Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարությամբ ամրագրվեցին անհրաժեշտ մի շարք գործողություններ կապված, ի թիվս այլնի, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատական համակարգի բարեփոխումների, քրեաիրավական, քաղաքացիական և վարչական դատավարության, սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների (․․․) ինչպես նաև արդարադատության համակարգի ընդհանուր զարգացման այլ ոլորտների հետ։[1] Այս համատեքստում, քրեական դատավարության օրենսգրքի կիրառման ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կիրառման ընթացքում պրակտիկայի վերլուծությունն ու արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական համակարգի շարունակական կատարելագործման նպատակով պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունների և աշխատանքային տարբեր քննարկումների արդյունքում բացահայտված և հատուկ ուշադրություն արժանի հարցերից են վերաքննիչ ատյանի կողմից իրականացվող վերանայման վարույթներով գործերի ողջամիտ քննության կառուցակարգերի պահպանմանը, դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը, արդյունավետ արդարադատության իրականացումը երաշխավորելուն, ինչպես նաև դատական խնայողության ապահովմանը վերաբերող հարցերը:

Այսպես, դատարանների գործունեության վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանների կողմից քննված մեծաքանակ քրեական գործեր բողոքարկվում են վերաքննիչ դատարանում: Մասնավորապես, ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 3394, որից բողոքարկված վարութային ակտերի ընդհանուր թիվը կազմել է 1725: Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը կազմել է 558 գործ: Իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվ՝ շուրջ 8674 գործ:[2]

Այս համատեքստում, քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով երաշխավորվեն հրապարակային դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Ընդ որում, հարցի քննարկման փուլում, անհրաժեշտ է ընդգծել այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ լրիվ կամ սահմանափակ վերաքննության ինստիտուտի հիմնական առանձնահատուկ բաղադրիչն այն է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և, ըստ այդմ, դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Հարկ է ընդգծել, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործերով վերաքննիչ բողոքների հիման վրա իրականացվում է առաջին ատյանի դատարանի կողմից հաստատած փաստերի, հետազոտված ապացույցների հիման վրա բողոքի քննություն, և դատարանը գործի քննության արդյունքում չի գալիս այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կողմերի բանավոր լսումների անցկացումը, կամ կողմը ապացույցներ հետազոտելու միջնորդություն չի ներկայացնում, վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննությունը դատարանի ծանրաբեռնվածություն է ստեղծում, ինչպես նաև կարող է հանգեցնել գործի ողջամիտ ժամկետներում քննության չպահպանմանը։

Այսպես, նախ, Օրենսգրքով վարույթի մասնակիցների հնարավորություն է տրվում վերաքննության շրջանակում ներկայացնել ապացույցների հետազոտելու միջնորդություն։ Ընդ որում, նման միջնորդության բավարարման համար Օրենսգրքով սահմանվել է ապացուցողական բարձր շեմ, ինչը հաճախ կարող է հանգեցնել ինչպես վերաքննության սահմաններից ելնելով միջնորդության մերժման դեպքերի առկայությանը, այնպես էլ՝ հաճախ ապացուցողական բարձր շեմի առկայությամբ պայմանավորված նման միջնորդություն չներկայացնելու դեպքերի մեծաքանակությանը։ Արդյունքում, ստացվում է, որ ապացույցների հետազոտելու միջնորդություն չներկայացնելու դեպքում վերաքննիչ ատյանը առաջին ատյանի հաստատած փաստական հանգամանքների շրջանակում իրականացնում է վերաքննիչ բողոքի քննությունը՝ դրա համար հրավիրելով դատական նիստեր, զգալի ռեսուրսներ է ուղում, ինչի պայմաններում վերաքննիչ ատյանի՝ սահմանափակ վերաքննություն իրականացնելու ինստիտուտը չի երաշխավորվում։

Միևնույն ժամանակ, բարձրացված խնդիրն առավել ակնառու է, օրինակ՝ Օրենսգրքի 377-րդ հոդվածով նախատեսված հիմքով վերաքննիչ այն բողոքների քննության դեպքում, երբ բողոքն առնչվում է պատժի նշանակման կամ պատժի կրման հարցը լուծելուն։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններում առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա պատժի նշանակման կամ կրման հարցը լուծելիս դատարանը շատ դեպքերում կարող է անհրաժեշտ չհամարել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնել՝ անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, որպիսի պայմաններում դատական նիստերի հրավիրումը, դատական նիստեր հրավիրելու պարբերականությունը, նիստերի հետաձգումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ և՛ արդյունավետ արդարադատություն իրականացնելու, և՛ գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում ապահովելու տեսանկյունից։

Նման պայմաններում վերաքննության ինստիտուտի իրավական նշանակության ու արդյունավետ կիրառումն ապահովելու տեսանկյունից, կարևոր է մաշկել այնպիսի ընթացակարգային կանոններ, որոնցով հնարավորություն կտրվի դատարանների ոչ օպտիմալ ծանրաբեռնվածության թեթևացման միջոցով նաև լուծել վերաքննիչ բողոքների ողջամիտ ժամկետներում քննության, արդարադատության արդյունավետության երաշխավորման, ինչպես նաև դատական խնայողությանն առնչվող խնդիրները։

Անդրադառնալով վճռին ներկայացվող պահանջներին, հարկ է նկատել, որ դատարանի մի քանի տասնյակ էջերի հասնող վճիռների յուրաքանչյուր էջը նախագահողի կողմից ստորագրելը լրացուցիչ դժվարություն և անհարկի ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Մասնավորապես, վճռին ներկայացվող միայն ձևական պահանջների ապահովման համար հատկացվում է լրացուցիչ ժամանակ, որն արդյունավետության տեսանկյունից խիստ մտահոգիչ է։ Նման պայմաններում կարևորվում է ձևական պահանջների հնարավորի կրճատման միջոցով հասնել ժամանակի արդյունավետ կառավարմանն ու անհարկի չծանրաբեռնել դատարաններին։

Նշվածի լույսի ներքո, դատարանների կողմից դատական ակտերի ծանուցումները պատշաճ իրականացնելու հարցը Արդարադատության նախարարության կողմից մշտապես դատաիրավական ոլորտի կատարելագործման կարևոր հարցերից է դիտարկվում։ Այս համատեքստոււմ, առանցքային պետք է համարել դատարանների համար օբյեկտիվ և իրական հնարավորության ապահովման միջոցով ծանուցումների պատշաճ համակարգի երաշխավորումը։ Վճիռը դատական վարույթի կողմերին ուղարկելու առումով կարևոր է համարվում դատարանների համար իրական և օբյեկտիվ հնարավորություն ստեղծելը՝ ապահովելու ողջամիտ ժամկետներում վճռի մասին ծանուցումները։ 

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթներում ներառել նաև Օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված վարույթը։ Մասնավորապես, դատական վերանայման ինստիտուտում վերաքննություն իրականացնելիս Նախագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։  Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ բողոքի քննության ընթացքում բողոքի սահմաններից ի շահ մեղադրյալի դուրս գալու դեպքերում բանավոր ընթացակարգով բողոքների քննության առանձնահատկությունները։

Այս համատեքստում, անդրադառնալով  գրավոր ընթացակարգով դատաքննության միջազգային իրավական (եվրոպական) պրակտիկայի և այդ բնագավառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի բովանդակությանն ու առանձնահատկություններին հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքում շեշտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` գործի հրապարակային քննության իրավունքն անհրաժեշտաբար ներառում է «բանավոր լսման» իրավունքը: Այնուամենայնիվ, նման լսումներ անցկացնելու պարտավորությունը բացարձակ չէ: Այսպես, բանավոր քննության բացակայությունը կարող է համատեղելի լինել 6-րդ հոդվածի պահանջների հետ, երբ քննության ենթակա հարցը չի բարձրացնում փաստի կամ իրավունքի հետ կապված այնպիսի հարց, որը կարող է պատշաճ ձևով լուծվել գործի նյութերի հիման վրա` առանց կողմերի բանավոր դիտարկումների:[3]

Շարադրվածին համապատասխան՝ Սահմանադրական դատարանն անդրադառնալով գրավոր ընթացակարգով դատավարության անցկացման իրավական հնարավորությունների պայմաններում արդար դատաքննության իրավունքի երաշխավորմանը արձանագրել է, որ դատաքննության գրավոր, ինչպես և բանավոր ընթացակարգերն արդարադատության իրականացման կազմակերպական-ընթացակարգային ձևեր են, որոնք իրավական ամրագրմամբ ներդրվելով արդարադատական պրակտիկայում` կոչված են. մի դեպքում՝ առանց «բանավոր լսումների» դատաքննական գործողությունների իրականացման, մյուս դեպքում` դրանց կատարմամբ ապահովելու դատական գործերի արդար, արդյունավետ և հրապարակային քննություն, դատական ակտերի կայացում և դրանց հրապարակում: Բոլոր դեպքերում, թե՛ բանավոր և թե՛ գրավոր ընթացակարգով գործերի դատաքննությունը պետք է անհրաժեշտ երաշխիքներ ապահովի դատաքննության մասնակիցների իրավունքների իրացման համար:[4]

Միևնույն ժամանակ, դատաքննության բանավորության և գրավոր քննության սկզբունքները հավասարապես կիրառելի են արդարադատության բոլոր բնագավառներում (ընդհանուր իրավասության (քրեական և քաղաքացիական գործերով), վարչական, սահմանադրական և մասնագիտացված այլ արդարադատության)։ Գրավոր ընթացակարգով դատաքննության իրականացման առանձնահատուկ դեպքեր և որոշակի հանգամանքներ կարող են լինել օրինակ՝ երբ բացակայում է դատական գործով փաստական հանգամանքների բանավոր քննության անհրաժեշտությունը կամ, եթե դատարան ներկայացված նյութերի (փաստաթղթեր և այլն) բանավոր ուսումնասիրումը (քննությունը) վիճարկվող հարցի հետագա հստակեցմանը չի նպաստելու, և եթե այն չի հակասում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հանրաճանաչ սկզբունքներին։

Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ այդպիսի դեպքեր կարող են լինել նաև՝

1. գործով արագ դատաքննություն ապահովելու նպատակը,

2. միայն իրավունքի կամ ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտության դեպքերը,

3. դատական վերադասության (վերաքննության, վճռաբեկության) կարգով գործեր (բողոքներ, գանգատներ) քննելիս, եթե այլ կարգ նախատեսված չէ,

4. եթե գործի քննությունը չի հանգեցնում որևէ փաստացի կամ իրավական հիմնախնդրի, և փաստերը հստակեցված են,

5. եթե դատարանի որոշումը չի պարունակելու իրավական գնահատականներ և այլն։

Նման պայմաններում վերաքննիչ ատյանում դատական վերանայման ընդհանուր օրենսդրական կանխավարկածն ինքնին ոչ միայն չի ազդի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման վրա, այլ նաև՝ կնպաստի արդյունավետ, որակյալ և ժամանակին արդարադատության իրականացմանը։

Եվրոպական դատարանի պրակտիկան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով գրավոր դատաքննությունը գնահատում է որպես արդար և հրապարակային, եթե.

- պայմանավորված է բացառիկ հանգամանքներով,

- իրականացվում է ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև արագ դատաքննություն ապահովելու նկատառումներով,

- պայմանավորված է քննվող գործի առանձնահատկությամբ,

- սկզբունքորեն կիրառվում է իրավունքի վերաբերյալ հարցեր լուծելիս, ինչպես նաև փաստական այնպիսի հանգամանքներ քննելիս, որպիսիք արդարացված են գրավոր ընթացակարգի պայմաններում:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ ինչպես նաև նկատի ունենալով քրեական դատավարության իրականացման առանձնահատկությունները, այդ թվում՝ մեղադրյալի շահերի արդյունավետ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորման հիմնարար գաղափարները, Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ բողոքների՝ դատական նիստում քննելու իրավական հնարավորություն։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կգա եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, գործի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին՝ գրավոր ընթացակարգով իրականացող վարույթը փոխակերպելով բանավոր ընթացակարգի։

Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի մասնակիցներն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանի փաստարկումները հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր ապացույցներ, միջնորդելու ցուցմունք տալու համար դատարան հրավիրել իրենց նշած անձին, նշանակելու փորձաքննություն, պահանջելու իրենց համար ոչ մատչելի ապացույցներ, եթե հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել, կամ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել հետազոտելու այդ ապացույցները, հրավիրելու տվյալ անձին կամ առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն:

Այսպես, դատական վերանայման վերաքննության վարույթի գլխավոր առանձնահատկություններից մեկը վերաքննության սահմանների հարցն է։ Սահմանափակ վերանայման հայեցակարգի շրջանակներում դրանք, նախ և առաջ կանխորոշվում են առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցներով։ Սակայն, դատական ակտի վերանայումը կարող է իրականացվել նաև նոր ապացույցների հիման վրա հիմք ընդունելով Օրենսգրքի 365-րդ հոդվածը։ Վերջիններիս հետազոտման նախաձեռնությամբ մինչև դատաքննությունը և դրա ընթացքում կարող են հանդես գալ միայն վարույթի մասնակիցները։ Ընդ որում՝ համապատասխան միջնորդությունը կբավարարվի, եթե շահագրգիռ անձին կհաջողվի հաղթահարել իր պահանջի հիմնավորման ապացուցողական շեմը։ Դա նշանակում է նաև, որ ի տարբերություն առաջին ատյանի, վերաքննության վարույթով դատարանն իրավասու չէ իր նախաձեռնությամբ պահանջել և հետազոտել ապացույցներ։[5]

Նման պայմաններում, Օրենսգրքով սահմանված է վերաքննիչ դատարանի կողմից ապացույցներ հետազոտելու միջնորդությունը բավարարելու առավել խիստ պահանջ՝ եթե կողմը հիմնավորի, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել, կամ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել հետազոտելու այդ ապացույցները կամ հիմնավորվում է, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն: Ապացույցներ հետազոտելու միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու նման բարձր ապացուցողական շեմի առկայության պայմաններում, առանցքային նշանակություն է ստանում վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու հարցը, քանի որ դատարանը կարող է գալ այնպիսի եզրահանգման, որ օրինակ՝ մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա։

Նախագծով Օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, հարկ է նշել, որ նկատի ունենալով գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքների քննությունն անցկացնելու օրենսդրական կանխավարկածի ամրագրումը, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել դատաքննություն նշանակելու դեպքերը՝ հոդվածում լրացնելով, որ վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստը քրեական գործն ստանալուց և վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշում կայացնելուց հետո նշանակվում է քրեական գործն ստանալուց հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Իսկ այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը բողոքի քննության ցանկացած փուլում Օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված ապացույցներ հետազոտելու միջնորդության, ինչպես նաև Օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում կայացնում է վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշում, դատական նիստը նշանակվում է վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ քսան օրվա ընթացքում: Նման կարգավորմամբ մի կողմից երաշխավորվում է որոշակի հանգամանքների դեպքում գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավորի փոխակերպելու հնարավորությունը, մյուս կողմից սահմանվում է նման փոխակերպման դեպքում ողջամիտ ժամկետներում գործելու համար դատական նիստ նշանակելու ժամկետներ։

Նախագծով առաջարկվում է նաև դատավճռին ներկայացվող պահանջների փոփոխություն։ Մասնավորապես, սահմանվում է, որ նախագահողը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը, որը հնարավորություն կտա դատավորների անհարկի ծանրաբեռնվածության թեթևացում՝ մեծածավալ վճիռների յուրաքանչյուր էջը ստորագրելու ձևական պահանջը փոխարինելով միայն վճռի վերջին էջը ստորագրելու պահանջով։

Անդրադառնալով դատական ակտը կողմերին ուղարկելու քրեադատավարական կարգավորումներին, Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ և 379-րդ հոդվածի 2-րդ մասերը սահմանում են, որ դատավճիռը և որոշումը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, կողմերին ուղարկելու պահանջ: Դատական պրակտիկայի վերլուծության արդյունքում իրավացիորեն կարելի է նշել, որ հաճախ օբյեկտիվորեն անհնար է լինում առավելագույն 5 օրվա ընթացքում դատավճռի կամ որոշման հրապարակումից հետո, դատական ակտը կողմերին ուղարկելը, ինչն անհամաչափ բեռ է դառնում դատավորների համար։ Միևնույն ժամանակ, դատական ծանուցումների պատշաճ իրականացման համատեքստում, կարևորվում է դատավարական օրենսդրությամբ հնարավորին մատչելի ընթացակարգերի, այդ թվում՝ ժամկետների նախատեսմամբ առավել արդյունավետ ձևով ապահովելու ծանուցումների իրականացում։ Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռնվում ողջամիտ ժամկետ սահմանել դատարանի համար՝ վճիռը կողմերի ուղարկելու պարտականության ապահովման տեսանկյունից։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, դատական ակտերի պատշաճ ծանուցումների ապահովման տեսանկյունից ապահովել իրական և օբյեկտիվ հնարավորություն Օրենսգրքով սահմանված ժամկետներում իրականացնել դատավճիռը կողմերին ուղարկելու պահանջը։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում։  

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարությունից, որում նշվում է, որ քրեական և քրեական դատավարության ոլորտի բարեփոխումները պայմանավորված են ոլորտային նոր օրենսգրքերի ընդունմամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ինչպես նոր օրենսգրքերի կիրակումը, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառման համար ստեղծել անհրաժեշտ իրավական և գործնական նախադրյալներ: Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դրա գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացումը հնարավորություն է տալիս Արդարադատության նախարարությանը վեր հանել Օրենսգրքի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող բոլոր խնդիրները։ Այս համատեքստում, ըստ անհրաժեշտության մշակվում են համապատասխան իրավական ակտեր գործնական խնդիրների լուծման կապակցությամբ։

Նախագիծն ընդգրկում է Օրենսգրքի դրույթների գործնական կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, ինչպես նաև առաջադրված ռազմավարական նպատակների ապահովման տեսանկյունից արդարադատության որակի բարձրացմանն ուղղված կարգավորումներ են առաջարկվում։

 

[1] Տե՛ս ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարություն, էջեր 3-8։

[2] Տե՛ս ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության 2024 թվականի հաշվետվություն և Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հղումը՝ https://court.am/hy/statistic-inner/249:

[3] Տե՛ս օրինակ՝ Elsholz v. Germany, Judgment of 13 July 2000, p.66․ Տե՛ս նաև Fredin v. Sweden (no. 2), Judgmeut of 23 February 1994, pp. 21-22; Fischer v. Austria, Judgment of 26 April 1995, p. 44․

[4] Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի ապրիլի 11-ի թիվ ՍԴՈ-1020 որոշումը։

[5] Տե՛ս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, էջ 508։

  • Discussed

    13.02.2025 - 28.02.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3096

Print

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

28.02.2025

ԿԱՐԾԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 13․02․2025թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով բացառություններ վերաքննիչ դատարանում ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման, ինչպես նաև վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանի եզրահանգման գալու դեպքերի համար։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնը հակառակն է․ դատական վարույթներն իրականացվում են բանավոր, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև գրավոր ընթացակարգով: Գրավոր ընթացակարգով անցկացվում են, բացառապես, ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների, սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների, հանրային մասնակիցների վարութային ակտերի (մինչդատական ակտերի) իրավաչափության դատական երաշխիքների վարույթները, վճռաբեկությունը, հատուկ և բացառիկ վերանայումները։ Օրենսդրական փոփոխությունների հիմքում դրվել է վերաքննիչ դատարանում բողոքների մեծաքանակության խնդիրը, դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։ Այսպես, չնայած, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026թթ․-ի ռազմավարությամբ ընդգծվել է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման անհրաժեշտությունը, սակայն, միևնույն ժամանակ սահմանվել են կոնկրետ ուղղություններ, որոնք հանգեցնելու էին դատարանների թեթևացմանը, և դրանք որևէ առնչություն չունեն դատարաններում դատական վարույթի իրականացման ձևերի՝ գրավոր և բանավոր ընթացակարգերի փոփոխության հետ ։ Ըստ նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ քրեական վարույթներով վերաքննիչ բողոքները կարող են քննվել բանավոր ընթացակարգով՝ վարույթի մասնակիցների կողմից դատարանին ներկայացված ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման դեպքում։ Մասնավորապես, վարույթի մասնակիցներն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանի փաստարկումները հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր ապացույցներ, միջնորդելու ցուցմունք տալու համար դատարան հրավիրել իրենց նշած անձին, նշանակելու փորձաքննություն, պահանջելու իրենց համար ոչ մատչելի ապացույցներ, եթե հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել, կամ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել հետազոտելու այդ ապացույցները, հրավիրելու տվյալ անձին կամ առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն: Հարկ է նկատել, որ ապացույցներ հետազոտելու միջնորդությունը բավարարելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է պահանջի հիմնավորման բարձր շեմ, որը բազմաթիվ քրեական վարույթներով կարող է չհաղթահարվել և միջնորդությունները կարող են մերժվել։ Մինչդեռ, անձը չպետք է կաշկանդված լինի բացառապես դատարանի կողմից միջնորդության բավարարման դեպքում իր գործով վերաքննիչ քննության դատական նիստին մասնակցելու իրավունք ձեռք բերելու պայմանով։ Դատարանում դատական նիստով գործի քննությանը մասնակցելը անձի արդար դատաքննության, գործի հրապարակային քննության՝ բանավոր լսման իրավունքն է (ՄԻԵԿ հոդված 6, ՀՀ Սահմանադրություն հոդված 63), հետևաբար դատական նիստին մասնակցելու համար լրացուցիչ հիմնավորման բեռի, նախապայմանների նախատեսումը հանդիսանում է քրեադատավարական սկզբունքների խախտում՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի՝ դատաքննության իրավունքի, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք հոդված 21, 23)։ Նկատի ունենալով, որ քրեական արդարադատության համակարգում առաջնային են ոչ միայն գործի փաստական հանգամանքները, այլ նաև հանցանք կատարած անձին բնութագրող տվյալները (պատժի անհատականացման սկզբունք), կարևոր է, որ վերաքննիչ բողոքների քննության ընթացքում դատարանն անմիջականորեն շփվի արարքը կատարած անձի հետ: Հակառակ պարագայում ստացվում է, որ անձի նկատմամբ առաջին ատյանի դատարանը նշանակում է պատիժ, այդ թվում՝ նաև հաշվի առնելով նրան բնութագրող տվյալները և նրա հետ դատաքննության ընթացքում ունեցած շփումը, սակայն պատժի իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության շրջանակում վերաքննիչ դատարանը չի ունենում նույն հնարավորությունը: Եթե վերաքննիչ դատարանը պետք է գործը քննի փաստերի ու իրավունքի տեսանկյունից և մեղավորության կամ անմեղության հարցի ամբողջական գնահատում կատարի, ապա չի կարող հարցի վերաբերյալ որոշում կայացնել առանց մեղադրյալի կողմից անձամբ ներկայացված այն ապացույցների ուղղակի գնահատման, որոնք տրամադրվել են՝ ապացուցելու համար, որ ենթադրաբար քրեական իրավախախտում համարվող արարքը ինքը չի կատարել (Popovici-ն ընդդեմ Մոլդովայի, § 68, Lacadena Calero-ն ընդդեմ Իսպանիայի § 38): Այն սկզբունքը, որ լսումները պետք է հրապարակային անցկացվեն, ներառում է մեղադրյալի կողմից վերաքննիչ դատարանում անձամբ ապացույցներ ներկայացնելու իրավունքը: Այդ տեսանկյունից՝ հրապարակայնության սկզբունքը հետամուտ է լինում մեղադրյալի՝ պաշտպանության մասով իրավունքները երաշխավորելու նպատակին (Tierce-ը և այլք ընդդեմ Սան Մարինոյի, § 95): Դատավարության մասնակիցը իր գործով դատական նիստում բանավոր լսվելու հարցում չպետք է կաշկանդված լինի Վերաքննիչ դատարանի հայեցողությամբ։ Միաժամանակ, յուրաքանչյուր գործով կախված այս կամ այն թվարկված գործոնով, դատարանը կարող է տարբերակված վերաբերմունք և ոչ միատեսակ պրակտիկա դրսևորել բողոքների քննության ընթացակարգերի որոշման հարցում։ Ավելին, գործի բանավոր ընթացակարգով քննությունը նպաստում է դատական վարույթների թափանցիկությանը` ամրապնդելով հանրային վստահությունը իրավական (դատական) համակարգի նկատմամբ: Բանավոր լսումների սահմանափակումը Հայաստանում կարող է բացասաբար ազդել գործընթացի թափանցիկության և օրինականության վերաբերյալ հանրային ընկալումների վրա և խարխլել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը: Քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգը չի կարող երաշխիքներ ապահովել դատաքննության մասնակիցների արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման համար: Ելնելով, նշված նկատառումներից, առաջարկում ենք Նախագծից հանել Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությունը և դրանից բխող մյուս փոփոխությունները և լրացումները՝ բացառելու արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հնարավորությունները։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Մարտիկ Մարտիրոսյան

