ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1237-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի հիման վրա։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշման հաստատմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետում, որը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Փոփոխություններ են կատարվել լաբորատոր-ախտորոշիչ ենթատեսակներում. որոշ ենթատեսակներ սահմանվել են՝ որպես առանձին բժշկական օգնության և սպասարկման տեսակներ, ինչպես նաև լրացվել են նոր բժշկական օգնության և սպասարկման տեսակներով։
Որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ անհրաժեշտություն է առաջացել լաբորատոր գործունեության տեսակները ներդաշնակեցնել լիցենզավորման պահանջների հետ։ Նախագծով սահմանվել են լաբորատոր գործունեության տեսակների լիցենզավորման նոր պայմաններ և պահանջներ, քանի որ գործող լիցենզավորման պահանջով առկա են այնպիսի հին սարք-սարքավորումների տեսակներ, որոնք ժամանակակից լաբորատոր հետազոտական գործընթացներում գրեթե չեն կիրառվում՝ կորցնելով իրենց արդիականությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում շատ լաբորատորիաներ վերազինվում են վերջին սերնդի ավտոմատ կամ կիսաավտոմատ վերլուծիչներով, սարքերով, որոնք անցնում են որակի ներքին հսկողություն, ինչը կարևոր է լաբորատոր որակի կառավարման համակարգի պահանջով և տրված լաբորատոր արդյունքների ճշգրտության համար, ինչը չի կարելի ասել ներկայիս լաբորատոր-ախտորոշիչ գործունեության լիցենզավորման պահանջներում առկա այն հին սարք-սարքավորումների մասին, որոնց տված արդյունքները վստահելի, հավաստի չեն։ Լիցենզավորման գործընթացում տնտեսվարողները ևս բախվում են խնդիրների հետ՝ այդ հին սարքերը շուկայում գտնելու և ձեռք բերելու համար, քանի որ լաբորատոր սարք-սարքավորումներ ներկրող կազմակերպությունները չեն ներկրում նմանատիպ հին սարքեր։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակների համար լիցենզավորման նոր պահանջներ և պայմաններ՝ ներառյալ առանձին լաբորատոր գործունեության տեսակների և հանրային առողջապահական լաբորատոր նոր գործունեության տեսակի՝ բժշկական կենդանաբանության համար։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 15-ի N 1450-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում սահմանվում են լիցենզավորման պահանջներ՝
- արյունաբանական
- իմունաարյունաբանական
- ընդհանուր կլինիկական
- կենսաքիմիական
- իմունաբանական
- թունաբանական
- հյուսվածքաբանական
- բջջաբանական
- գենետիկական՝ բջջագենետիկական, մոլեկուլային գենետիկական
- մանրէաբանականի՝ բակտերիաբանական և մակաբուծաբանական
- բժշկական կենդանաբանության
- նմուշառում՝ արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում գործունեության տեսակների համար։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1237-Լ որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետից. կապը ռազմավարական փաստաթղթի հետ ուղղակի է:
Նախագծի ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացմանը։
-
Discussed
25.04.2025 - 10.05.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Link to the new publication
https://www.arlis.am/hy/acts/212231
Views 2187
Print