ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պարտավորությունների մասով իրազեկվածության հիմքերի ստեղծման, վարչական, ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմի աշխատողների պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի N07-Ն հրամանով հաստատվել է Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը: Ուղեցույցի կիրառելիությունն առավել հասցեական դարձնելու համար Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի N07-Ն հավելվածում կատարվել է համապատասխան փոփոխություն և լրացում՝ հատուկ աշխատանքների կատարման կարգագրի օրինակելի ձևի ներառման վերաբերյալ:
Միաժամանակ, 2025 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ստացել է ՀՀ վարչապետի 02/11.2/10757-2025 հանձնարարականը՝ ուղեցույցի պահանջները եռալեզու դարձնելու անհրաժեշտության հիմնավորման վերաբերյալ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Արդյունքում՝ Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի N07-Ն հրամանի հավելվածում կատարվել է համապատասխան փոփոխություն և լրացում՝ նաև հատուկ աշխատանքների կատարման կարգագրի օրինակելի ձևի ներառման նպատակով:
Ամբողջ ուղեցույցի (այդ թվում կարգագրի) եռալեզու լինելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ –ում շինարարական արտադրությունում զբաղված բանվորական անձնակազմի մի մասը հանդիսանում են օտարերկրացիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, սակայն աշխատանքային համապատասխան ռեսուրսի սղությունից ելնելով ընդգրկվում են շինարարական արտադրության գործընթացում և դառնում դրա մասնակից: Որպես առավել տարածված միջազգային լեզուներ ուղեցույցի անգլերեն և ռուսերեն տարբերակները կլինեն պահանջված, ինչը հնարավորություն կընձեռի շինարտադրության գործընթացում ներգրավված օտարերկրյա աշխատակցին ինքնուրույն ուսումնասիրել ուղեցույցի պահանջները և լինել իրազեկված ու առավել պատասխանատու:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքէջերում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր
Կոմիտեն՝
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում:
-
Discussed
06.05.2025 - 21.05.2025
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1481
Print