Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Հանրագրերի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) իմաստով՝ հանրագիրը Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունն է:

Հարկ է նկատել, որ հանրագիր ներկայացնելու կարգին առնչվող Օրենքի կարգավորումներում առկա են որոշակի բացեր, որոնք պրակտիկայում խոչընդոտներ են ստեղծում պատշաճ կարգով հանրագրի ներկայացման, գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացներում: Ընդ որում, հանրագրով ներկայացվող առաջարկը որոշ դեպքերում զուրկ է լինում ծանրակշիռ հիմնավորումներից, ինչը հնարավորություն չի տալիս բացահայտելու առկա իրավիճակը, առաջարկի ներկայացման նպատակները և առաջարկի միջոցով ակնկալվող արդյունքը:

Գործող կարգավորումների պայմաններում հստակեցման կարիք ունի հանրագրի գրանցման, քննարկման, հրապարակման համար պատասխանատու մարմինների և պաշտոնատար անձանց շրջանակը: Այս առումով անհրաժեշտություն է առկա՝ Օրենքով հստակ ամրագրելու, թե ում կողմից և ինչ կարգով է իրականացվում հանրագրի գրանցումը, քննարկումը և հրապարակումը:

Բացի այդ, առաջանում են իրավիճակներ, երբ Վարչապետի աշխատակազմի կողմից հանրագրի վերահասցեագրում է կատարվում իրավասու նախարարություն, որին միաժամանակ նույն հարցի վերաբերյալ առանձին հանրագրով դիմել էր նաև հանրագիր ներկայացրած անձը, ինչի արդյունքում շփոթ է առաջանում, թե տվյալ նախարարությանն ուղղված և վերահասցեագրված հանրագրերը որ մարմնի կողմից են ենթակա գրանցման և հրապարակման: Հետևաբար, հիշյալ խնդրի կարգավորումն ուղղված է հանրագրերի գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացներն էականորեն հստակեցնելուն:

Վերոգրյալից բխում է, որ Օրենքում արձանագրված որոշակի բացերի և խնդիրների կարգավորման առնչությամբ առկա է համապատասխան կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտություն:

 

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերոնշյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել Օրենքի համապատասխան հոդվածներում կատարել փոփոխություն և լրացումներ, որպիսի պայմաններում էլ մշակվել է «Հանրագրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ):

Նախագծով նախատեսվում է հանրագիր ներկայացնող անձի համար սահմանել հանրագրով ներկայացված առաջարկը պարտադիր հիմնավորելու պահանջ: Մասնավորապես, հանրագրի հիմնավորման մասով Նախագծով սահմանվում են որոշակի չափանիշներ՝ այդպիսով պարտադիր պայման դարձնելով հիմնավորումը և միայն սահմանված պահանջներին համապատասխանող հիմնավորման առկայության դեպքում հանրագրի դիտարկումը, ինչն էականորեն կվերափոխի հանրագրի շուրջ ընկալումները: Քննարկվող պահանջների սահմանումը նաև ազդակ կհանդիսանա, որ անհիմն հարցերով հանրագրեր չներկայացվեն:

Հանրագրի գրանցման, քննարկման, հրապարակման համար պատասխանատու անձանց շրջանակի սահմանման անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծով առաջարկվող դրույթներով հանրագրի քննարկումը նախատեսվում է վերապահել դրանով առաջադրված հարցերի շրջանակում տվյալ կառույցի համապատասխան մասնագիտական ուղղվածություն ունեցող ստորաբաժանմանը, իսկ դրա գրանցումն ու հրապարակումը՝ տվյալ մարմնի փաստաթղթաշրջանառությունն իրականացնող համապատասխան ստորաբաժանմանը:

Նշվածի համատեքստում Նախագծով կարգավորման են ենթարկվում նաև Վարչապետի աշխատակազմի կողմից իրավասու նախարարություն վերահասցեագրված և միաժամանակ նույն հարցի վերաբերյալ առանձին հանրագրով հանրագիր ներկայացրած անձի կողմից անմիջականորեն տվյալ նախարարություն ներկայացրած հանրագրերի գրանցման և հրապարակման գործընթացների մանրամասները:

 

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի կանոնակարգելու «Հանրագրերի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներն ու բացերը:

Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների համատեքստում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի որոշ դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում հանգեցնում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝ հանրագրի գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար կսահմանվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն վերոնշյալ գործընթացների իրականացման մանրամասները, պատասխանատու անձանց շրջանակը, ինչպես նաև կսահմանվի հանրագրով ներկայացված առաջարկին կից պարտադիր հիմնավորում ներկայացնելու պահանջ:

 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի 6.4-րդ «Ինստիտուտների և գործառույթների արդիականացում» գլխից, որի համաձայն՝ ինստիտուտների արդիականացման ուղղությամբ Կառավարությունն ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր:

  • Discussed

    16.06.2025 - 02.07.2025

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 944

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: