<<Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվել է պարտադիր պահանջ, մասնավորապես, ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում լրացնելու մասով: Այդ փոփոխություններով սահմանվել է նաև, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պետք է լրացվեն Կառավարության սահմանած դեպքերում, կարգով ու ժամկետներում:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ և 57-րդ հոդվածներում կատարված լրացումներով սահմանվել է, որ օրենսգրքի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է լրացվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգը և ժամկետները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ․
- հաշվարկային փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը,
- էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառվում է առանձին սյունակով` 4 նիշի մակարդակով,
- hաշվարկային փաստաթղթերում ապրանքի անվանումը լրացվում է հարկ վճարողի կողմից։ Ընդ որում, հաշվարկային փաստաթղթերում լրացվում է ապրանքի հստակ անվանումը, որը պետք է համապատասխանի 4 նիշի մակարդակով ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությանը,
- ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման գործընթացի աստիճանական ներդրման նպատակով նախատեսվել է, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր ներառվելու են`
- 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ մատակարարվող կամ տեղափոխվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ԵՏՄ անդամ պետությունից և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից,
- 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերում բոլոր հարկ վճարողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում,
- 2025թ. նոյեմբերի 1-ից` ՀՀ-ում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով` արտադրող համարվողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացառությամբ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերի,
- 2026թ. հունվարի 1-ից` ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով մնացած դեպքերում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում,
- անկախ վերը նշված ժամկետներից` 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հարկ վճարողներն իրենց ցանկությամբ կարող են ներառել մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
- որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: Միաժամանակ, հաշվի առնելով, որ 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են այդ դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը և նախատեսվում է, որ այդ ծրագրային աշխատանքներն ավարտվելու են մինչև 2025թ. օգոստոս ամիսը ներառյալ, ուստի նախատեսվել է, որ դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառելու պարտադիր պահանջները կսկսի կիրառվել 2025թ. սեպտեմբերի 1-ից։
-
Discussed
28.04.2025 - 13.05.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2238
Print