ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.
«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու անհրաժեշտությունից ելնելով:
Վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշման 3-րդ կետով տրվել է հանձնարարական, որի արդյունքում մշակվել է սույն հիմնավորման առարկա հանդիսացող «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
- Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի գնահատման համար հիմք են հանդիսանում շուրջ 30 տարվա տվյալները, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել կադաստրային արժեքի համապատասխանաբար 100, 50 և 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով:
- «Գնահատման գործունեության մասին» օրենքում բացակայում են պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի գնահատման պարտադիր դեպքերը:
Նախագծով առաջարկվում է նշված հողամասերը ընդգրկել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերի ցանկում, արդյունքում՝ պետական և համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի հողերի օտարումների պարագայում (եթե դրանք ընդլայնում չեն) պարտադիր կկիրառվի գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման և օրենքով սահմանված ժամկետներում ուժի մեջ մտնելու արդյունքում, անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել նաև Կառավարության այն որոշումներում, որոնցով սահմանվում են հողերի օտարման ընթացակարգերը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 106-րդ կետի՝ (ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումների իրականացում) 106.1-ին ենթակետի (ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից բխող քայլերի իրականացում ուղղված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը) միջոցառման կատարումից։