26.02.2025

Ներկայում գործերի քննությունը, այդ թվում՝ վերաքննիչ ատյանում դանդաղում է հիմնականում այն պատճառով, որ կալանավորվածներին դատարան չեն տեղափոխում։ Պատճառն այն է, որ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հաստիքները թափուր են։ Արդյունքում ստացվում է, որ պետությունը չի կարողանում լուծել կալանավորված անձանց դատարան տեղափոխելու հարցը և դրա փոխարեն զրկում է նրանց վերաքննիչ դատարան ներկայանալու հնարավորությունից։ Եթե Ոստիկանության ուղեկցող գումարտակի հաստիքները համալրվեն, ապա բավականին կարագանա գործերի քննությունը։ Ուստի առաջարկում եմ այս նախագիծը չեղարկել։

Սամվել Հակոբյան

16.02.2025

Առաջարկվող փոփոխությունն ուղիղ հակադրության մեջ է գտնվում ինչպես ՄԻԵԴ իրավաբանության, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, այնպես էլ իրավական դոկտրինի հետ։ Մասնավորապես, վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտերի՝ գրավոր կարգով քննության ընթացակարգն ի զորու չէ ապահովելու ինչպես արդար դատաքննության, այնպես էլ դատական պաշտպանության իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ իրացումը։ Այսպես, թիվ ԵԴ/0188/11/18 գործով Վճռաբեկ դատարանը 2021 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ արձանագրել է, « Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը»։ Վերը ներկայացված որոշմամբ արված եզրահանգումներն ուղիղ հակասում են ներկայացված նախագծի բովանդակությանը, քանի որ վերանայման գրավոր ընթացակարգը ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ապահովել այն երաշխիքները, որոնք կադող են կենսագործվել բանավոր վերանայման ընթացքում։ Դեռ ավելին՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վերանայման (օրինակ՝ կալանքը որկես խափանման միջոց կիրառելու մասին որոշում) գրավոր ընթացակարգ, ինչը նույնպես հակասում է Վճռաբեկ դատարանի՝ վերը ներկայացված դիրքորոշմանը։ Հատկանշական է, որ ՄԻԵԴ իրավաբանությունը նույնպես հիմնված է՝ ստուգման (վերանայման) ընթացքում այն նույն պայմաններն ու երաշխիքները ապահովվելու տրամաբանության վրա, ինչը որ ապահովված է եղել առաջին ատյանի դատարանում՝ գործն ըստ էության քննելիս։ Առաջարկվող մոտեցումը քննադատվել է նաև հայկական գրականության մեջ։ Մասնավորապես, եթե կարդաք Ա.Ղազարյանի « ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԽԱՌԸ ՏԻՊԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԸՆԹԱՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ (ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԼԱՆՔԻ (ԴՐԱ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ)» (2023) գիտական հոդվածը, ապա կհասկանաք ներկայացված առաջարկի անթույլատրելիության ամբողջ գաղափարախոսությունը։ Սա անթույլատրելի փոփոխություններ ենթադրող նախագիծ է։ Վերաքննության կարգով վերանայումը ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ շրջանակներում, դա անթույլատրելի է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ իրացնելու համատեքստում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: