Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1636-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1636-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշումը կարգավորում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: Իր հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշումը կարգավորում է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

 - ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցմամբ (նախկինում ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ արդարադատության նախարարությունն էր).

 - ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված մի շարք կարգավորումները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, մասնավորապես. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին.

- հաշվի առնելով, որ N 1636-Ն որոշմամբ սահմանված նպատակներով ստեղծված հանձնաժողովների գործառույթների իրականացումն անմիջական կապված է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց (կալանավորված անձանց և դատապարտյալներ) առողջության պահպանման իրավունքի իրացման, ինչպես նաև նրանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ և ուղղված է դրանց ապահովմանը` նախագծով նախատեսվում է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի ստեղծման մասով դրույթները կենտրոնացնել հենց N 825-Ն որոշման մեջ` 10-րդ գլխում` դրանք վերապահելով մեկ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին, որը ձևավորվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով (հաշվի է առնվել նաև, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կառավարումը ներկայում արդեն իսկ իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը):

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

1) Նախագծի նպատակն է ապահովել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի կիրառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ պայմանավորված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։

Հաշվի առնելով, որ Նախագծի հավելվածում կատարվում են ծավալուն փոփոխություններ, առաջարկվում է հավելվածը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ` այն համապատասխանեցնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես որոշմամբ սահմանված մի շարք դրույթներում կիրառվող հասկացությունները («բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն», «քաղաքացիական բժշկական հաստատություն», «ստացիոնար», «հիվանդներ», «հիվանդություններով տառապող» և այլն) համապատասխանեցվել են գործող օրենսդրությանը:

Գործող որոշման մի շարք դրույթներում իրավական ակտերին կատարված հղումները վերանայվել են` համապատասխանեցնելով ներկայում գործող իրավական ակտերին, մասնավորապես` մի շարք դրույթներում սահմանված «Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրաման»-ը փոխարինվել է «Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 13-ի N 40-Ն հրաման»-ով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշում»-ը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի N 90-Ն հրաման»-ով:

Նաև, Որոշման մեջ կիրառվող «դատապարտյալներին հաշմանդամ ճանաչելու» հասկացությունը փոխարինվել է «դատապարտյալների ֆունկցիոնալության գնահատման», «1-ին խմբի հաշմանդամ» բառերը` «1-ին խմբի կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը:

 Միևնույն ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքից բխող ընդունվել են մի շարք իրավական ակտեր և անհրաժեշտություն է առաջացել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը համապատասխանեցնել այդ կարգավորումներին։

2) Նախագծի N 1 հավելվածի 10-րդ գլխի դրույթները վերանայվել են, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի դրույթները, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները առ այն, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու, դատապարտյալների բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու կարգավորումների հիմքում դրված է համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։

 Նկատի ունենալով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի 18-րդ մասը` հաստատվել է կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որը նաև վերանայվել է: Նախագծի հավելված 1-ով նախատեսված կարգի 10-րդ գլխի 122-րդ կետով սահմանվել է, որ կալանավորված անձի հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը տրամադրվում է` հիմք ընդունելով Նախագծի N 2 հավելվածով նախատեսված կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Ընդ որում, հաշվի առնելով վերոնշյալ օրենքների կարգավորումներն առ այն, որ դատապարտյալների հիվանդության հետևանքով պատժից ազատելու, դատապարտյալների բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու կարգավորումների հիմքում դրված է համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, նախագծով սահմամվել է, որ եզրակացություն տրամադրելիս արդեն դատապարտյալների դեպքում հանձնաժողովը առաջնորդվում է նույն նախագծի N 2 հավելվածով նախատեսված հիվանդությունների ցանկով, որպես կողմնորոշիչ ցանկ: Այս առումով հատկանշական է այն, որ նշված ցանկը հանդիսանում է այնպիսի հիվանդությունների ցանկ, որոնք ազատազրկված անձի համար առաջացնում են ծանր վիճակ, դրսևորվում են ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով, ուղեկցվում գործունեության ու մասնակցության ծանր և խորը խանգարումներով, գործնականում ազատազրկված անձի կյանքին իրական վտանգ է սպառնում և որևէ կերպ ներկայում պայմանավորված չեն անձի կարգավիճակով (կլինի կալանավորված անձ, թե դատապարտյալ): Նշված հիվանդությունների ցանկը կազմված է ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի):

3) Ինչպես արդեն նշվել էր, նախագծով նախատեսվում է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի ստեղծման մասով դրույթները կենտրոնացնել հենց N 825-Ն որոշման մեջ` 10-րդ գլխում` դրանք վերապահելով մեկ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին, որը ձևավորվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Միաժամանակ N 825-Ն որոշման մեջ` 10-րդ գլխում այդ հանձնաժողովին վերապահել այն գործառույթները, որոնք բխում են օրենքից (միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի ստեղծման պահանջ սահմանված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի 17-րդ մասով):

Այս առումով նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշումը, քանի որ.

  • նշված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներն ստեղծվել են, դրանց կազմերը հաստատվել են առանց օրենքով սահմանված լիազորող նորմերի (ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ).
  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը (նախկինում ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ արդարադատության նախարարությունն էր): Ուստի արդեն իսկ N 1636-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված` ՀՀ արդարադատության նախարարության հանձնաժողովի կողմից ազատազարկված անձանց առողջապահության պահպանման հարցերի մասով բժշկական փորձաքննության կազմակերպումը դուրս է այդ հանձնաժողովի գործառույթների շրջանակներից: Ընդ որում, ՀՀ կառավարության 15.08.2019թ. N 1038-Ն որոշմամբ` N 1636-Ն հավելվածի 3-րդ կետն նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել, սակայն այդ փոփոխությունն առ այսօր ուժի մեջ չի մտել` պայմանավորված այդ որոշման 3-րդ կետի պայմանով.
  • դեռևս 2019 թվականին ՀՀ կառավարության 15.08.2019թ. N 1038-Ն որոշմամբ` N 1636-Ն որոշման հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելուց բացի, մի շարք գործառույթներ ևս հանվել են N 1636-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերից (հանվել են այդ հանձնաժողովների գործառույթներից) և վերապահվել ՀՀ արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովին (գործող N 825-Ն որոշման 10-րդ գլուխ): Ինչպես արդեն նշվել է, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցելուց հետո այդ բժշկական հանձնաժողովի «ՀՀ արդարադատության նախարարությանը կից գործելը» և «բժշկական» եզրակացության տրամադրումը այլևս չի բխում այդ հանձնաժողովի ստեղծման տրամաբանությունից ինչպես գործնական, այնպես էլ իրավական առումով (ՀՀ կառավարության N 614-Ն որոշում).
  • N 1636-Ն որոշման հավելվածով ստեղծված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովների մի մասը ներկայում գործնականում չի գործում, և միջգերատեսչական բժշկական հանձնաժողովների մի մաս գործառույթները հանձնաժողովային կարգով իրականացվում են Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ընդ որում, դրա կազմում ձևավորվել է նոր բաժին և բժշկական հանձնաժողովի եզրակացության կազմման նպատակով դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությունների իրականացման գործառույթն պետպատվերի շրջանակում իրականացվելու է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող N 825-Ն որոշման 10-րդ գլխով սահմանվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում համապատասխան փորձաքննությունների իրականացումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

Ելնելով վերոգրյալից` օրենքներով սահմանված գործառույթներն իրականացնելու և հարցերը կարգավորելու նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական բժշկական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած ութ անդամից, հինգ` մշտական և երեք` հրավիրյալ: Հանձնաժողովի մշտական անդամների կազմը հաստատվելու է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, որում ներգրավվում է մեկ ներկայացուցիչ` ՔԿԲԿ-ից և չորս ներկայացուցիչ` այն պետական կառավարման համակարգի մարմիններից, որոնց կառուցվածքում առկա են առողջապական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ կամ որոնց ենթակայությամբ գործում են բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպություններ: Հրավիրյալ երեք մասնագետը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բուժաշխատողներին ներկայացվող պահանջներին բավարարող անձինք, որոնք Հանձնաժողովի կազմում ներգրավվում են հանձաժողովի մշտական անդամների որոշմամբ` կախված ազատազրկված անձի հիվանդության բնույթից:

Հանձնաժողովին վերապահվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածով ամրագրված հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) կալանավորված անձի հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու (կալանքից ազատելու), դատապարտյալին հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու հետ կապված բժշկական եզրակացության տրամադրումը,

2) կալանավորված անձին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված բժշկական եզրակացության տրամադրումը:

Հարկ է նշել նաև, որ օրենքով սահմանված վերոնշյալ գործառույթների շրջանակում Հանձնաժողովը կազմակերպում է նշված հարցերի կանոնակարգումը (կազմակերպչական գործառույթներ, ազատազրկված անձանց առողջական վիճակի նախնական գնահատում և ըստ այդմ համապատասխան գործողությունների նախաձեռնում, ազատազրկված անձին անհրաժեշտ հետազոտությունների և խորհրդատվությունների ուղեգրում, բժշկական եզրակացության տրամադրում) և չի կարող իրականացնել որևէ տեսակի փորձաքննություն` ոչ դատահոգեբուժական, ոչ դատաբժշկական: Նշված փորձաքննությունները, ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման համաձայն, հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակներ, ինչպես, օրինակ, մանկաբարձական, արյունաբանական, սրտաբանական, ակնաբանական և այլ, ուստի կարող են իրականացվել միայն օրենքով սահմանված լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից: Այդ իսկ պատճառով նախագծով N 825-Ն որոշման 10-րդ գլխում սահմանվել է, որ իր գործառույթների իրականացման համար Հանձնաժողովն իրավասու է միջնորդել ՔԿԲԿ-ին ազատազրկված անձի դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար «դատահոգեբուժական փորձաքննություն» բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորված և պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպություն ուղեգրման կազմակերպման նպատակով (ներկայում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով` որպես «դատահոգեբուժական» տեսակով լիցենզիա ունեցող և պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպություն):

4) Միաժամանակ, գործող ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման հավելվածի 1-ին կետով ստեղծված հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա է նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերը: Հարկ է նշել, որ 1636-Ն որոշման մի շարք գործառույթներ, որոնք օրենքներով ենթադրում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից հարցերի կանոնակարգում, սահմանվել են Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող N 825-Ն որոշման 10-րդ գլխում` բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերի` հետևյալ հիմնավորմամբ.

Հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով իրավակարգավորումները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.

1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:

Ելնելով վերոգրյալից` հարկ է նշել, որ.

1) նախ, օրենսգրքով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով (մինչև դատարանի այդ որոշումը կայացնելը և դրանիղ հետո նույնպես) միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից որևէ գործողություն իրականացնելու պահանջ սահմանված չէ.

2) հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերի առկայությունը պայմանավորված չէ միայն հանցանք կատարած անձի առողջական վիճակի վերաբերյալ գնահատական տալով կամ մեծամասամբ պայմանավորված չեն միայն դրանով, ինչը կենթադրեր հենց միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից այս մասով որևէ գործառույթներ: (Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում):

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Որոշման Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 593-Լ, 2020 թվականի հունվարի 14-ի N 10-Լ, 2021 թվականի ապրիլի 21-ի N 163-Լ և 2022 թվականի հուլիսի 25-ի N 404-Լ հրամանները, ինչպես նաև անհրաժեշտ կլինի հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում վարվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին Առողջապահության նախարարի հրաման:

Որոշումների Նախագծերի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չկան։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Որոշման Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ բժշկական օգնությունը և սպասարկումը:

  • Discussed

    27.06.2025 - 12.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1790

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: