««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
- Ներկա իրավիճակն ու իրավական ակտի անհրաժեշտությունը:
2021 թվականից Հայաստանի Հանրապետություն արտադրական կանեփի օրինական շրջանառությունը սահմանող օրենսդրության շրջանակներում մեկնարկեց իրավաբանական անձանց լիցենզավորման գործընթացը: Թվով 11 ընկերություններ ստացել էին լիցենզիաներ արտադրական կանեփի մշակության և վերամշակման նպատակներով, սակայն ներկայումս մեծամասնության լիցենզիաների ժամկետներն ավարտվել են և մի շարք տնտեսավարողներ ունենալով գործող լիցենզիաներ չեն կարողանում իրականացնել արտադրական գործընթացը: Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում արտադրական կանեփի արտադրությունը չի հաջողվում՝ գլխավորապես պայմանավորված արտադրությանն ոչ համարժեք պետական տուրքերով։ Խնդրահարույց են նաև քվոտավորման գործող պահանջները, քանի որ դրանք չափազանց բարդ է ապահովել գիտական և արտադրական ոչ մի փորձ չունեցող երկրների համար: Վերոնշյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ առանձնապես արտադրական կանեփի դեպքում հնարավոր չէ շարունակական հստակ և կայուն արտադրության ծավալ ապահովել, ինչպես նաև անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն բացի կաննաբիդիոլից, արտադրական կանեփի բուսախեժի մեջ պարունակվող այլ ոչ հոգեներգործուն կաննաբինոիդների կամ տերպենների (բուրումնավետ նյութեր) արտադրության համար:
Ինչ վերաբերում է պետական տուրքերին, ապա դրանք համապատասխանում են կանեփի հոգեներգործուն սորտերի արտադրությանը (հաշվի առնելով միջազգային փորձը), ուստի այս պարագայում արտադրական կանեփի գործունեությունը չի կարող եկամտաբեր լինել և հենց այդ պատճառով արտադրական կանեփի շուկայում հաջողակ ընկերությունների կողմից պոտենցիալ ներդրումները չեն իրականացվում հանրապետությունում: Բացի այդ, սահմանված կարգավորումների համաձայն լիցենզավորված անձը նույն սերմի, կտրոնի ներմուծման դեպքում պետական տուրքը պետք է վճարի կրկնակի անգամ, ինչպես նաև լիցենզիան ստանալուց հետո մինչև երկու տարի ժամկետում ջերմատունը կառուցելու և այն վերազինելու ժամանակահատվածի համար ևս գանձվում է պետական տուրք։ Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք ստանալու համար կառուցվող ջերմատունը, տնկարանը, պահեստները, լաբորատորիան պետք է լինեն սահմանված չափորոշիչների համաձայն, որը կարող է արժենալ 1,5 միլիոնից ավել ԱՄՆ դոլլար։
Համաձայն լիցենզավորված «Գրին Դրիմս» ՍՊԸ-ի արտադրական կանեփի ծաղկագլխի և կանաչ զանվածի մեկ կիլոգրամի վաճառքի գումարը ներկայումս կկազմի 170․800 ՀՀ դրամ կամ 400 եվրո, իսկ ընդհանուր արտադրական ծախսերը շուրջ 442․000․000 ՀՀ դրամ, պետական տուրքի գումարը տրամադրված քվոտաների շրջանակներում՝ 231․000․000 ՀՀ դրամ, արտադրական կանեփի չոր զանգվածի (տարեկան 4 տոննա) վաճառքից ակնկալվող եկամուտը՝ 683,200,000 դրամ, չհաշված հարկային պարտավորությունները։ Արդյունքում շահույթը կկազմի 10․000․000 ՀՀ դրամ, որը հնարավորություն չի տա հաջորդ տարի շարունակելու արտադրական գործունեությունը և արտադրական կանեփի արտադրական գործունեությունը դառնալու է ոչ շահութաբեր։
Գործող օրենսդրությամբ բացակայում է պահանջը նմուշառման և փորձաքննության արդյունքների հիման վրա արտադրական կանեփի խնդրահարույց սորտերի ցանկի վարման ու հրապարակման, որը տնտեսավարողներին հնարավորություն կտա առավել ճիշտ ընտրել արտադրական կանեփի սորտերը, որոնք չեն գերազանցում THC-ի պարունակության 0,3 տոկոսը:
Միաժամանակ գործող օրենսդրությունը չի նախատեսում սածիլների և կտրոնների արտադրություն, վաճառք և արտահանում, մինչդեռ այն հնարավորություն կտա արտադրական կանեփի արտադրության շրջանակներում մեկ այլ արտադրատեսակի` տնկանյութի արտադրության զարգացմանը, հաշվի առնելով, որ մի շարք պետություններում որտեղ արտադրական կանեփի արտադրություն թույլատրված է և իրականացվում է սերմնաբուծություն, կանեփի տնկանյութի արտադրությունն արգելված է, ուստի սելեկցիայով և սերմնաբուծությամբ զբաղվող ընկերությունները տնկանյութի արտադրությունն իրականացնում են այլ պետություններում: Բացի այդ, այն լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում in vitro մեթոդի կիրառման և կենսատեխնոլոգիական լաբորատորիաների զարգացման համար, որը կնպաստի մասնավորապես պտղաբուծության և ծաղկաբուծության ճյուղի զարգացմանը:
Սրան զուգահեռ, արտադրական կանեփի արտադրությունը հաջողելու կարևորագույն նախապայմաններից մեկը գիտական հետազոտությունների իրականացումն է, քանի որ ագրոնոմիական գիտության մեջ ընդունելի է փորձի արդյունքը` հաշվի առնելով յուրաքանչյուր մշակության գոտու բնակլիմայական պայմանները, անկախ նրանից, որ մշակությունն իրականացվում է պաշտպանված գրունտի պայմաններում (տարբեր է նաև արտադրանքի ինքնարժեքը): Միաժամանակ, տեղում մասնագետները հնարավորություն չունենալով գործնականում ծանոթանալ բույսի բուսաբանական և կենսաբանական առանձնահատկություններին` չեն կարող արտադրության մի քանի տարում լիարժեք մասնագիտական գործունեություն իրականացնել և փաստացի հանրապետությունում հնարավոր չէ ապահովել մասնագիտական կադրերի առկայություն: Հետևաբար, նաև սույն կարգավորումների բացակայությամբ պայմանավորված արտադրության զարգացման համար չեն կարող բարենպաստ պայմաններ ապահովվել:
Արտադրական կանեփի արտադրության իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու համար ներկայացվող Նախագծերով առաջարկվում է փոխել քվոտավորման պահանջները, նախատեսել գիտական հետազոտությունների իրականացման հնարավորություն, հրապարակել արգելված, խնդրահարույց և թույլատրված սորտերի ցանկ, նախատեսել կտրոնների և սածիլների արտադրություն, վաճառք և արտահանում, միաժամանակ պետական տուրքը սահմանել ըստ մշակության մակերեսի` յուրաքանչյուր 5000 քմ մակերեսով տարածքի համար արտադրական կանեփի մշակության, չորացման, ներմուծման, արտահանման, գիտական հետազոտությունների, ինչպես նաև սածիլների և կտրոնների վաճառքի համար:
Սույն Նախագծերով ներկայացված օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ իրականացնել նաև օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում, քանի որ դրանք ևս պարունակում են խնդրահարույց դրույթներ:
- Խնդրի սահմանումը:
Գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի արտադրության իրականացման համար առկա են մի շարք խոչընդոտներ, որով պայմանավորված լիցենզավորված ընկերությունները դեռևս չմեկնարկած արտադրությունը ձախողում են, չի իրականացվում արտադրական կանեփի արտադրություն և հնարավոր չէ ներգրավել ներդրումներ:
- Կարգավորման նպատակը
Նախագծերով ներկայացված օրենսդրական փոփոխությունների նպատակն է արտադրական կանեփի արտադրության համար ապահովել նպաստավոր և արտադրությանը համապատասխան պայմաններ, ստեղծել նախադրյալներ արտադրական կանեփի կտրոնների և սածիլների արտադրության զարգացման համար, ապահովել համապատասխան մասնագետների և գիտական փորձառության առկայությունը, որն անմիջական ազդեցություն կունենա արտադրության արդյունավետության վրա:
4․ Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը:
Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կզարգանա արտադրական կանեփի արտադրությունը, կներգրավվեն օտարերկյա ներդրումներ, կընդլայնվի հանրապետությունում մշակվող մշակաբուսերի ցանկը, կզարգանա ագրոնոմիական գիտությունը և բուսաբուծության ճյուղում կներդրվեն նորարարություններ:
6․ Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում։
- Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը հաստատելու մասին» № 142-Լ որոշման դրույթներից:
-
Discussed
16.06.2025 - 06.07.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1831
Print