22.02.2025
ԹԻՀԿ-ի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 6-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տեղադրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ։ Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև․ Նշված նախագծով առաջարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավելյալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»։ Որպես կատարվող փոփոխության հակիրճ հիմնավորում հեղինակը նշել է, որ «սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսավորման աղբյուրից, որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալներ։» Տվյալ նախագծի վերաբերյալ առկա է մի քանի դիտարկում, որոնք վերաբերում են նախագծի հեղինակին, հիմնավորվածությանն ու որոշակիությանը և բժշկական գաղտնիքի պահպանմանը։ 1․ Նախագծի հեղինակը․ Համաձայն e-draft.am կայքէջի քննարկվող նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ նախագիծը կապված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.5 Առողջապահություն», «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» և «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժիններին։ Միաժամանակ յուրաքանչյուր նախարարության լիազորությունների շրջանակը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով։ Համաձայն դրա՝ նշված ոլորտներում քաղաքականության մշակումը պատկանում է Առողջապահության նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը։ Գտնում ենք, որ նշված նախագծի մշակումը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից և դուրս է Պաշտպանության նախարարության գործառույթներից։