Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 8-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը և պայմանները, շահա- ռուների խմբերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կացարանով ապահովում է համարվում`

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց որոշակի ժամկետով,

բ. անհատույց անժամկետ,

գ. վարձակալությամբ կամ

3) կացարանի ընթացիկ վերանորոգման կամ հարմարեցման աշխատանքների կատարումը կամ ծախսերի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

4) ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով կամ

5) հիպոտեկային վարկի տրամադրումն արտոնյալ պայմաններով`

ա. հիպոտեկային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի մարում կամ

բ. հիպոտեկային վարկերի գծով վարկի մայր գումարի կամ տոկոսագումարի ամբողջական կամ մասնակի մարում կամ

6) կացարանի տրամադրումը ժամանակավոր օթևանում կամ

7) նվիրաբերությունը կամ

8) գիշերակացի ապահովումը:

Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով:

Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական սոցիալական բնակարանային ֆոնդում և ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

Համապատասխան սոցիալական խմբին պատկանող անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման, ինչպես նաև ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման ոլորտում գործող օրենսդրության մեջ առկա են հետևյալ խնդիրները՝

  • բացակայում է ժամանակավոր օթևանի տեսակների առանձնացման նպատակահարմարությունը․
  • բացակայում է այն դեպքերի սահմանումը, որոնց դեպքում ժամանակավոր օթևանում անձի ընդունելությունն իրականացվում է անկախ դիմումի ներկայացումից․
  • անհրաժեշտ է հստակեցնել ժամանակավոր օթևան ընդունելուց հետո կազմակերպության գործողությունները, դրանց իրականացման ժամկետները, սահմանել այն հիվանդությունները և դեպքերը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող գտնվել ժամանակավոր օթևանում․
  • անհրաժեշտ է հստակեցնել ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման մերժման կամ շահառուի դուրսգրման հիմքերը․
  • բացակայում է ժամանակավոր օթևանում գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվական ենթահամակարգին վերաբերող դրույթները․
  • բացակայում է ժամանակավոր օթևանում շահառուների դեպքի վարմանն ուղղված իրավակարգավորումները և այլն։

Սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ոլորտում գործող օրենսդրության մեջ առկա են հետևյալ խնդիրները՝

  • անհրաժեշտ է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը՝ ընդգրկելով առավել խոցելի թիրախային խմբերին.
  • Արցախյան 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախի բնակչության բռնի տեղահանումը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) շրջանակը և կարգավորել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին) կացարանով ապահովման առանձնահատկությունները.
  • չնայած Որոշման մեջ նախատեսված է համապատասխան սոցիալական խմբերին պատկանող անձանց սոցիալական բնակարանային ֆոնդից վարձակալության հիմքով կացարանի տրամադրման հնարավորությունը, սակայն վարձավճարի չափը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը ճանաչվել է ուժը կորցրած, որի արդյունքում այժմ հնարավոր չէ կնքել վարձակալության պայմանագրեր.
  • անհրաժեշտ է վերանայել կացարանով ապահովման ժամկետները՝ անձին (ընտանիքին) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու և նրանց սոցիալական խնամառությունը բացառելու նպատակով.
  • Որոշման N 2 հավելվածով կարգավորվում են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը, իսկ N 5 հավելվածով հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները: Նշված երկու հավելվածներով առկա են կացարանի տրամադրման հետ կապված առանձին իրավակարգավորումներ: Ընդ որում, անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Օթևան» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման երկու առանձին կարգավորումներ են սահմանված, այնինչ անհրաժեշտ է ապահովել սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով կացարանի տրամադրման մեկ միասնական ընթացակարգ․
  • բացակայում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում դեպքի վարմանն ուղղված իրավակարգավորումները․
  • անհրաժեշտ է լրամշակել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման դիմումի մերժման, ընտանիքներին հաշվառումից հանելու, կացարանով ապահովման ծառայությունը դադարեցնելու հիմքերը․
  • անհրաժեշտ է կարգավորել արտահերթ եղանակով կացարանով ապահովման հստակ հիմքերը և դեպքերը․
  • անհրաժեշտ է վերանայել կացարանների առաջարկման մեխանիզմները (հաշվի առնելով կացարանի տարածքը և Շահառու ընտանիքի անդամների թիվը)․
  • անհրաժեշտ է ապահովել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայության ընթացակարգի թվայնացումը և այլն։

 

           1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում ժամանակավոր օթևանում և պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:

2. Կարգավորման առարկան

          Նախագծով առաջարկվում է

Ժամանակավոր օթևանի մասով

  • շահառու դիտարկել ցանկացած որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ անկախ այլ հանգամանքներից․
  • նախատեսել այն դեպքերը, որոնց պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացումը․
  • վերանայել դիմումի ձևը․
  • կարգավորել Շահառուի՝ Կազմակերպություն տեղափոխվելուց անմիջապես հետո առանձնացված ընդունիչ սենյակում՝ մինչև 10 օր ժամկետով տեղավորման պայմանները և այնտեղ իրականացվող գործողությունները և ժամկետները․
  • հստակեցնել Շահառուի ժամանակավոր օթևանում տեղավորման դիմումի մերժման հիմքերը․
  • կարգավորել ժամանակավոր օթևանում սոցիալական դեպքի վարման առանձնահատկությունները․
  • հստակեցնել ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման ծառայության դադարեցման հիմքերը․
  • կարգավորել համապատասխան ենթահամակարգին վերաբերող դրույթները․
  • վերանայել ժամանակավոր օթևանում շահառուների տեղավորման ժամկետը․
  • սահմանել անցումային դրույթ այն մասին, որ ժամանակավոր օթևանում գտնվող անձինք շարունակում են բնակվել մինչև կնքված պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի լուծումը․
  • առաջարկվում է Որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչել՝ թողնելով միայն ժամանակավոր օթևանի չափորոշիչներին վերաբերող կարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված չափորոշիչները պետք է գործեն մինչև նոր չափորոշիչները կսահմանվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով («Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համաձայն՝ սոցիալական ծառայությունների չափորոշիչները սահմանվելու են ԱՍՀ նախարարի հրամաններով)։

Սոցիալական բնակարանային ֆոնդի մասով

  • վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները։ Նախագծով սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ Ընդ որում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին կամ ընտանիքին, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան տրամադրվելու է, եթե համապատասխան հիմքը վերանալուց հետո անցել է 6 ամիս, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում նախատեսվում է տրամադրել հատուցում կամ հրատապ այլ ծառայություն, որպիսի հարաբերությունները կարգավորվելու են այլ իրավական ակտերով․
  • բոլոր շահառուներին կացարանով ապահովման կարգը սահմանել մի ընթացակարգով, որն իրականացվելու է ՄՍԾ-ի կողմից․
  • պետական սոցիալական բնակարանային ֆոնդում այսուհետ կացարանները տրամադրվելու են միայն վարձակալության հիմքով, ընդ որում, վարձակալության երկու տեսակ է գործելու՝ նվազ սակագներով վարձակալություն, որի պարագայում վարձավճարը սահմանվել է նվազագույն չափով այն հաշվարկով, որպեսզի վարձավճարից ստացված միջոցներով հնարավոր լինի պահպանել և բարեկարգել պետական սոցիալական բնակարանային ֆոնդը։ Վարձավճարի նշված մոդելը մշակվել է հիմք ընդունելով Բոսնիայի լավագույն փորձը։ Տվյալ դեպքում վարձավճարը հաշվարկվելու է հետևյալ բանաձևով՝ V=A+B+C+D+E,

որտեղ V-ն սոցիալական բնակարանային ֆոնդից Շահառուին տրամադրվող կացարանի 1 քմ համար հաշվարկվող արժեքն է արտահայտված ՀՀ դրամով, որը 2025 թվականի համար կազմելու է 427 ՀՀ դրամ։ Նշված բանաձևում

  • A-ն անշարժ գույքի մաշվածության ծախսն է, որը հաշվարկվում է շենքի ծառայության տևողությունն ընդունելով 100 տարի հետևյալ բանաձևով՝ Q։100(տարի)։12 (ամիս), որտեղ Q Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանի հավելվածի Մաս 1-ի 26-րդ ու 35-րդ կետերով սահմանված անշարժ գույքի վերանորոգման համար նախատեսված երկու արժեքների հանրագումարն է (2025 թ․ դրությամբ դրա արժեքն է 221,600 դրամ*1.2 ԱԱՀ=265,920)․

A=265,920/100/12=221.6 ՀՀ դրամ,

  • B-ն անշարժ գույքի մաշվածության սպասարկման ծախսն է, որը հաշվարկվում է A արժեքի 50 տոկոսի չափով․

B=A*50%=110.8 ՀՀ դրամ,

  • C-ն անշարժ գույքի մաշվածության վերականգման կառավարման ծախսն է, որը հաշվարկվում է B արժեքի 10% չափով․

C=B*10%=11.08 ՀՀ դրամ,

  • D-ն անշարժ գույքի՝ հնարավոր ռիսկերից ապահովման (ջրի հոսք, հրդեհ և այլն) ծախսն է, որը հաշվարկվում է վերանորոգված շենքի վրա կատարված ամսական ծախսերի 20%՝ 100 տարվա կտրվածքով հետևյալ բանաձևով․

D=A*20%=44.32 ՀՀ դրամ

  • E-ն անշարժ գույքի վարձավճարի չվճարման ռիսկի համար հաշվարկվող ծախսն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

E= (A+B+C+D)*10%=38.78 ՀՀ դրամ։

Վարձակալության մյուս տեսակը՝ ոչ նվազ սակագներով, կարող է տրամադրվել այն ընտանիքներին, ում առնվանզ մեկ անդամն ունի զբաղվածություն և ընտանիքը բավարարում է Նախագծով նախատեսված այլ պայմաններին։ Այս դեպքում վարձավճարի չափը կապվում է ամսական նվազագույն աշխատավարձի հետ և փոփոխվում է կախված կացարանի գտնվելու վայրից․

  • վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրերի ժամկետները։ Ընդ որում առաջարկվում է սահմանել, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հետ, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կացարանի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչև նրանց 23 տարին լրանալը, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին՝ մինչև 26 տարին լրանալը, միայնակ կենսաթոշակառուների հետ՝ անժամկետ, իսկ մնացած շահառուների հետ 3 տարի ժամկետով։ Մեկ այլ նախագծով նախատեսվելու է սահմանել, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և միայնակ կենսաթոշակառուների պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման համար վարձավճարի հատուցումը կարող է իրականացվել պետական բյուջեի միջոցներից․
  • շահառուի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար․
  • կարգավորել սոցիալական դեպքի վարման առանձնահատկություները․
  • այսուհետ կացարանները կարող են տրամադրվել հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը և կացարանի տարածքը․
  • սահմանել կարգավորում այն մասին, որ մի քանի ընտանիքներ կարող են համատեղ բնակվել կացարանում՝ համաձայնության առկայության դեպքում․
  • վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդում արտահերթ տեղավորման հիմքերը և կարգը․
  • հաստատել կացարանով ապահովման համար ներկայացվող դիմումի ձևը և ՄՍԾ-ի կողմից ընդունվող հրամանների ձևերը․
  • սահմանել պետական մարմիններից ստացվող տվյալների ցանկը և դրանց տրամադրման կարգը։ Ընդ որում Նախագծի համաձայն սկզբնական շրջանում դիմումները կընդունվեն թղթային եղանակով, իսկ ենթահամակարգի ստեղծումից հետո՝ առցանց։ Հետևաբար, նախագծում կարգավորվում են երկու ընթացակարգերը.
  • սահմանել անցումային դրույթներ արդեն իսկ հաշվառված ընտանիքների համար, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդում արդեն իսկ բնակվող անձանց համար․
  • հստակեցնել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշմամբ քաղաքացիներին անհատույց օգտագործման տրամադրման հիմքերը և պայմանները՝ առանց կապելու այն Նախագծի հետ։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի հետ համատեղ։

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ժամանակավոր օթևանում և պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

  • Discussed

    11.07.2025 - 28.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1478

Print

Suggestions

Լիդա Հովհաննիսյան

14.07.2025

Հարգելի հեղինակներ ես կողմ եմ այս օրենսդրական բացերի լրացմանը, բայց այստեղ կան բավականին բացեր և այստեղ անհրաժեշտ է այնպիսի կարևոր , պրոֆեսյոնալ կադրեր , ճիշտ անձնակազմ որ այս փաթեթը իր նպատակին հասցնեն։ Ու ցածր տոկոսով հիքոտեկային վարկերը տարիքը ային շեմը իջացնեն, ինչպես նայև նախնական կանխավճարը շեմը իջեցնեն։ Շնորհակալություն

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: