ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №ՀՕ-100-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ին), ի թիվս էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանն ուղղված այլ մեծածավալ բարեփոխումների, որպես ոլորտում գործունեության առանձին տեսակ, նախատեսվել է էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարումը, ինչն էլեկտրաէներգիայի մատակարարումն է բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:
Նույն օրենքով նաև ամրագրվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին (որպիսին հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն) յոթ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում երաշխավորված մատակարարի կարգավիճակ: Նշված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են համաձայն Կառավարության հաստատած ծրագրի:
Հիշյալ իրավակարգավորման հիման վրա՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվել է Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը գործողության ժամկետով:
Միաժամանակ, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած՝ էներգետիկայի բնագավառի Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու հանձնառության շրջանակում մշակվել և ներկայումս քննարկման փուլում է գտնվում «Էլեկտրաէներգետիկայի մասին» օրենքի նախագիծը, որով ԵՄ օրենսդրությանը համահունչ սահմանվում են էլեկտրաէներգետիկայի բնագավառում գործունեության իրականացման առավել արդյունավետ և շուկայահեն մեխանիզմներ ու կառուցակարգեր, որոնք առնչվելու են նաև էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման գործունեության կանոնակարգմանը:
Նշված քննարկումների արդյունքում միայն, ըստ էության, հնարավոր կլինի որոշել ինչպես ողջ բնագավառի, այնպես էլ հիշյալ գործունեության հետագա կանոնակարգման առնչությամբ պետական հստակ քաղաքականությունը:
ՀՀ օրենսդրության մոտարկման աշխատանքների ժամանակացույցը սահմանված է ինչպես Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշմամբ հաստատված Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցով, այնպես էլ Կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի №666-Լ որոշմամբ հաստատված ՀՀ և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով։
Առաջարկվող կարգավորումները և ակնկալվող արդյունքը
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2029թ․ փետրվարի 1-ը երկարաձգել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ երաշխավորված մատակարարի գործունեության իրականացման իրավունքը, ինչը հնարավորություն կտա ապահովել մեծաթիվ սպառողների անխափան էլեկտրամատակարարումը հիշյալ գործունեությունը ներկայումս իրականացնող մասագիտացված ընկերության կողմից՝ մինչև հնարավորին անցնցում ու սահուն անցումը նոր կանոնակարգումներին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում։
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։
-
Discussed
20.05.2025 - 05.06.2025
-
Type
Law
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 1845
Print