Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի համաձայն`

    «1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝

     պատժվում է (...) կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը`

          պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

          (...)»:

       Գործնականում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի սուբյեկտային շրջանակի որոշման վերաբերյալ առաջացել են որոշ տարակարծություններ:

   Այս համատեքստում, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը տեղակայված է «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում, որից բխում է, որ հիշյալ հանցակազմի տեսակային օբյեկտը հանրային ծառայության շահերի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այս տեսակ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը վտանգում է հանրային ծառայության բնականոն, օրինական և վստահելի գործունեությունը, որը հիմնված է հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքի վրա։ Հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, կամ այն վարչական պատասխանատվության կիրառումից հետո չներկայացնելու համար:

     Այս մասին է վկայում նաև այն, որ քննարկվող հոդվածի 2-րդ մասը նախատեսում է առավել խիստ պատասխանատվություն՝ այն դեպքերի համար, երբ հայտարարագրման ենթակա տվյալների խեղաթյուրումը, թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի, եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը։

     Այս համատեքստում, ուշագրավ է այն, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն, ընդ որում՝ հիշյալ օրենքում օգտագործվում են «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր» և «գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր» ձևակերպումները: Ավելին՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում (25-րդ, 25.1-ին հոդվածներ) այս տերմինները ևս գործածվում են միասին: Ուստի, հիշյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի տեղադրությունը ՀՀ քրեական օրենսգրքի «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում, ինչպես նաև այս հոդվածի կառուցվածքը, ակնհայտ է, որ օրենսդրի կամքն ուղղված է հանրային ծառայության ոլորտում հայտարարագրման պարտականության խախտումներին քրեաիրավական գնահատական տալուն, իսկ 2-րդ մասում նշված «եկամուտ» բառը չի կարող գնահատվել և/կամ մեկնաբանվել առանձին:

      Ավելին՝ նույն գլխում առկա մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ապօրինի հարստանալու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը և (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են:

     Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածը, թե՛ 444-րդ հոդվածը ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի կոռուպցիոն հանցանքների ցանկում:

       Բացի այդ, հատկանշական է նաև, որ տարբեր տեսակի հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելու կամ այդ տեսակ հայտարարագիր չներկայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են առանձին հոդվածներ: Մասնավորապես՝

  • ՀՀ քրեական օրենսգրքի 221.1-ին հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելու համար,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում սնանկության ընթացքում անօրինական գործունեության համար, որի, որպես դրսևորում՝ նախատեսված է նաև պարտապանի կողմից հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը տեղակայված է «Տնտեսական հանցագործությունները» վերտառությամբ 32-րդ գլխում, քրեական պատասխանատվություն է սահմանում հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու համար, որի օբյեկտիվ կողմը, ի թիվս այլնի, դրսևորվում է իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելով կամ հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելով,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգության համար, որը, ի թիվս այլնի, դրսևորվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոց և (կամ) վճարային գործիք ապօրինի տեղափոխելով դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության համար, ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածը՝ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգության, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության համար,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելու համար,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 505-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության մասին ծանուցված անձի կողմից իրավասու մարմին ներկայացված հայտարարագրում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացնելու համար,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 505.1-ին հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու, հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

          Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ հարկ է նշել, որ յուրաքանչյուր տեսակի հայտարարագիր չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու, կամ ներկայացված տվյալը խեղաթյուրելու համար օրենսդիրը սահմանել է առանձին քրեական պատասխանատվություն: Հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված է ոչ թե առհասարակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր, այլ կոնկրետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարագրերի չներկայացնելու, դրանում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

       Սույն փոփոխության նպատակն է հստակեցնել հանցակազմի սուբյեկտի շրջանակը՝ իրավական որոշակիության ապահովման և իրավական խնդրահարույց կիրառումները կանխելու նպատակով։

          2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:

       3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

       Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

  • հստակեցնել հանցակազմի սուբյեկտի շրջանակը,
  • բարելավել օրենքի կիրառման արդյունավետությունը,
  • կանխել գործնականում առաջացող լայն մեկնաբանությունների և հակասությունների ռիսկերը՝ հանցակազմի օբյեկտի և սուբյեկտի հետ կապված:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

       Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

       Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

     Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

  • Discussed

    21.05.2025 - 06.06.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1861

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: