Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Որոշման ընդունման անհրաժեշտությունը

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, ինչպես նաև որակավորման վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Մասնավորապես, նշված հոդվածով սահմանվում է, որ զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի և նշանի ձևերը, վկայականի գործողության ժամկետը, տրամադրման կարգը, ինչպես նաև որակավորման դադարեցման հիմքերը պետք է սահմանվեն ՀՀ կառավարության կողմից:

«Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված է, որ զբոսաշրջային ավտոբուսով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձինք դասվում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց շարքին։ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ տարածքում զբոսաշրջային երթուղիների կազմակերպման նպատակով զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալությունները (այդ թվում՝ օտարերկրյա գրանցում ունեցող զբոսաշրջային օպերատորներն ու գործակալությունները) պարտավոր են զբոսաշրջիկների՝ մեկ վայրից մյուսը տեղափոխումն ապահովել կամ երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե խմբի անդամների թիվը կազմում է 9 կամ ավելի։

Հետևաբար, զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տնտեսավարողները պարտավոր են առաջնորդվել «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծի հավելված 1-ի պահանջներով, ինչպես նաև հավելված 2-ով սահմանված չափանիշներին համապատասխան։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանում գործում են բազմաթիվ ուղևորափոխադրող կազմակերպություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Սակայն պետք է նշել, որ զբոսաշրջության ոլորտում իրականացվող ուղևորափոխադրումները էապես տարբերվում են ընդհանուր փոխադրություններից իրենց բնույթով, նպատակով և սպասարկման առանձնահատկություններով։ Գործող իրավակարգավորումները չեն արտացոլում այս տարբերությունները և բավարար չափով չեն կարգավորում զբոսաշրջային փոխադրումների ոլորտը։ Այս իրավիճակը ստեղծում է անհրաժեշտություն՝ իրավական դաշտում հստակ տարանջատում սահմանելու՝ ներմուծելով «զբոսաշրջային ավտոբուս» սահմանումը որպես առանձին եզրույթ և այս տրանսպորտային միջոցների համար սահմանելով համապատասխան կարգավորումներ, տեխնիկական և սպասարկման պահանջներ ու գործառնության կանոններ։ Այս քայլը կնպաստի զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը, ուղևորների անվտանգության ապահովմանը և ոլորտի զարգացմանը։

Վերջին տարիներին զբոսաշրջային փոխադրումների ոլորտում կան մի շարք մարտահրավերներ, հատկապես տարածաշրջանային տուրերի իրականացման համատեքստում, հատկապես դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղղվող զբոսաշրջային փաթեթների շրջանակում: Զբոսաշրջային կազմակերպություններն առաջարկում են տուրեր զբոսաշրջիկների խմբերի համար, սակայն, խնդիրներ են առաջանում զբոսաշրջային ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար: Որոշ պահանջներ, որոնք ներդրվում են կանոնավոր ուղևորափոխադրումների հոսքը կանոնակարգելու և կառավարելու համար, բացասական հետևանքներ են առաջացնում զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար։

«Զբոսաշրջային ավտոբուս» որակավորում ստացած և միայն զբոսաշրջիկներին սպասարկող տրանսպորտային միջոցներով փոխադրման գործունեությունը հստակորեն կտարբերակվի այլ տրանսպորտային միջոցներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների գործունեությունից։

Համաձայն «Զբոսաշրջության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են համայնքի վարչական սահմաններում գտնվող զբոսաշրջային գրավչություններին հարակից տարածքներում առանձնացնել առնվազն երեք զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի, եթե այդ տարածքները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն, և բացակայում են նման որոշման կայացման համար օրենքով սահմանված արգելքները։ Կայանատեղիների հնարավորությունը պատշաճ օգտագործելու և հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովել տրանսպորտային միջոցների՝ «զբոսաշրջային ավտոբուս» որակավորում ստանալու պահանջը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Առաջարկվող որոշման նախագծի համաձայն` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ Հայտին կցվում են մի շարք պարտադիր փաստաթղթեր, այդ թվում՝ հայտատուի փորձի մասին տեղեկատվություն, ավտոտրանսպորտային միջոցի անվտանգության ապահովման վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև տեխնիկական վիճակի զննության վերաբերյալ փաստաթղթեր։

Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պահանջներին համապատասխանությունը կստուգվի ոլորտի լիազոր մարմնի՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որն իր գործունեությունը կկազմակերպի համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։

Նախագծի ընդունման նպատակն է սպառողների համար բարձր անվտանգության երաշխիքների սահմանումը՝ կիրառելով խիստ վերահսկողություն ավտոբուսների տեխնիկական վիճակի և վարորդների որակավորման նկատմամբ։

Նախագծի ընդունմամբ կներդրվեն արդյունավետ մեխանիզմներ ու համապատասխան գործիքակազմեր, որոնք կկարգավորեն զբոսաշրջային ավտոբուսների գործունեությունը և կվերահսկեն դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով այն սահմանումը, համաձայն որի զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համար զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալները պարտավոր են իրենց ծառայություններից օգտվողներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել կամ զբոսաշրջային երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե այդ անձանց թիվը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առավել քան անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջային ավտոբուսների համապատասխանությունը որակական բոլոր պահանջներին ու չափանիշներին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային գործընկերների և զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող սուբյեկտների համար «զբոսաշրջային ավտոբուսի» պարտադիր որակավորման պահանջների ներդրումը հնարավորություն կտա ապահովել միայն տեխնիկական վիճակով բավարար, շահագործման համար պիտանի, անվտանգ և հուսալի ավտոբուսների ներգրավումը զբոսաշրջային ուղևորափոխադրումների ոլորտում։

Միևնույն ժամանակ, պարտադիր որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, որի պայմաններում տնտեսավարողները կունենան շարունակական շահագրգռվածություն թարմացնելու և արդիականացնելու իրենց տրանսպորտային պարկը՝ փոխարինելով հատկապես այն ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 20 և ավելի տարի։

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Ներկայացվող «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։ Միաժամանակ, նախագծի իրականացումը կնպաստի պետական բյուջեի եկամուտների աճին՝ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 19․2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ա) պարբերության պահանջների։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf  231-232-րդ էջ)։ 

 

 

 

  • Discussed

    23.05.2025 - 07.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1512

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: