«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1.Անհրաժեշտությունը.
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված ցանկի 21-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում շինարարական ընկերությունների վարկանիշային համակարգի ստեղծումն է, որը կապահովի թափանցիկություն, մրցակցային զարգացում և միջազգային ներդրումների ներգրավում:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ սույն օրենքի (այսուհետ՝ Օրենք) պաշտոնական հրապարակման օրվանից (2022 թվականի դեկտեմբերի 17) 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաստատի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը: Սակայն 2023 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 17-ը գործող լիցենզիաների վերալիցենզավորման և ներդիրներում ընդգրկված պատասխանատու մասնագետների կարգերի շնորհման ծավալուն գործընթացների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ առաջարկվել է համապատասխան ժամկետային փոփոխություն, որի արդյունքում կատարման նոր ժամկետ է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելվմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման գործընթացի ճիշտ կազմակերպման անհրաժեշությամբ: Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման ու մոնիթորինգի իրականացման կարգն առանցքային նշանակություն ունի Օրենքի կիրարկման ու հետագա ողջ գործընթացների համար:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկա սահմանված լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման պայմաններ ու պահանջներ, չի իրականացվում վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման գործընթաց:
Նախագծով սահմանված վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը տարածվում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վրա՝ խոշոր (տարեկան շրջանառություն՝ 10+ միլիարդ դրամ), միջին (2-10 միլիարդ դրամ) և փոքր (2 միլիարդ դրամից պակաս):
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման պայմաններ ու պահանջներ, որոնք նպատակ ունեն ստեղծել քաղաքաշինական գործունեության որակի գնահատման վերլուծության և արդյունքների գրանցման հնարավորություն լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում:
3.Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.
Լիցենզավորված անձանց վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որի հիմնական նպատակներն են՝
-լիցենզավորվածանձանց կողմից մատուցվող աշխատանքների կամ ծառայությունների կայուն որակի ապահովումը,
-պատվիրատուի կողմից լիցենզավորվածանձանց ընտրությանն աջակցելը,
-լիցենզավորված անձանց գործունեության մրցունակության բարձրացմանն աջակցելը:
Վարկանիշավորումն իրականացվելու է հավաքված տեղեկատվության վերլուծության հիման վրա՝ բնութագրելով կազմակերպության գործունեությունը, որը կազմված է տարբեր բաղադրիչներց (վարչական տույժեր, պատշաճ կատարված աշխատանքներ, BIM տեխնոլոգիաների կիրառություն, հարկային պարտավորությունների կատարում, մասնագիտական հմտությունների զարգացում և այլն):
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և պատասխանատու մասնագետների աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համապատասխանության գնահատման մոնիթորինգի իրականացմամբ:
Մոնիթորինգն իրականացվելու է լիցենզավորող մարմնի հրամանով՝ որակի գնահատման հանձնաժողովի անդամների կողմից, ինչպես նաև մոնիթորինգի գործընթացում կարող են ներգրավվել անկախ փորձագետներ։ Անհրաժեշտության դեպքում մոնիթորինգն իրականացվելու է նաև լիցենզավորված անձանց գործունեության տարածք այցելությունների միջոցով։
Մոնիթորինգի իրականացումն անհրաժեշտ է քաղաքաշինության գործունեության քաղաքականության մշակմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման վերլուծության և արդյունքների գրանցման հնարավորության ստեղծման համար: Այն իրականացվելու է լիցենզավորված անձի կողմից փաստացի կատարված և ընթացիկ աշխատանքների կամ ծառայությունների մասին լիցենզավորող մարմին ներկայացվող եռամսյակային հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված անձանց ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հետևողական մշտադիտարկում՝ վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման միջոցով, ինչպես նաև արդյունավետ պետական գնումների գործընթացներ, մրցակցության խթանում, շինարարության որակի բարձրացում, աշխատանքի անվտանգության բարելավում և տեղեկատվության թափանցիկություն:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում) և ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում):
-
Discussed
18.04.2025 - 03.05.2025
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1491
Print