Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջեվ ծագած տարաձայնությունների, վեճերի քննարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՂՈՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ և 46-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Սահմանել՝
  • Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
  • Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելված 2-ի:
  • Օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունների, վեճերի քննարկման կարգը` համաձայն հավելված 3-ի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

               Ն. Փաշինյան

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2025 թվականի  -  --ի №     -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են խաղացողների կողմից կազմակերպչի դեմ բերվող բողոքների քննության հետ կապված հարաբերությունները:
  2. Յուրաքանչյուր խաղացող, ով գտնում է, որ կազմակերպչի գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվել են խաղային գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված խաղերի, շահումների պահանջները, իրավունք ունի բողոք բերելու Վերահսկող մարմին:
  3. Բողոքները քննելիս Վերահսկող մարմինը ղեկավարվում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով, խաղային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով և սույն կարգով:
  4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում նշված իմաստով ու նշանակությամբ:
  5. Սույն կարգում նախատեսված օրերով ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով։

                                     

  1. ԲՈՂՈՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Մինչև պահանջը Վերահսկող մարմին ներկայացնելը, խաղացողը բողոքը ներկայացնում է կազմակերպչին՝ վերջինիս կանոնակարգով սահմանված ժամկետում: Սույն կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու դեպքում խաղացողի բողոքը ենթակա չէ քննարկման։
  2. Վերահսկող մարմինը քննում է բողոքը, եթե այն ներկայացվել է վեց ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ ստացել է կազմակերպչի վերջնական պատասխանը, կամ օրենքով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նշված դեպքի:
  3. Վերահսկող մարմինը քննում է նաև այն բողոքները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ:
  4. Եթե բողոքում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Վերահսկող մարմինը դրանք մատնացույց է անում բողոքը բերած անձին` հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում բողոքը բերած անձին իրազեկելով այդ մասին:
  5. Եթե բողոքը չի բավարարում սույն Որոշման 2-րդ հավելվածով սահմանված պահանջներին, ապա այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում Վերահսկող մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է բողոքը ներկայացրած անձին՝ նրան տալով երկու աշխատանքային օր ժամկետ արձանագրված թերությունները վերացնելու համար:
  6. Եթե բողոքը ներկայացնելիս պահպանված չէ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի և սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջը, ապա այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում Վերահսկող մարմինը վերադարձնում է այն՝ գրավոր տեղեկացնելով բողոքը նշված պահանջի պահպանված չլինելու հիմքով քննարկման ենթակա չլինելու մասին։
  7. Բողոքը ենթակա չէ քննարկման և Վերահսկող մարմինը եռօրյա ժամկետում գրավոր մերժում է բողոքի ընդունումը, եթե լրացել է սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետը և առկա չէ սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքով պայմանավորված ժամկետի խախտումը հարգելի համարելու հիմք։
  8. Բողոքը քննարկելու նպատակով Վերահսկող մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է բողոքը քննող հանձնաժողով այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովը Վերահսկվող մարմնում մշտապես գործող մարմին է:
  9. Հանձնաժողովը բաղկացած է Հանձնաժողովի նախագահից և չորս անդամից, որոնք իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են, համապատասխանաբար, իրենց զբաղեցրած պաշտոնների հետ։ Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ։ Հանձնաժողովն ունի քարտուղարություն, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի խաղային գործունեության վերահսկողության վարչությունը:
  10. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

2) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները և վարում Հանձնաժողովի նիստերը․

3) պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներին ու սույն կարգին համապատասխան Հանձնաժողովի գործառույթների իրականացման համար:

16․ Հանձնաժողովի քարտուղարությունը`

1) ընդունում է ստացված բողոքները, ստուգում է դրանց ներկայացման համար օրենքով և սույն Որոշմամբ սահմանված պահանջների պահպանված լինելը, բողոք բերած անձին գրավոր տեղեկացնում է բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք․

2) հավաքում է բողոքների վերաբերյալ Վերահսկող մարմնում առկա անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

3) նախապատրաստում և Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քննության օրակարգերը.

4) Հանձնաժողովի քննությունից առնվազն երկու օր առաջ բողոքները, դրանց կից փաստաթղթերը և տեղեկատվությունը ներկայացնում է Հանձնաժողովի անդամներին ծանոթացման.

5) ամփոփում է Հանձնաժողովի անդամների կողմից իրականացված քվեարկության արդյունքները.

6) իրականացնում է նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցումների ուղարկման և հանձնաժողովի գործունեության ապահովման հետ կապված այլ աշխատանքներ:

  1. Բողոքների քննարկման ընթացքում Հանձնաժողովի անդամներն անկախ են, առաջնորդվում են սույն կարգի 3-րդ կետում նշված իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:
  2. Բողոքները Հանձնաժողովում քննարկվում են կոլեգիալ կարգով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Եզրակացությունները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով: Հավասար ձայների առկայության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է կայացված բողոք ներկայացրած անձի օգտին:

19․      Հանձնաժողովի նիստին սեփական նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի պահանջով կարող են մասնակցել բողոք բերող անձը, կազմակերպիչը և (կամ) նրանց ներկայացուցիչները: Նշված անձինք նախապես ծանուցվում են, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով, համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին։ Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` բողոք բերող անձի, կազմակերպչի և (կամ) նրանց ներկայացուցիցչների բացակայությունն արգելք չէ Հանձնաժողովի նիստի կայանալու համար:

20․ Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը բողոքը ստանալու պահից 2 օրյա ժամետում կարող է գրավոր դիմել Օպերատորին՝ խաղացողի կողմից կազմակերպչի դեմ, կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի, շահումների վերաբերյալ բողոքների մասով կարծիք ստանալու նպատակով։

21․ Բողոքի քննության արդյունքում Հանձնաժողովը բողոքը ստանալու պահից ութօրյա ժամկետում ընդունում է  եզրակացություն, որը Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Վերահսկող մարմնի ղեկավարին:

22․  Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Վերահսկող մարմնի ղեկավարը եզրակացությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

  • բողոքը բերած անձի պահանջը բավարարելու մասին,
  • բողոքը բերած անձի պահանջը մասնակի բավարարելու,
  • բողոքը բերած անձի պահանջը մերժելու մասին:
  1. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կազմակերպչի կանոնակարգի պահանջները։

24․ Սույն կարգի 22-րդ կետով սահմանված որոշումները բողոք բերող անձին ծանուցվում և ուժի մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով։

25․ Սույն կարգի 22-րդ կետով սահմանված որոշումները կազմակերպչին ծանուցվում և ուժի մեջ են մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ, սույն կարգի 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված որոշումներ կայացվելու դեպքում կազմակերպչին են ներկայացվում նաև Վերահսկող մարմնի կողմից սահմանված որոշումները կատարելու կարգը և ժամկետը։

26․ Բողոքի քննարկման արդյունքներով Վերահսկող մարմնի կողմից կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2025 թվականի  - -ի №    -Ն որոշման

 

ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Խաղացողների՝ խաղային գործունեության կազմակերպիչների դեմ բերվող բողոքը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
  • բողոք բերած անձի անունը, ազգանունը.
  • բողոք բերած անձի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք․
  • բողոք բերած անձի հասցեն.
  • Կազմակերպչի անվանումը և գտնվելու վայրը,
  • բողոքարկման առարկան և բողոք բերողի պահանջը․
  • բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները․
  • մինչև պահանջը Վերահսկող մարմին ներկայացնելը, բողոքը կազմակերպչին ներկայացված լինելը հավաստող փաստաթուղթ.
  • բողոքին կազմակերպչի վերջնական պատասխանը, եթե այն ստացվել է.
  • բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
  • բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
  • բողոքը բերած անձի ստորագրությունը:
  1. Եթե բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ:

 

 

 

 

Հավելված 3
ՀՀ կառավարության 2025 թվականի  - --ի №     -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,  ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունների, վեճերի (այդ թվում՝ հայտերի և դիմումների մերժման մասով) վերաբերյալ դիմումների (այսուհետ՝ բողոք)՝ Վերահսկող մարմնի կողմից քննարկման հետ կապված հարաբերությունները:
  2. Օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունները, վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմելու Վերահսկող մարմին` վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
  3. Բողոքը քննելիս Վերահսկող մարմինը ղեկավարվում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով, խաղային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով և սույն կարգով:
  4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում նշված իմաստով ու նշանակությամբ:
  5. Ստացված Բողոքը Վերահսկող մարմինը քննարկում է Վերահսկող մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որի ձևավորման և գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են սույն որոշմամբ հաստատված № 1 հավելվածով։

6․ Հանձնաժողովը բողոքը ստացվելու օրվան հաջորդող օրվանից կազմակերպում է բողոքի քննությունը: Հանձնաժողովը ապահովում է փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր հանգամանքները։          

7․       Բողոքի քննությանը սեփական նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի պահանջով կարող են մասնակցել օպերատորը, կազմակերպիչը և (կամ) նրանց ներկայացուցիչները: Նշված անձինք նախապես ծանուցվում են, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով, բողոքի քննության անցկացման վայրի և ժամանակի մասին։ Բողոքի քննության անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` օպերատորի, կազմակերպչի և (կամ) նրանց ներկայացուցիցչների բացակայությունն արգելք չէ բողոքի քննությոնը իրականացնելու և վեճն ըստ էության լուծելու համար:

8․ Հանձնաժողովը բողոքը ստանալու պահից 2 օրյա ժամետում կարող է գրավոր դիմել Օպերատորին՝ մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտի մերժման կամ միացման դադարեցման դիմումների մասով բողոքների քննության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն (նյութեր) ներկայացնելու նպատակով։

  1. Բողոքի քննության արդյունքում Հանձնաժողովը բողոքը ստանալու պահից ութօրյա ժամկետում ընդունում է եզրակացություն, որը Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Վերահսկող մարմնի ղեկավարին:

10․ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Վերահսկող մարմնի ղեկավարը եզրակացությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

  • բողոքը բերած անձի պահանջը բավարարելու մասին,
  • բողոքը բերած անձի պահանջը մասնակի բավարարելու,
  • բողոքը բերած անձի պահանջը մերժելու մասին:
  1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված որոշումներն Օպերատորին ծանուցվում և ուժի մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով։

12․ Սույն կարգի 10-րդ կետով սահմանված որոշումները կազմակերպչին ծանուցվում և ուժի մեջ են մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով։

13․ Բողոքի քննարկման արդյունքներով Վերահսկող մարմնի կողմից կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

  • Discussed

    29.05.2025 - 13.06.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1328

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: