ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի 2024 թվականի հուլիսի 8-ի N 03.1/03.98/22944-2024 հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում գործող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների նախագծման սկզբունքները սահմանող՝
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի 96-րդ կետի համաձայն հանրակրթական հաստատությունների շենքերի նկուղային հարկերի տարածքներում պետք է նախատեսել քաղաքացիական պաշտպանության կառույցներ,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N 25-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի 24-րդ կետի համաձայն նոր կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն անհրաժեշտ է նախագծել նկուղային հարկով՝ նախատեսելով քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքեր (ապաստարան, թաքստոց)՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 պահանջների,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի 50-րդ կետի համաձայն նոր կառուցվող հասարակական նշանակության շենքերը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինությունների վերաբերյալ շինարարական նորմերով սահմանված պահանջների և ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն պետք է նախագծել նկուղային հարկով՝ երկակի գործառական նշանակությամբ: Նկուղային հարկերը պետք է հարմարեցված լինեն ռազմական դրության, ինչպես նաև խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում բնակչության պատսպարման նպատակով, որպես քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինություն (ապաստարան, թաքստոց) ծառայելու համար: Նկուղային հարկերը կառուցելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության պահանջները:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման համաձան՝ քաղաքաշինական օբյեկտի նախագծման թույլտվությունը կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը պետք է ներառի տվյալ կառուցապատմանն առնչվող`
1) քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների, սանիտարահիգիենիկ, ճառագայթային, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության, հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության նկատմամբ սահմանված պահանջներն ու այլ նորմատիվ սահմանափակումները (քաղաքացիական պաշտպանության պահանջները վերաբերում են կառուցվող, վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերին, ստորգետնյա ավտոկայանատեղիներին (այդ թվում՝ դրանց հաշվարկային հարկայնությանը), դրանք որպես ապաստարաններ և (կամ) թաքստոցներ նախատեսելու պարտադիր դրույթի սահմանմանը):
Հաշվի առնելով, որ հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների նախագծման սկզբունքները սահմանող քաղաքաշինության բնագավառի վերը նշված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն նոր կառուցվող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների շենքերում պարտադիր պետք է նախատեսել քաղաքացիական պաշտպանության կառույցներ և նկատի ունենալով դրանց ծավալն ու իրականացման ծախսատարությունը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի 2024 թվականի հուլիսի 8-ի N 03.1/03.98/22944-2024 հանձնարարականով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ սահմանված մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների (մանկապարտեզների) ծրագրում ընդգրկված ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող դպրոցներում (մանկապարտեզներում) չնախատեսել քաղաքացիական պաշտպանության կառույցներ և այդ նպատակով մշակել համապատասխան իրավական ակտի նախագիծ։ Ներկայումս Նախագիծը մշակվել է միայն դպրոցների մասով:
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում։
Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ սահմանված ոչ սահմանամերձ բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող, առանց քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքերի նախատեսվող դպրոցների (մանկապարտեզների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվում են փոփոխություններ։
Կից ներկայացվում են նաև խնդրի առնչությամբ ՀՀ մարզպետարանների մասնագիտական դիրքորոշումները:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող, քաղաքացիական պաշտպանության սենքերով կամ առանց քաղաքացիական պաշտպանության սենքերի նախատեսվող դպրոցների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
Հասարակության մասնակցությունը
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող, քաղաքացիական պաշտպանության սենքերով կամ առանց քաղաքացիական պաշտպանության սենքերի նախատեսվող դպրոցների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել: