Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1078-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թվականի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով սահմանվել են լիազորող նորմեր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունման համար։ Լիազորող նորմերից մեկն Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմն է, որը վերաբերում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը Կառավարության կողմից հաստատելուն: Ներկայումս սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» թիվ 1078-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հիման վրա, որը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել։

Գործող իրավակարգավորումների պայմաններում մասնավոր կազմակերպությունների համար պարտադիր հավաստագրման պահանջ սահմանված է միայն պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում ընդգրկվելու և (կամ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հետ համագործակցության շրջանակներում՝ սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին մասնակցելու համար։ Մինչդեռ, Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից, Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը պետական լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում, իսկ այդ սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները հաստատում է Նախարարությունը։

Ներկայումս սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման հիմքում «հավաստագրման համար պարտադիր պայմանների» պահպանումն է, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդ պայմանները սահմանափակ են և տարբերակված չեն՝ ըստ տրամադրվող սոցիալական ծառայության տեսակների։ Այսինքն՝ առկա իրավակարգավորումները չեն բխում նվազագույն չափորոշիչներ սահմանելու և այդ չափորոշիչներին համապատասխանությունն ապահովելու նպատակով հավաստագրման գործընթաց իրականացնելու կառուցակարգից։

Բացի այդ՝ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար կազմակերպությունները ներկայումս դիմում են և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ սքանավորված տարբերակով, ինչը բարդացնում է հավաստագրման գործընթացը և որ ավելի կարևոր է՝ չի բխում էլեկտրոնային կառավարման ընդլայնմանն ուղղված՝ պետության որդեգրած քաղաքականությունից։ Հավաստագրված կազմակերպությունների գրանցամատյանը ևս վարվում է թղթային տարբերակով, ինչը, կրկին, անհնարին է դարձնում էլեկտրոնային այլ համակարգերի հետ այդ տվյալների փոխգործելիությունը։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ամրագրված է Օրենքով նախատեսված համապատասխան սոցիալական ծառայությունները տրամադրելու գործունեությունը հավաստագրելու պարտադիր պահանջ՝ անկախ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Մյուս կողմից՝ որպես հավաստագրման նպատակ ամրագրված է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ներառյալ՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին, համապատասխանությունն ապահովելը։ Միաժամանակ, ապահովված է  համապատասխան  նվազագույն չափորոշիչների նկատմամբ վերահսկողության իրականացման և, մյուս կողմից, վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով հավաստագրի գործողությունը կասեցնելու իրավական հնարավորությունը։ Հավաստագրման ողջ գործընթացի իրականացումը, ներառյալ՝ ռեեստրի վարումը, նախատեսվում է իրականացնել տեղեկատվական համակարգի միջոցով։   

Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեղեկատվական համակարգի մշակմանն ու գործարկմանն ուղղված ծախսի վճարումը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում ներառելու, այնուհետև՝ բուն տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման և գործարկման համար անհրաժեշտ է համեմատաբար երկար ժամանակահատված՝ Նախագծով տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման և գործարկման ժամկետ է սահմանված 2028 թվականի հունվարի 1-ը։ Ըստ այդմ՝ գործող որոշումն ուժը կորցրած  է ճանաչվելու, իսկ Նախագիծը գործելու է 2028 թվականի հունվարի 1-ից։ Տեղեկատվական համակարգի մշակմանն ու գործարկմանն ուղղված ծախսի վճարումը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում ներառելու հնարավորության նախատեսման նպատակով է, որ Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ Օրենքով նախատեսված համապատասխան սոցիալական ծառայությունները կտրամադրվեն միայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Հավաստագրումը կիրականացվի համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին հավաստագրվող կազմակերպությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում հավաստագրի գործողության կասեցման հնարավորություն կստեղծվի։

Բացի այդ՝ նախագծի ընդունմամբ հավաստագրման ողջ գործընթացը, ներառյալ՝ հայտերի ներկայացումը, հավաստագրված անձանց ռեեստրի վարումը, կիրականացվի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի միջոցով։ Արդյունքում կբարձրացվի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի արդյունավետությունն ու մատչելիությունը։     

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի մշակում, որի ծախսը կազմում է 70,000,000 մլն ՀՀ դրամ  դրամ։

 

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ով ամրագրված 3-րդ մեգանպատակին, այն է՝ պետական մարﬕնների գործունեությունը դարձնել թափանցիկ, հանրամատչելի, արդյունավետ, վերահսկելի և մասնակցային․․․։ Նախագծի ընդունումը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 16-րդ կետից:

 

 

 

  • Discussed

    23.06.2025 - 09.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1413

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: