Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից՝ վերը նշված օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով ու 42-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմերը վերաբերում են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերին, պայմաններին, տրամադրվող խնամքի ձևերին, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկին, ինչպես նաև խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկին: Վերը նշված կարգավորումներն արդեն իսկ առկա են: Նման կարգ և ցանկ սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման հավելվածներից երկուսով, սակայն այդ որոշումն անհրաժեշտ է լինելու ուժը կորցրած ճանաչել, քանի որ դրանում սահմանվում են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք նոր ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով պետք է սահմանվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

Ավելին, այդ որոշումը վերաբերում է նաև հարակից այլ որոշումներում փոփոխություններ կատարելուն, ինչը բարդացնում է դրանց կիրառելիությունը և խճճում օրենսդրությունը:

Հետևաբար, ներկայացված նախագծի մշակումն ու ընդունումը ոչ միայն բխում է լիազորող նորմերից, այլև իրավական տեխնիկայի տեսանկյունից ՀՀ կառավարության որոշումները համապատասխան կարգավորման առարկաների շրջանակներում տարանջատելու և իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունից:

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները ներկայացնելիս ոչ միայն կատարվել է եզրութաբանական համապատասխանություն «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին, այլ նաև հստակեցվել են գործնականում առաջացած որոշ խնդիրներն ու ներկայացվել դրանց լուծման օրենսդրական կարգավորումներ:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը:

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի համակարգված ձևով ներկայացնել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները մեկ միասնական ակտով, ինչպես նաև տարանջատել ՀՀ կառավարության որոշմամբ ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կարգավորման ենթակա ոլորտներն ու առարկաները՝ հետագա համապատասխան հրամաններ ընդունելու պայմանով:

Նաև կապահովվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի պահանջները:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ ռազմավարություն,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

Նախագծի մշակումը բխում է նաև ՀՀ կառավարության «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» 2024թ.-ի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշման 5-րդ գլխի ռազմավարական նպատակ 3-ի պահանջից։ Այն է՝ ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգործությամբ ու նրանց ներուժի ավելացմամբ:

Միաժամանակ, նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 10-րդ կետը:

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    25.06.2025 - 10.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1138

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: