվրոպական դատարանի կողմից արդյունավետ են գնահատվել քաղաքացիական և վարչական գործերով իրավունքի պաշտպանության հետևյալ միջոցները: Օրինակ.

Ավստրիա.

Վերադաս դատարանին ուղղված պահանջը՝ իրավասու դատարանի համար որոշակի դատավարական գործողություններ կատարելու համար համապատասխան ժամկետային սահմանափակումներ նախատեսելու մասին (Ավստրիական դատարանների օրենքի 91-րդ հոդված), ընդհանուր առմամբ արդյունավետ և բավարար միջոց է, որը պետք է օգտագործվի դատական գործընթացի տևողության վերաբերյալ բողոքների առնչությամբ[24]։

Լեհաստան.

Որպես չափից դուրս երկար դատավարությունների դիմաց իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց՝ Լեհաստանը նշել է 17.06.2004 թվականի լեհական օրենքով («2004 թվականի ակտ») նախատեսված կարգավորումը, որի համաձայն՝ եթե վերադաս դատարանը գտնում է, որ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ապա կարգադրում է ստորադաս դատարանին ձեռնարկել վարույթի արագացմանն ուղղված միջոցներ և/կամ տրամադրել փոխհատուցում բողոք ներկայացրած անձին:

Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուները պետք է նախ սպառեին նշված միջոցը, որից հետո միայն դիմեին Ստրասբուրգ (Եվրոպական դատարան): Վերջինս նշել էր, որ «2004 թվականի ակտ»-ը կարող է կանխել ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետների ենթադրյալ խախտումները՝ ապահովելով համարժեք հատուցում արդեն իսկ առաջացած խախտումների համար[25]:

Նշվածից զատ, համանման կարգավորումներ գործում են եվրոպական մի շարք այլ երկրներում ևս. օրինակ՝

Իտալիա.

89/2001 Իտալիայի օրենքով սահմանվում է, որ դատավարությունն իրականացվել է ողջամիտ ժամկետում, եթե այն չի գերազանցել երեք տարին առաջին ատյանում, երկու տարին՝ վերաքննիչ դատարանում և մեկ տարին՝ վճռաբեկ դատարանում:

Նույն օրենքի հիման վրա անձը կարող է Արդարադատության նախարարությունից հայցել արդարացի փոխհատուցում՝ ողջամիտ ժամկետների խախտման համար: Գործի քննության ժամկետների ծայրահեղ խախտման դեպքում կողմը կարող է դիմել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պահանջով[26]:

Խորվաթիա.

Թեև օրենքով նախատեսված չեն գործերի քննության հստակ ժամկետներ, իրավակիրառ պրակտիկայում ուղենիշային է, որ դատական ​​​​գործընթացը պետք է ավարտվի հարուցման օրվանից սկսած՝ երեք տարվա ընթացքում:

2005 թվականի «Դատարանների մասին» օրենքը նախատեսում է, որ այն կողմը, որը գտնում է, որ գործի քննությունը անհարկի ձգվում է, ողջամիտ ժամկետում գործի քննության իր իրավունքի պաշտպանության նպատակով իրավունք ունի դիմել վերադաս դատարանին կամ դատարանի նախագահին: Վերջիններս պարտավոր են նման դիմումների վերաբերյալ շտապ որոշում կայացնել, քանի որ այդ վարույթները օրենքով համարվում են հրատապ։ Եթե դիմումը համարվում է արդարացված, դատարանը պարտավոր է սահմանել կոնկրետ ժամկետ, որի ընթացքում ստորադաս դատարանը պետք է որոշում կայացնի։ Մասնավորապես, օրենքը  թույլատրում է պարտավորեցնել առաջին ատյանի դատարանին վճիռ կայացնել, որպես կանոն, ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, եթե միայն գործի բարդությունն այլ ժամկետ չի պահանջում։ Ըստ այդմ, երբ ուշացման վերաբերյալ դիմումը բավարարվում է, վեց ամիսը փաստացի դառնում է գործի քննության վերջնաժամկետ։ Վերջնաժամկետ սահմանող որոշումը վերջնական է և պետք է կատարվի. դրա չկատարումը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատավության[27]:

Սլովենիա.

Թեև նախատեսված չեն ժամկետներ, այդուհադներձ դատավարության ցանկացած կողմ ընթացիկ գործով կարող է ներկայացնել հսկողական բողոք՝ գործի քննության ձգձգման հիմքով, որի դեպքում դատարանի նախագահը պարտավոր է կարճ ժամակետում ուսումնասիրել հարցը և մերժել բողոքը կամ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Եթե ուշացման բողոքը հիմնավորված է, դատարանի նախագահը կայացնում է «ժամկետ սահմանելու առաջարկ», որը պարտադրում է դատավորին կատարել անհրաժեշտ դատավարական գործողությունները կամ կայացնել որոշում՝ սահմանված ժամկետում։ Օրենքի 6-րդ հոդվածը թույլ է տալիս դատարանի նախագահին սահմանել գործողության վերջնաժամկետ՝ նվազագույնը 15 օր, առավելագույնը՝ 6 ամիս։

Այսպիսով, ուշացումը հաստատելուց հետո նախատեսվում է հստակ ժամկետ (մինչև 6 ամիս), որպեսզի գործն ավարտվի կամ ունենա էական առաջընթաց։ Հսկողական բողոքի ընթացակարգով սահմանված վերջնաժամկետները պարտադիր են դատավորների համար: Եթե դատավորը չի պահպանում սահմանված վերջնաժամկետը, դատարանի նախագահը կարող է կիրառել լրացուցիչ միջոցներ, օրինակ՝ գործը փոխանցել այլ դատավորի կամ առաջարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել[28]։

Սերբիայի Հանրապետություն.

Օրենքի կիրառման ուղեցույցներում առաջարկվում է գործնական մոտեցում, ըստ որի՝ յուրաքանչյուր ատյանում գործի քննությունը, որպես լավագույն տարբերակ, պետք է ավարտվի 2 տարվա ընթացքում, սակայն սա իրավական պարտադիր ժամկետ չէ։

Գործի ձգձգման դեպքում կողմերը կարող են ներկայացնել դատավարությունն արագացնելու պահանջ, եթե գործը ձգձգվում է, և/կամ պահանջել արդար փոխհատուցում՝ արդեն տեղի ունեցած ուշացումների համար։ Երբ կողմը ներկայացնում է գործի ձգձգման վերաբերյալ բողոք, դատարանի նախագահը կամ վերադաս դատարանը պարտավոր են որոշում կայացնել այդ դիմումի վերաբերյալ՝ դատավարությունն արագացնելու պահանջի դեպքում 60 օրվա, իսկ փոխհատուցման պահանջի դեպքում՝ 4 ամսվա ընթացքում՝ դատական ներքին կանոնակարգերի համաձայն (հստակ ժամկետները սահմանվում են դատարանների կողմից՝ իրենց կանոններով)։

Բացի այդ, եթե դատավարությունն արագացնելու պահանջը բավարարվում է, ապա դատարանին սովորաբար հանձնարարվում է գործը լուծել կամ դատավարության էական առաջընթաց ապահովել սահմանված ժամկետում (օրինակ՝ 4-ից 8 ամիս): Այս ժամկետները փաստացի դառնում են տվյալ գործի համար կիրառելի վերջնաժամկետներ: Եթե ​​դատարանը չի կատարում գործի քննությունը արագացնելու մասին որոշումը, կողմը կարող է փոխհատուցում պահանջել: Դատավորի կողմից այս պահանջների հաճախակի ​​չկատարումը կարող է հանգեցնել կարգապահական վարույթի[29]։

Մոնտենեգրո.

Թեև օրենքը չի նախատեսում դատավարության հստակ տևողություն (տարիներով), այդուհանդերձ սահմանում է ընթացակարգային վերջնաժամկետներ յուրաքանչյուր փուլում։ Կողմը, ով կարծում է, որ իր գործի քննությունը չափազանց երկար է տևում, կարող է հսկողական պահանջ ներկայացնել այն դատարանի նախագահին, որտեղ գործը քննվում է: Դատարանի նախագահը պարտավոր է այս պահանջի վերաբերյալ որոշում կայացնել 60 օրվա ընթացքում: Եթե պահանջը հիմնավորված է, նախագահը սահմանում է վերջնաժամկետ՝ դատավորի կողմից համապատասխան գործողություն կատարելու կամ վճիռ կայացնելու համար։ Վերջնաժամկետը, որպես կանոն, չպետք է գերազանցի 4 ամիսը (այն պետք է համապատասխանի «ողջամիտ ժամկետ» չափանիշին՝ հաշվի առնելով գործի կարգավիճակը)։ Սահմանված վերջնաժամկետը պարտադիր է, և գործը վարող դատավորը պարտավոր է ձեռնարկել դատարանի նախագահի սահմանած միջոցները, օրինակ՝ նիստ նշանակել մինչև որոշակի ամսաթիվ կամ վճիռ կայացնել մինչև սահմանված վերջնաժամկետը[30]։

Գերմանիա.

2011 թվականի օրենքը (Gesetz über den Rechtsschutz bei überlangen Gerichtsverfahren und strafrechtlichen Ermittlungsverfahren, 2011) նախատեսում է ընթացակարգ, որով կողմերը պետք է նախ ներկայացնեն դատավարության ձգձգման դեմ բողոք, եթե կարծում են, որ տեղի է ունեցել ուշացում: Այս բողոքը թեև չի նախատեսում կոնկրետ ժամկետի սահմանում, բայց դատարանի համար ծանուցում և հետագայում փոխհատուցում պահանջելու նախապայման է: Նշվածն ուղղակիորեն չի արագացնում գործի քննությունը և չի ազդում գործի արդյունքի վրա: Դատարանները, հաշվի առնելով փոխհատուցում վճարելու հնարավորությունը, արձագանքում են բողոքին՝ առաջնահերթություն տալով այդ գործին։ Եթե նրանք անտեսեն այն, ապա ստեղծվում է հետագայում պետության դեմ վճիռ կայացնելու ռիսկ, ներառյալ նաև՝ ներքին կարգապահական միջոցառումների կիրառում, չնայած օրենքը որևէ սանկցիա չի նախատեսում դատավորի նկատմամբ[31]:

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) Դատական ​​վարույթների ժամանակի կառավարման լավագույն փորձի ամփոփագրում[32] ևս նշվել է, որ գործերի քննության իրատեսական և չափելի ժամկետները կարող են որոշվել պետության, դատարանի (դատական տարածքի) կամ դատավորի մակարադակով:

Ժամկետային սահմանափակումներն առավել արդյունավետ են, եթե որոշվում են դատավարության տարբեր տեսակների հաշվառմամբ (քաղացիական, քրեական, վարչական և այլն):

Օրինակ՝ Դանիայում (Esbjerg District Court) քաղաքացիական գործերի 58%-ը պետք է ավարտվեն մեկ տարվա ընթացքում, իսկ Նորվեգիայում քաղաքացիական գործերը (100%) պետք է ավարտվեն վեց ամսում:

Ժամկետային սահմանափակումները կարող են որոշվել նաև գործերի բարդությամբ պայմանավորված. օրինակ՝ Միացյալ Թագավորությունում (Անգլիա և Ուելս) փոքր պահանջներով գործերի 80%-ը պետք է ավարտվեն 15 շաբաթում, «արագացված» գործերը՝ 30 շաբաթում, իսկ բարդ գործերը՝ 50 շաբաթում:

Նկատի ունենալով, որ որպես պետության պոզիտիվ պարտականություն՝ պրակտիկայում գործող միջոցներից որևէ մեկին նախապատվություն տալու նպատակահարմարության հարցը թողված է օրենսդրի հայեցողական լիազորությունների տիրույթում,[33] իսկ միջազգային փորձը վկայում է այն մասին, որ ժամանակային սահմանփակումներ նախատեսելը գործնականում արդյունավետ գնահատված միջոցներից մեկն է՝ նպատակահարմար է օրենքով նախատեսել դատարանում գործի քննության ժամկետային սահմանափակում, որը կզուգորդվի այդ ժամկետն օբյեկտիվ հիմքերի վկայակոչմամբ երկարաձգելու դատարանի հայեցողությամբ: Ընդ որում, այս հայեցողությունը չպետք է լինի բացարձակ բնույթի, այն պետք է սահմանափակված լինի միայն վարույթը ձգձգող օբյեկտիվ հանգամանքներով:

1.2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 04.12.2024 թվականի թիվ ՀՕ-488-Ն օրենքի 1-ին հոդվածով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը լրացվել է 5.1-5.5-րդ մասերով, որպիսիք ամրագրել են դատարանի կազմի կամ դատական կազմում ընդգրկված դատավորի փոփոխության դեպքում դատավորի հայեցողությունը՝ գործի (վերաքնիչ բողոքի) քննությունը սկզբից սկսելու կամ ընդհատման պահից շարունակելու հարցը որոշելու հարցում:

Որպես օրենքի ընդունման հիմնավորում[34]՝ նշվել է գործերի ողջամիտ ժամկետներում լուծման անհրաժեշտությունը, նախատեսվել է անմիջականության սկզբունքի պահպանմանն ուղղված գործիքակազմ (առավելապես ապացույցների հետազոտման համատեքստում), ինչպես նաև ներկայացվել են այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի ձևավորած իրավական պրակտիկան և միջազգային փորձը:

Գործերի քննության ողջամիտ ժամկետների, դատական խնայողության և իրավական որոշակիություն սկզբունքների ապահովման՝ ձեռնարկված միջոցների արդյունավետության բարձացման նպատակով առաջացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5.1-ին մասում փոփոխություն անելու անհրաժեշտություն:

Անմիջականության սկզբունքի համատեքստում Եվրոպական դատարանը նշել է, որ (…) որոշումը պետք է ընդունվի այն դատավորների կողմից, ովքեր մասնակցել են դատաքննության և ապացույցների հավաքման ողջ ընթացքին[35]: Սակայն վերոնշյալը չի կարող դիտարկվել որպես դատաքննության ընթացքում դատական կազմի ցանկացած փոփոխության արգելք։ Կարող են ի հայտ գալ վարչական կամ դատավարական այնպիսի ակնհայտ հանգամանքներ, որոնք անհնարին կդարձնեն դատավորի հետագա մասնակցությունը դատաքննությանը։ Կարող են միջոցներ ձեռնարկվել, որպեսզի գործի լսումն իրականացնող դատավորներն ունենան պատշաճ պատկերացում ապացույցների և պնդումների մասին, օրինակ՝ սղագրերի տրամադրման միջոցով, ինչը կբացառի վկայի ցուցմունքների հավաստիությանը վերաբերող որևէ կասկած, ինչպես նաև կարևոր պնդումների և վկաներին լսելու համար նոր դատարանի առջև կրկնակի լսումներ կազմակերպելը[36]։

Իրավական տարբեր համակարգերում թույլատրված է դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը շարունակել ընդհատման պահից, օրինակ.

Գերմանիա.

Դատական համակարգը ղեկավարվում է անմիջականության սկզբունքով: Այնուամենայնիվ կան որոշ կարևոր բացառություններ: Այդպիսի բացառություններից մեկը վերաբերում է այն դեպքին, երբ դատավորը թոշակի, հիվանդության կամ պաշտոնի պլանավորված փոփոխության հետևանքով փոխարինվում է այլ դատավորով: Ընդհանուր առմամբ այս դեպքում բավական է, որ նոր դատավորը ներկա լինի վերջին հիմնական նիստին. ապացույցների ձեռքբերումը և դատական նիստերը, որոնք տեղի են ունեցել նախկինում, կրկնվում են շատ բացառիկ հանգամանքների դեպքում: Սա ի ցույց է դնում, որ գերմանական օրենքի համաձայն՝ դատավորի փոխարինումը վարույթի կառուցվածքի վրա լուրջ ազդեցություն չի ունենում: Նոր դատավորը շարունակում է այնտեղից, որտեղ նախկինը կանգ է առել՝ բացառությամբ վերջին նիստի: Քանի որ վերջին նիստի և եզրափակիչ դատական ակտի կայացման միջև ժամանակային միջակայքը սովորաբար կարճ է, սա հազվադեպ է դժվարություններ առաջացնում[37]:

Իսպանիա.

Պարտադիր չէ, որ նախապատրաստական նիստը վարող դատավորը նույնը լինի, ինչ վերջին նիստը վարողը կամ վճիռ կայացնողը: Ի վերջո, եթե վերջնական դատական նիստը վարող դատավորը հետագայում անկարող է վճիռ կայացնել (օրինակ՝ մահվան կամ երկարաժամկետ հիվանդության պատճառով) և գործը լուծելու միակ տարբերակը նոր դատավոր նշանակելն է, վերջին նիստը պետք է կրկնվի նոր դատավորի կողմից (Իսպանիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 200)[38]:

Բելգիա.

Վճիռ կարող է կայացնել միայն այն դատավորը, ով ներկա է գնտվել գործին առնչվող բոլոր նիստերին՝ բացառությամբ նախնական դատական նիստից (Բելգիայի դատական օրենսգիրք, հոդված 779)[39]:

ԱՄՆ.

Միացյալ Նահանգների Քաղաքացիական դատավարության դաշնային կանոնակարգի[40] 63-րդ կանոնը սահմանում է, որ եթե դատավարությունը վարող դատավորը չի կարող շարունակել այն, ապա ցանկացած այլ դատավոր կարող է շարունակել, եթե կհաստատի գործի վարույթին ծանոթ լինելը և կորոշի, որ գործը կարող է ավարտվել առանց կողմերին վնաս հասցնելու: Առանց ատենակալների մասնակցության դատավարության դեպքում փոխարինող դատավորը պարտավոր է կողմի պահանջով կրկին լսել յուրաքանչյուր վկայի, որի ցուցմունքն էական և վիճելի է, ով պատրաստակամ է կրկին վկայություն տալ առանց անհարկի ծանրաբեռնման: Փոխարինող դատավորը կարող է կանչել ցանկացած այլ վկայի:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

2.1. Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում են դատարաններում սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ՝ վեց ամիս: Միևնույն ժամանակ, դատարանները միայն պատճառաբանված որոշմամբ կարող են երկարաձգել այս ժամկետները՝ քաղաքացիական գործերով ոչ ավելի, քան երկու, իսկ վարչական գործերով՝ ոչ ավելի, քան երեք անգամ:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ եթե անգամ օրենսդիրը (…) օրենսդրության մեջ կոնկրետացնի (…) «ողջամիտ ժամկետ» եզրույթը՝ մատնանշելով կոնկրետ օրացուցային օրեր կամ ամիսներ, ապա, միևնույն է, առաջանալու է այդ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորում սահմանելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով տարբեր գործոններով պայմանավորված՝ գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքերի հնարավոր առկայությունը[41]։

Նման հնարավորություն մասին նշված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հատուկ վարույթներից մեկով արդեն իսկ պարունակում է համապատասխան կարգավորում (234.5-րդ հոդվածի 2-րդ մաս):

Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան հաստատում է, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառները, իսկ մնացածը, ներառյալ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը, գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ, արդարացում դիտվել չեն կարող[42]: Ուստի գործի քննության ժամկետի երկարաձգման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը պետք է բխի Եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկայի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում վկայակոչված օբյեկտիվ հանգամանքների էությունից (գործի հանգամանքներ, բարդություն, վարույթի մասնակիցների վարքագիծ, դատարանի գործողություններ, դրանց արդյունավետություն և այլն):

Ըստ էության, առաջարկվում են սահմանել գործերի քննության ուշենիշային ժամկետներ, իսկ դրանց երկարաձումը թողնել դատավորի հայեցողությանը, որը սահմանափակված է օբյեկտիվ հանգամանքներով, որոնց առկայությամբ գործի քննության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ պատճառաբանությունները պետք է նշվեն որոշման մեջ:

Գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին համապատասխան կարգավորում սահմանելը ոչ միայն կունենա «զսպիչ» դեր՝ դատավարությունը պաշտպանելով անհարկի, կամայական ձգձգումներից, այլև գործի քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու նպատակին զուգահեռ միտված կլինի նաև ապահովել գործերի համակողմանի քննությունը: Մասնավորապես, գործի քննության ու լուծման ժամկետը պահպանելու անհրաժեշտությունը չպետք է բացասական ազդեցություն ունենա արդարադատության որակի վրա: Այդ պատճառով՝ նկատի ունենալով գործերի փաստական տարբերություններն ու առանձնահատկությունները, դրանց բարդության աստիճանները, դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքերի հնարավոր առկայությունը՝ նախատեսվում է գործի քննության ժամկետը յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան վեց ամսով երկարաձգելու հնարավորություն: Ընդ որում, օրենքով նախատեսված ժամկետները ևս պետք է բավարարեն ողջամտության պահանջներին, որպիսի պայմաններում հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ուղենիշային ժամկետները՝ ելակետային է ընդունվել քաղաքացիական ու վարչական գործերի քննության վեցամսյա ժամկետը, և նախատեսվել է քաղաքացիական գործերով ոչ ավելի, քան երկու, իսկ վարչական գործերով՝ ոչ ավելի, քան երեք անգամ մինչև վեց ամսով այն երկարաձգելու հնարավորություն:

Միաժամանակ սահմանափակումների մասով.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքով, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով այլ կանոններ նախատեսված չլինելու պայմաններում գործում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

Գործի քննության ժամկետների վերաբերյալ առաջարկվող կարգավորումները կարող են վերագրվել նաև վկայակոչված վարույթներին՝ նկատի ունենալով, որ հատուկ օրենքներն այդ մասով այլ կանոններ չեն նախատեսում:

Սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ դրա մասով նպատակահարմար է ժամանակային սահմանափակումներ չդնել, քանի որ վարույթի առանձին փուլերում նախատեսված գործիքակազմն արդեն իսկ կիրառման լայն ժամանակահատված է նախատեսում (օրինակ՝ ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր ժամկետը կարող է լինել 72 ամիս կամ պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների բռնագանձումը կարող է շարունակվել 48 ամիս և այլն):

Բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը սկսվում է հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման կայացմամբ, ներառում է գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցումը և ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով: Ընդ որում, միայն ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երեք տարի:

Հիմք ընդունելով վարույթի առանձնահատկությունները, ինչպես նաև գործի նյութերի ծավալը՝ նպատակահարմար է առաջարկվող ժամկետային սահմանափակումները բացառել՝ գործի քննության ողջամիտ ժամկետների ընդհանուր պահանջի պահպանմամբ:

2.2. Գործի քննության ողջամիտ ժամկետների, դատական խնայողության և իրավական որոշակիության սկզբունքների ապահովման նպատակով առաջարկվում է նաև վերացնել գործի (վերաքնիչ բողոքի) քննությունը ընդհատման պահից շարունակելու կամ այն սկզբից սկսելու հարցում դատարանին (վերաքննիչ դատարանին) տրված հայեցողությունը՝ պատվիրակելով նշված իրավիճակում գործի (վերաքնիչ բողոքի) քննությունը շարունակել ընդհատման պահից, եթե առկա չէ օրենքով նախատեսված հիմքը, կամ եթե դատարանը (վերաքննիչ դատարանը) սեփական նախաձեռնությամբ չի որոշում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսել սկզբից՝ այդպիսի անհրաժեշտության վերաբերյալ կայացնելով պատճառաբանված որոշում:

Ընդհանուր կանոնից որպես բացառություն սահմանվում է դատաքննության ավարատված լինելու դեպքը, երբ անհրաժեշտ է վերսկսել գործի դատաքննությունը: Այդուհանդերձ, դատաքննության փուլում վարչական դատարանի կազմը փոխվելու կամ վարչական դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքերում դատարանին վերապահվել է գործում առկա բոլոր ապացույցներն առանձին-առանձին չհետազոտելու և դատավարության մասնակիցների համաձայնությամբ դրանք դատական նիստում հետազոտված համարելու մասին որոշում կայացնելու հնարավորություն:

Միևնույն ժամանակ, դատարանը կարող է գործի քննությունն սկսել սկզբից՝ դրա մասին կայացնելով պատճառաբանված որոշում:

Դատաքննության արդյունավետության նպատակով գործին մասնակցող անձանց տրվում է նշված հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, որն ինքնպատակ չէ, քանի որ նրանք կարող են դատարանին հայտնել այնպիսի օբյեկիտիվ հանգամանքներ, որոնց հաշվառմամբ դատարանը հնարավոր է հանգի գործի քննությունն սկզբից սկսելու մասին պատճառաբանված հետևության:

Համանման կարգավորումներ առաջարկվում է նախատեսել նաև վարչական դատավարության շրջանակներում:

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերով ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը բացահայտելը, այն է՝ գործի քննության ուղենիշային ժամկետ սահմանելը՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ, կարող է ունենալ գործերի քննության ողջամիտ ժամկետների, ուստի արդար դատաքննության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն, քանի որ ստեղծում է խախտումը a posteriori (հետագայում) վերացնելու հնարավորություն, կանխում է նույն տեսակի վարույթների մասով հաջորդական խախտումների հայտնաբերումը:

Նշվածը կկանխի գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին և պարտականություններին առչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը՝ ժամկետի երկարաձգման դեպքում երաշխավորելով նաև դրա հիմքերի մասին պատճառաբանված որոշում ստանալու իրավունքը: Մյուս կողմից նշվածը կարող է օժանդակ բնույթ կրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում, եթե չհիմնավորվեն երկարաձգումների օբյեկտիվ հիմքերը:

Նախագծերի ընդունումը ծառայում է նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների տեսանկյունից, և արդար դատաքննության հիմնարար իրավունքի՝ կրկնվող բնույթ կրող խախտումների վերացմանն ու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը:

Նախագծերի ընդունմամբ կնվազի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու դեպքում օրենսդրական պահանջը պահպանելու նպատակով դատարանը ստիպված չի լինի հրավիրել դատական նիստեր, կրկնակի իրականացնել դատավարական գործողություններ  և նախկինում քննարկված ու լուծված հարցերի վերաբերյալ կայացնել որոշումներ, ինչը կնպաստի իրավական որոշակիության ու դատական խնայողության սկզբունքների երաշխավորմանը, իսկ խնայված ժամանակը և ռեսուրսները կուղղվեն պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ կայացնելուն:

 

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 21.07.2022 թվականի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 6-րդ և 7-րդ նպատակներից (քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ, վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ): Մասնավորապես՝ անհրաժեշտ է իրականացնել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանմանը և դատավարական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացմանն ուղղված բարեփոխումներ, ինչը ենթադրում է քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերի կիրառման արդյունքում ծագած խնդիրների վերհանման և գույքագրման անհրաժեշտություն, որը կարող է հիմք ծառայել օրենսգրքերում իրավակիրառ պրակտիկայի կարիքներից բխող անհրաժեշտ փոփոխությունների կատարման համար։

 

6. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

[1]  Օրինակ՝ H v. France վճռով 24.10.1989 թվականի վճիռը, կետ 58, Moreira de Azevedo v. Portugal գործով 23.10.1990 թվականի վճիռը, կետ 74; Vernillo v. France գործով 20.02.1991 թվականի վճիռը, կետ 38:

[2] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=76932:

[3] Օրինակ՝ MC FARLANE v. IRELAND, թիվ 31333/06 գանգատով, Մեծ պալատի 10.09.2010 թվականի վճիռը, կետ 107։

[4] Օրինակ՝ Da Silva v. Luxembourg, թիվ 30273/07 գանգատով, Եվրոպական դատարանի 11.02.2010 թվականի վճիռը, կետեր 40 and 42:

[5] Akdivar և Others v. Turkey, 16.09.1996 թվական, կետ 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-IV:

[6] Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործերով Եվրոպական դատարանի վճիռները: Ընդ որում, նշված վճիռների կատարման նպատակով որպես պետության կողմից կատարված ընդհանուր միջոցառում ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որի հաշվառմամբ Նախարարների կոմիտեն փակել է գործերի վերահսկողական վարույթները (https://hudoc.exec.coe.int/):

[7] https://www.arlis.am/documentview.aspx?docid=90684:

[8] https://www.arlis.am/documentview.aspx?docid=102851:

[9] Օրինակ՝ գործ թիվ ԵԴ/4961/02/18, թիվ ԵԴ/25302/02/19, թիվ ԵԴ/31501/02/19:

[10] Օրինակ՝ Վասսիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 23.06.2022 թվականի վճռի 7-րդ և 9-րդ կետերը, Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի գործով 09.02.2023 թվականի վճռի 10-րդ կետը, Հարությունյանը և Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով 14.12.2023 թվականի վճռի 9-րդ կետը, Նիկողոսյանը և այլք ընդդեմ Հայաստանի 14.12.2023 թվականի վճռի 9-րդ կետը:

[11] Այս տեսանկյունից հատկանշական է հետևյալ դեպքը. հայցվոր Արեքնազ Մանուկյանը Եվրոպական դատարան է դիմել 13.05.2017 թվականին։ 22.07.2020 թվականին նա հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում իր արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտման համար (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21998/02/20)։ Եվրոպական դատարանը 23.06.2022 թվականին վճիռ է կայացրել՝ արձանագրելով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում և Արեքնազ Մանուկյանին արդարացի փոխհատուցում տրամադրել (https://rilm.am/wp-content/uploads/2023/04/CASE-OF-VASSILYAN-AND-OTHERS-v.-ARMENIA-%E2%80%93-Armenian-Translation-by-the-Ministry-of-Justice-of-Armenia.pdf), մինչդեռ այդ օրվա դրությամբ նրա հայցի կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս վճիռ կայացրած չի եղել, իսկ 16.11.2023 թվականին կայացրած դատական ակտով վարույթը կարճվել է՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

[12]https://court.am/storage/uploads/files/news/%D5%8F%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D4%B2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%20%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4_compressed-compressed-min%20(1).pdf :

[13] https://rilm.am/statistics/konvenciayi-khakhtumnern-yst-gortseri/:

[14] https://ombuds.am/images/files/e722139fe25348c1076dae0df9496c55.pdf:

[15] Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 և 18.06.2020 թվականի թիվ ՍԴՈ-1546 որոշումները:

[16] https://www.arlis.am/documentview.aspx?docid=199816:

[17] https://court.am/storage/uploads/files/bdx-decisions/1Wns9vaVHQQv28Ur3d4xRKXVFCxSIgqq92InTeOJ.pdf:

[18] Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7, 13.06.2024 թվականի թիվ ԲԴԽ-51-Ո-Կ-5, 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումները:

[19] Սահմանադրական դատարանը 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ փաստել է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործման հարցի կապակցությամբ առկա խնդրահարույց իրավիճակի հիմքում ընկած գործոններից մի մասի վրա հնարավոր է ներազդել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի չպահպանման դեպքում դատավորի համար հետևանքներ նախատեսելու միջոցով:

[20] Vocaturo v. Italy, Cappello v. Italy գործերով համապատասխանաբար 24.05.1991 թվականի և 27.02.1992 թվականի վճիռները, կետ 17:

[21] Scordino v. Italy (No. 1) գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի 29.03.2006 թվականի վճիռը, կետ 183:

[22] https://rilm.am/wp-content/uploads/2022/08/5ff3b5ed0811c49577a2256d80f342b9.pdf:

[23] Report on the effectiveness of national remedies in respect of excessive length of proceedings adopted by the Venice Commission at its 69th plenary session, CDL-AD(2006)036rev, 03/04/2007, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2006)036rev-e:

[24] Holzinger v. Austria գործով 30.01.2001 թվականի վճիռը, կետեր §§ 24-25:

[25] Michalak v. Poland, Charzynski v. Poland գործերով 01.03.2005 թվականի վճիռները:

[26] https://www.cittadinanzattiva.it/approfondimenti/10507-l-irragionevole-durata-del-processo-e-la-legge-pinto.html#:~:text=La%20ragionevole%20durata%20di%20un,processo

[27] https://sudovi.hr/en/citizens/trial-within-reasonable-time#:~:text=If%20the%20president%20of%20the,limit

[28] https://www.gov.si/assets/ministrstva/MZEZ/Dokumenti/multilaterala/mednarodno-pravo/Zbornik-blejskih-razprav-v-anglescini.pdf#:~:text=The%20Act%20stipulates%20that%20in,the%20proceedings%2C%20and%20the%20latter

[29] https://rm.coe.int/right-to-a-trial-within-a-reasonable-time-hfii/1680aa3886

[30] https://cemi.org.me/storage/uploads/w4R4zkOq09AfxPi60ukEqXQruc0GXH7tMvVESTne.pdf

[31] https://www.disputeresolutiongermany.com/2011/12/speeding-up-the-courts/#:~:text=case%2C%20but%20also%20heldGermanygenerally%20had,law.%E2%80%9D

[32] https://rm.coe.int/16807473ab#_Toc153700497:

[33] Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշումը:

[34] http://www.parliament.am/draft_docs8/K-902_himnavorum.pdf:

[35]  Cutean v. Romania գործով 02.12.2014 թվականի վճիռը, կետ 60:

[36] P.K. v. Finland գործով 09.07.2022 թվականի վճիռը:

[37] https://www.cplj.org/publications/6-1-procedural-rights-principles-and-approaches-influencing-the-structure-of-civil-litigation#ftnt135 :

[38]https://www.mjusticia.gob.es/es/AreaTematica/DocumentacionPublicaciones/Documents/Law%201-2000%20of%207%20January.pdf:

[39]  https://www.ejustice.just.fgov.be/eli/wet/1967/10/10/1967101055/justel:

[40] https://www.uscourts.gov/sites/default/files/2025-02/federal-rules-of-civil-procedure-dec-1-2024_0.pdf:

[41] 05.02.2013 թվականի թիվ ՍԴՈ-1074 որոշումը:

[42] Vocaturo v. Italy, Cappello v. Italy գործերով համապատասխանաբար 24.05.1991 թվականի և 27.02.1992 թվականի վճիռները, կետ 17, Probstmeier v. Germany գործով  01.07.1997 թվականի վճիռը, կետ 64:

  • Discussed

    14.07.2025 - 29.07.2025

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2308

Print

Suggestions

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Կամ ինչպե՞ս եք պատկերացնում, որ պարզեցված վարույթներով գործերը քննվեն 3-4 ամսում (փաստացի՝ 5-6), և այդ պայմաններում բարդ գործերի քննության համար սահմանված լինի, որպես կանոն, 6-ամսյա ժամկետ։ Կամ արդյո՞ք տեղյակ եք, որ Քաղ. դատ․ օրենսգրքով սահմանված՝ աշխատանքային վեճերի քննության ժամկետներն այսօր ոչ ոքի կողմից չեն պահպանվում։ Ոչ թե այն պատճառով, որ դատավորները վատն են, այլ՝ այն պատճառով, որ այդ ժամկետն ի սկզբանե սխալ և չհիմնավորված էր (ինչը դժվար չէր ի սկզբանե հասկանալ)։ Մի խոսքով, ԲԱՐԴ քաղաքացիական գործերի քննության համար «կանոնը» 1 տարին է, իսկ «կարմիր գիծը» 3 տարին է, այլ ոչ թե՝ այն ժամկետները, որոնք գրել եք նախագծում։ Առավել ևս, ձեր կողմից վկայակոչված միջազգային փորձն ընդհանրապես չի հիմնավորում ձեր նախագիծը։ Կարո՞ղ եք ասել, թե ով է «պահանջում», որ ՀՀ-ն գործերն ավելի կարճ ժամկետներում քննի, քան թե զարգացած կամ զարգացող եվրոպական երկրները։ Պետք չի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Դատավորը, որն ամեն ինչ անելու է, որ գործն արագ քննի, չի կարող որակյալ քննություն ապահովել և որակով դատական ակտ կայացնել։

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Առանց այդ էլ, շատ դատավորներ արդեն դժգոհ են այն փաստից, որ ստիպված են report-ներ գրել՝ գործերի քննության ժամկետների երկարաձգման պատճառների վերաբերյալ։ Այսինքն, նորմալ դատավորները, ովքեր լավ մասնագետ են, այսօր արդեն բավականին ժամանակ են ծախսում, որ «հիմնավորեն», թե ինչու է x գործի քննությունը տևում ավելի երկար, քան թե սահմանված է ԲԴԽ-ի որոշմամբ։ Մինչդեռ ավելի լավ կլիներ, եթե դատավորն իր ժամանակը ծախսեր բովանդակային բաների վրա (այլ ոչ թե գործի քննության ժամկետի երկարումը հիմնավորելու)։

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Մի խոսքով, ավելանալու է արագությունը, բայց կատաստրոֆիկ (կրկնում եմ՝ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ) տուժելու է որակը։ Բացի այդ, դատական պրոցեսը բոլորի համար դառնալու է շատ ավելի լարված և տհաճ։ Դատավորն աշխատելու է նիստերը նշանակել՝ «օր առաջ» սկզբունքով՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար նորմալ ժամանակ չտալով և խախտելով օրինակ իմ՝ այլ գործեր ևս միաժամանակ վերցնելու իրավունքը, աշխատանքի միջոցով ամսական եկամուտ գեներացնելու իրավունքը, հանգստի իրավունքը և այլն։ Իսկ սրանք ավելի կարևոր արժեքներ են, քան թե ԲԱՐԴ դատական գործերի՝ 6 ամսում քննությունն ապահովելը, որը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Դուք այս մոտեցմամբ սպանելու եք և փաստաբանական բիզնեսը, և արդարադատության որակը։ Մինչդեռ ՈՉ ՄԵԿ (ոչ մի ողջամիտ մարդ) չի բողոքում ԲԱՐԴ գործերի քննության ձգձգումներից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե գործը բարդ է, ուրեմն բոլորն էլ ժամանակի կարիք ունեն, այդ թվում դատավորը։ Ի վերջո, դատավորը ևս մեքենա չէ և AI չէ (և պետք էլ չի, որ լինի)։ Եթե ուզում եք «հասարակության գոհունակության մակարդակը» բարձրացնել, մտածեք ՎԱՐՉԱԿԱՆ գործերի մասին, այլ ոչ թե քաղաքացիական։ Մտածեք էն մասին, որ ՔՐԵԱԿԱՆ գործերը անհիմն չձգձգվեն այն պատճառով, որ «կալանավորին դատարան տանելու համար մեքենա չկա»։ Մարդիկ առավելապես դժգոհ են ՎԱՐՉԱԿԱՆ և ՔՐԵԱԿԱՆ գործերի ժամկետների ձգձգումից։ Քաղաքացիական գործերի մասով ևս կան որոշ դժգոհություններ, բայց դրանց լուծման ճանապարհը ոչ թե սա է, այլ՝ որոշ դատավորներին պաշտոնից հեռացնելը (ինչի հնարավորությունը ԲԴԽ-ն ունեցել է, սակայն չի իրագործել)։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: