«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման
նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
- Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:(...)»
Ի կատարումն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի հիշյալ դրույթի՝ 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունվեց «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 664-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 441-Ն որոշումը: Տվյալ որոշումն այնուհետև ուժը կորցրած ճանաչվեց ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որով հաստատվեցին դատախազների համազգեստը, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազի տարբեր հանձնարարականներով և հրամաններով դատախազներին հանձնարարվել է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով:
Դատախազի՝ մշտապես պատշաճ համազգեստով ներկայանալը պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս, ի թիվս այլնի, հանրության լայն շրջանակներում դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի նկատմամբ հանրային վստահությունը և ընկալելիությունը բարձրացնող գործոններից է:
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Որոշման հավելվածում՝ որպես արական և իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս սահմանելով նաև մուգ կապույտ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմը, որն իր մեջ ներառելու է բաճկոն, տաբատ և շապիկ՝ բոլոր եղանակային պայմաններին համապատասխանող պատշաճ հագուստ կրելու՝ դատախազների հնարավորությունն ապահովելու նպատակով:
Բացի այդ, որպես ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս առաջարկվում է նախատեսել արական և իգական սեռի դատախազների՝ մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմը, որն իր մեջ ներառելու է բաճկոն, տաբատ և շապիկ:
ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստը նշված լրակազմով համալրելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև զինվորական ծառայության ու պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխման, բացահայտման ու պատժման լիազորությունների շրջանակներում հաճախ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների կողմից կանխարգելիչ նպատակներով այցելելու ՀՀ պետական սահմանին տեղեկայված զորամասեր կամ մարտական դիրքեր: Նման դեպքերում հակառակորդի համար մարտական դիրքերում նկատվող շարժի տեսանելիությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է կրել մուգ կանաչ գույնի հագուստ, ինչի ապահովմանն էլ ուղղված է նախագծով առաջարկվող լրացումը:
Ավելորդ չէ նշել, որ մուգ կապույտ և կանաչ գույներով ամենօրյա երկարաթև լրակազմերը նաև այլ իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող համազգեստի բաղկացուցիչ մաս է: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող արական և իգական սեռերի ներկայացուցիչների համազգեստի բաղկացուցիչ մաս է հանդիսանում մուգ կապույտ, իսկ Զինվորական քննչական գլխավոր վարչության համար՝ նաև մուգ կանաչ գույներով ամենօրյա երկարաթև լրակազմերը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ արական և իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառելով մուգ կապույտ գույնի ամենօրյա երկարաթև բաճկոն, տաբատ և շապիկ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար՝ նաև մուգ կանաչ գույնի բաճկոն, տաբատ և շապիկ ներառող ամենօրյա երկարաթև լրակազմերը՝ դրանց կրելու ժամկետ նախատեսելով 2 տարին:
Նախագծով առաջարկվում է նաև դատախազների համազգեստի մաս կազմող կոստյումը կրելու համար ներկայումս նախատեսված՝ 1 տարի ժամկետը փոխարինել 2 տարով՝ դրա արդյունքում խնայվող միջոցները համազգեստի նոր բաղկացուցիչ մասերի ապահովման համար անհրաժեշտ ծախսերին ուղղելու նպատակով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստը կհամալրվի լրացուցիչ բաղկացուցիչներով, որոնք անհրաժեշտ են դատախազների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ իրականացնելու համար:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
ՀՀ գլխավոր դատախազություն
-
Discussed
03.07.2025 - 24.07.2025
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 1131
Print