Add to favourites

««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ», նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:», իսկ 3-րդ մասի համաձայն՝ «Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով»:

Այս համատեքստում, հիշարժան են հենց վարչարարության հիմնարար սկզբունքները. մասնավորապես՝ վարչարարության օրինականության, հայեցողական լիազորությունների սահմանափակման, կամայականության արգելքի, վարչարարության համաչափության, հավաստիության կանխավարկածի սկզբունքները: Այսպես, եթե ընդհանրացված կերպով դիտարկենք այս սկզբունքները վարչական բողոքի քննարկման շրջանակում՝ կարող ենք եզրակացնել, որ վարչական բողոքը քննարկելիս վարչական մարմինը պետք է առաջնորդվի օրենքներով, այն դեպքում, երբ ունենա իրավաչափ տարբերակների մեջ ընտրության հնարավորություն, ընտրի այն մոտեցումը, որը ապահովում է մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հավասար մոտեցում ցուցաբերի միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, այդ թվում՝ հիմնվելով նախկինում կայացրած իր որոշումների վրա, առաջնորդվի ընտրվող միջոցների պիտանիության, անհրաժեշտության և չափավորության, ինչպես նաև ապացույցների հավաստիության ու ապացուցման բեռի կանոններով:

Վերոնշյալի համատեքստում հատկանշական է նաև, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:»:

Նշված իրավակարգավորումներից պարզ է դառնում, որ թեև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածը սահմանելով վարչական բողոքի քննարկման կարգը և սահմանները՝ ուղղակիորեն չի նախատեսում պահանջ վարչական բողոքի քննության ընթացքում արդեն իսկ ձևավորված դատական պրակտիկան հաշվի առնելու և դրանով առաջնորդվելու:

Մինչդեռ, Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, Վճռաբեկ դատարանը բացի մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու գործառույթից, ապահովում է նաև օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Սակայն, նշվածի շրջանակում շարունակում է խնդրահարույց մնալ այն, որ թեև Վճռաբեկ դատարանի՝ իր որոշումներով ձևավորած կայուն պրակտիկայի, վարչական բողոք քննող վարչական մարմինները և պաշտոնատար անձինք կարող  են շեղվել դատարանների կողմից ձևավորած պրակտիկայից, օրինակ, նույնանման փաստակազմով և իրավական հիմքերով բողոքների բավարարումը մերժելով:

Սակայն, վերը նշված վարչարարության հիմնարար սկզբունքներից բխում է, որ դրանք հավասարապես կիրառելի են և ենթադրում են նաև կայացած դատական պրակտիկայի արտացոլումը վարչական բողոքների քննարկման շրջանակում:

Այսպես, Արդարադատության  նախարարության կողմից իրականացվել է մի քանի հիմքերով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների դատական բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտերի մշտադիտարկում, որոնցից պարզ է դարձել, որ թեև մի շարք դեպքերում վարչական դատարանը ձևավորել է կայուն պրակտիկա որոշակի հիմքերով և փաստակազմով վարչական ակտերի բողոքարկման և անվավեր ճանաչման ուղղությամբ, այնուամենայնիվ նույն հիմքով և փաստակազմով վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկումը արդյունավետ չէ, և վարչական մարմինների՝ բողոքները մերժելու արդյունքում նույն վարչական ակտերը շարունակվում են բողոքարկվել դատարան:

Այնինչ, Կառավարություն որդեգրել է քաղաքականություն վերադասության կարգով բողոքարկումը հնարավորինս արդյունավետ դարձնելու: Նշվածով է պայմանավորված, որ տարբեր տարիներին Կառավարության առաջարկությամբ կատարված օրենսդրական փոփոխություններով նախատեսվել են որոշ զանցակազմերով կայացված վարչական ակտերի՝ պարտադիր վերադասության կարգով բողոքարկման պահանջներ: Նշված փոփոխությունները նպատակ էին հետապնդում, ինչպես վերադասության կարգով վարչական ակտերի բողոքարկումը արդյունավետ դարձնելու, այնպես էլ նպաստելու դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը: Սակայն վերջին տարիների դատական գործերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարչական գործերի քանակը ոչ թե նվազել, այլ մի քանի անգամ շատացել է: Մասնավորապես, եթե միայն համեմատություն իրականացվի վարչական դատարանի 2023 թվականի և 2024 թվականի ընթացքում մուտք եղած գործերի միջև, կարող ենք նկատել, որ եթե 2023 թվականին վարչական դատարան մուտքագրվել է 13.305 գործ, ապա 2024 թվականի ընթացքում վարչական դատարան է մուտքագրվել 21.329 գործ, ինչից հետևում է վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում բարձրացել է 60 և ավելի տոկոսով:

