ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հանրային վստահությունը և մասնակցայնությունը քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացմանը ժողովրդավարական կառավարման հիմնարար տարրեր են, որոնք կարևոր են կառավարության բարեփոխումների օրինականության և արդյունավետության ապահովման համար: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է:
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը» (այսուհետ՝ Ռազմավարություն), որը մանրամասնորեն վերլուծում է անցած 30 տարիների ընթացքում հանրային կառավարման ձևավորման, իրականացված բարեփոխումների փուլերը, թույլ տված բացերի պատճառները, հետևանքները և սահմանում է առաջիկա տարիների ռազմավարական նպատակները ու գործողությունների պլանը։
Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարությունների հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր, ինչպես նաև կարգավորել ՀՀ կառավարության ենթակա մարմիններում հասարակական խորհուրդների ձևավորման և կարգավորման անհրաժեշտությունը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հասարակական խորհուրդների գործունեության օրինակելի աշխատակարգը հաստավել է 2015 թվականին կառավարության արձանագրային որոշմամբ, որի հիման վրա, որպես կանոն, նախարարությունները հաստատել են նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը։ Սակայն հարկ է նշել, որ նշված արձանագրային որոշումը գործել է մինչև 2021 թվականի հոկտեմբեր և ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշմամբ ճանաչվել է անվավեր։
Գործող օրենսդրության և ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական համակարգային խնդիրները՝
- Նախարարին կից հասարակական խորհրդի գործառույթները չեն համապատասխանում Ռազմավարությամբ առաջադրված խնդիրներին։
Նախարարին կից հասարակական խորհրդի գործառույթների մի մասը հստակ չեն, անհասկանալի են դրանց իրականացման մեխանիզմները, իսկ մի մասը չեն ապահովում Ռազմավարությամբ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման ինստիտուցիոնալ հիմքերը, մասնակցության ձևերի իրավական ու ընթացակարգային մեխանիզմները։
Եթե խմբավորենք հասարակական խորհրդի լիազորությունները, ապա կստանանք հետևայալ պատկերը: Խորհուրդները՝
- աջակցում են նախարարությանը,
- նախարարությանը ներկայացնում են կարծիքներ ու դիտողություններ,
- քննարկում են կարծիքներ և տեսակետներ։
Խոշորացված նախարարությունների պարագայում հասարակական խորհրդի նիստի ընթացքում նախարարը գործնականում հնարավորություն չի ունենա անդրադառնալ նախարարության բոլոր ոլորտների խորքային և բովանդակային հարցերին։
Խնդրահարույց է նաև օրակարգի ձևավորման վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, եթե հաշվի առնենք հասարակական խորհուրդներ ստեղծելու նպատակի վերաբերյալ նախարարությունների օրինակելի կանոնադրության գործող դրույթը, ապա օրենսդրությամբ պետք է սահմանված լինեն օրակարգային այն հարցերի նվազագույն ծավալը, որոնք պարտադիր պետք է քննարկվեն Խորհրդում։
Նախարարների կողմից ընդունված աշխատակարգերը, որոնք գրեթե ամբողջությամբ կրկնում են այլևս չգործող 2015 թվականի արձանագրային որոշման դրույթները, չեն կարգավորում ՔՀԿ-ների հետ ընթացիկ աշխատանքների ապահովման հարցերը։ Խորհրդի անդամների լիազորություններն ամբողջական և ավարտուն չեն։ Եթե նախարարի կողմից անդամի առաջարկած հարցը չի ընդգրկվում օրակարգում, ապա այդ հարցին որևէ կերպ նախարարության կողմից անդրադառնալու կարգավորում նախատեսված չէ։ Նույն իրավիճակն է նաև Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ կարծիք հայտնելու լիազորության մասով։
Եթե որոշակի կարգավորումներ ստեղծվել են ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների մասով, ապա դրանք իսպառ բացակայում են ՀՀ կառավարության ենթակա մարմինների համար, չնայած այն հանգամանքին, որր ՀՀ կառավարության ենթակա մարմինները քաղաքականություն մշակող չեն, սակայն դրանք իրականացնում են մի շարք հանրային կյանքի վրա ազդեցություն ունեցող գործառույթներ։
- Ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին։
Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմերի միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՔՀԿ-ների քաղաքականության մշակման որոշումների կայացման փուլերին արդյունավետ ներգրավելու համար կան հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության մակարդակում։
Ի հավելումն վերոգրյալի՝ ՀՀ-ում բացակայում են ՀՀ կառավարության ենթակա մարմիների հասարակական խորհուրդների ձևավորման պահանջները, սակայն հանրային լսումների և հանդիպումնների ժամանակ դրանց սահմանումը կարևորվել է շահառուների կողմից։
Գործող կարգավորումները չեն ապահովում հասարակական խորհուրդների ինստիտուցիոնալ ձևակերպումը և արդյունավետ մասնակցությունը: Օրինակ՝ նախարարին կից խորհուրդների որոշումները հաճախ խորհրդակցական բնույթ ունեն, իսկ կոմիտեների համար նման մեխանիզմներ ընդհանրապես բացակայում են։
ԵՄ անդամ երկրներում հանրային քաղաքականության մշակման գործընթացներում քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման համար հիմնարար փաստաթուղթը Եվրոպական Հանձնաժողովի 12.12.2023թ.(EU) 2023/2836 հանձնարարականն է, որը պարտավորեցնում է ունենալ պարզ և հասանելի ընթացակարգեր։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, որը կանոնակարգում է ՀԽ-ների ստեղծման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Սույն ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվեն հիմքեր, որոնք թույլ կտան հաջորդիվ Վարչապետի որոշման նախագծով հաստատել ինստիտուցիոնալ հիմքեր և կրագեր ՀՀ նախարարությունների և ենթաքկա մարմինների հասարակակն խորհուրդների ձևավորման համար։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից՝ քաղաքացիական հասարակության և մասնագիտան ուղղվածություն ունեցող կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ:
5. Կապը ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն՝
- ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Վարչապետի աշխատակազմ» գլխի «Քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային մասնակցության ապահովման գործիքակազմի բարելավում» բաժնի «1.2 Մասնակցային կառավարման գործիքների, կարգավորումների և մեխանիզմների բարելավում» կետից.
- «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման հավելված 1-ի 34-րդ կետի՝ Մասնակցային կառավարման համակարգի բարելավման նպատակով կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝
1) Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմի վերանայում՝ ապահովելով բաց ու ներառական որոշումների կայացման գործընթաց, այդ թվում՝ «նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործառույթների ու արդյունավետության բարելավմանն ուղղված միջամտությունները»:
Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված մասնակցային կառավարման քաղաքականության զարգացման միջոցառումներից։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվում է համապատասխան իրավական դաշտ և միջավայր Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար, այն է՝ «Իրավական ակտերի քննարկումներում հանրային մասնակցության աճ, %» և «Իրավական ակտերի հանրային քննարկումների արդյունավետության աճ, %»։
7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջանում։
Որոշակի ֆինանսական միջոցներ նախարարությունները պետք է պլանավորեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, նախարարությունների պաշտոնական կայքերը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:
8. Այլ տեղեկություններ.
Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների կանոնադրություններում սույն և հաջորդիվ ՀՀ վարչապետի որոշումներից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումների նախագծերը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը։
-
Discussed
10.06.2025 - 26.06.2025
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
Office of the Prime Minister
-
Status
Views 1308
Print