Ընդ որում, հատկանշական է, որ 2023 թվականին ավարտվել է 8.074 գործ, որոնցից հայցի բավարարմամբ են ավարտվել 5.760-ը, իսկ 2024 թվականին ավարտվել է 14.905 գործ, որոնցից հայցի բավարարմամբ  են ավարտվել 11.130-ը:

Վերը վկայակոչված վիճակագրական տվյալներից կարող ենք նկատել, որ վարչական դատարան ներկայացված հայցերը առավելապես բավարարվում են:

Ավելին, թեև ձևավորված պրակտիկային, վարչական մարմինները շարունակում են դատական ակտերը բողոքարկել Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան: Նշվածը ինչպես ֆինանսապես է ծանրաբեռնում դատարանները, այնպես էլ ազդում է գործի՝ ողջամիտ ժամկետներում քննության վրա: Այսինքն, արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը ինչպես նյութական, այնպես էլ մարդկային ռեսուրս է ներդնում վարչարարության՝ այդ թվում վերադասության կարգով բողոքների քննության ընթացակարգի պատշաճ իրականացման ուղղությամբ, սակայն այնուհանդերձ վարչական մարմինների կողմից շարունակվում է այն պրակտիկան, երբ արդեն իսկ ձևավորված դատական պրակտիկայի պայմաններում շարունակվում են վերադասության կարգով ներկայացված բողոքները մերժվել, իսկ դատական կարգով բավարարված հայցադիմումներով դատական ակտերը՝ բողոքարկվել վերադաս ատյաններ:

Հետևապես, ներկայացված պայմաններում առաջացել է անհրաժեշտություն օրենքով նախատեսելու հնարավորություն, որպեսզի վարչական մարմինները վարչական բողոք քննելիս հնարավորություն ունենան առաջնորդվելու մեթոդական ցուցումներով, որոնք կնպաստեն վարչական բողոքների քննարկման շրջանակում վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմանը:

Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել ոլորտային մեթոդական ցուցումներ, որոնք պարտադիր կլինեն պետական կառավարման համակարգի մարմինների համար։ Այսպիսի մեթոդական ուղեցույցի մշակումը կնպաստի նրան, որ վարչական մարմինները ունենան հստակ իրավաչափ ուղենիշներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքները բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։ Նման մեթոդական ցուցումների մշակումը նորմատիվ հիմք կստեղծի վարչական մարմինների համար, որպեսզի վերջիններս ունենա հստակ ուղենիշներ որոշումներ կայացնելու համար՝ չեզոքացնելով հայեցողական դրսևորումները,  կնպաստի նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը՝ կանխելով այն վարչական գործերի մուտքը դատարան, որոնց ելքը կարող է կանխատեսելի լինել նաև վարչական բողոքարկման համատեքստում՝ խթանելով նաև անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ ապահովելով իրավական որոշակիություն և կանխատեսելիություն։

         

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանելու հնարավորություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմնի կողմից վարչական բողոքը քննարկելիս նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից վարչական բողոքների քննարկման մեթոդական ցուցումներով առաջնորդվելու մասին:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով կսահմանվի լիազորող նորմ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինների կողմից վարչական բողոքը քննարկելու մեթոդական ցուցումները:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները:

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտ է մշակել և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով սահմանվելու են մեթոդական ցուցումներ, որոնցով առաջնորդվելու են պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինները վարչական բողոքները քննարկելիս:

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Դատական և իրավական բարեփոխումների 4-րդ (Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում) և 7-րդ (Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում) նպատակներից, միտված լինելով վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանը և վարչական դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը:

  • Discussed

    11.06.2025 - 26.06.2025

  • Type

    Law

  • Area

    Constitutional and administrative legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 664

Print