ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի անհրաժեշտությունը բխում է «Բնակչության օգնության և սպասարկման» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասից, ինչպես նաև բժիշկ-մասնագետների պատրաստման առավել առաջադեմ, գործնական հմտությունների ձեռքբերման ու զարգացման տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ ներդնելու անհրաժեշտությունից:
Ներկայում Հայաստանի Հանրապետությունում «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներին համապատասխան, բժշկական բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն ունի հետևյալ կառուցվածքը՝
1) բուհական փուլ՝ անընդհատ ու ինտեգրացված վեցամյա ուսումնառության փուլ: Ամփոփիչ ատեստավորում անցածները ստանում են բժշկի որակավորում, սակայն իրավունք չունեն իրականացնելու ինքնուրույն մասնագիտական գործունեություն բժշկական օգնության և սպասարկման ոլորտում.
2) հետբուհական փուլ՝ կլինիկական օրդինատուրայում ուսումնառության փուլ, որը կախված մասնագիտացումից՝ կարող է տևել մեկից հինգ տարի: Ամփոփիչ ատեստավորում անցածները ստանում են համապատասխան բժիշկ-մասնագետի որակավորում:
Հետբուհական փուլում՝ կլինիկական օրդինատուրայում ուսումնառությունը իրականացվում է բուհական ինքնավարության շրջանակում բուհի կողմից ընդունված կրթական ծրագրերով: Հետբուհական բժշկական մասնագիտական կրթության համակարգը Հայաստանի Հանրապետությունում ամենաքիչ վերափոխված ոլորտներից մեկն է և, ընդհանուր առմամբ, այն իրականացվում է խորհրդային հետբուհական բժշկական կրթության ավանդականորեն ձևավորված մոտեցումներին համահունչ:
Հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտի հիմնական պահանջները սահմանված են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, որոնք շատ ընդհանրական ձևով են կարգավորում այս ոլորտը, իսկ հատուկ կարգավորումներ ունեցող ՀՀ կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին, ժամանակավրեպ է և որոշակիորեն տարբերվում է հետբուհական բժշկական կրթության կազմակերպման առկա գործընթացներից:
Հայաստանի Հանրապետությունում առկա է մի իրավիճակ, երբ հետբուհական բժշկական մասնագիտական կրթությունը համալիր կարգավորող իրավական ակտեր ընդունված չեն և և օրենսդրական առկա բազան սահմանում է միայն հատվածական կարգավորումներ, ինչը բնականաբար չի կարող չանդրադառնալ հետբուհական բժշկական կրթության համակարգի և այդ կրթության մրցունակության վրա:
Հայաստանի Հանրապետությունում բժշկական հետբուհական կրթությունը իրականացվում է առանց համապետական նվազագույն չափանիշների, չափելի ցուցանիշների, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումներին համապատասխան՝ առանց էական փոփոխությունների:
Բժշկական կադրային ներուժի ձևավորումը մեր օրերում սկսվում է համապատասխան բազային կրթությունից՝ բժշկական բուհում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոշ դեպքերում նաև ոչ բժշկական բուհում (օրինակ՝ բարձրագույն կենսաբանական կրթություն)։ Այնուհետև մասնագիտական գործնական հմտությունների ու կարողությունների համալրման համար ավագ բուժաշխատողները շարունակում են մասնագիտանալ և ստանում են համապատասխան հետբուհական կրթություն։ Չնայած տարբեր երկրներում առկա բժշկական կրթության գործընթացների ընդհանուր կառուցվածքային նմանություններին՝ կան մի շարք բովանդակային և սկզբունքային տարբերություններ, որոնց իմացությունն ու համեմատական վերլուծությունը կարող է օգնել ընդհանուր գործընթացի գնահատման և հնարավոր բարեփոխումների պլանավորման հարցում։ Այս գործընթացների ուսումնասիրությունը կարևոր է նաև բուժաշխատողների շարժունության ապահովման տեսանկյունից, քանի որ միջազգային ստանդարտներին հնարավորինս մոտեցված բժշկական կրթական համակարգերի առկայությունը անհամեմատ դյուրին է դարձնում տարբեր երկրներում բժշկական կադրային ներուժի ինտեգրումը։ Պետք է հաշվի առնել նաև աշխարհում առկա բժշկական կադրային ներուժի աճող պահանջարկը, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների մինչև 2030թ. կառաջացնի առողջապահական ներուժի մոտ 10 մլն պակաս, ինչը ևս բավականին արդիական է դարձնում այս վերլուծությունները (https://www.who.int/health-topics/health-workforce#tab=tab_1):
Բարձրագույն բժշկական կրթության հավատարմագրման խորհուրդը (Accreditation Council for Graduate Medical Education, ACGME) և Կլինիկական մասնագիտությունների ամերիկյան խորհուրդը սահմանել են գործող բժշկի Վեց հիմնական իրավասությունները (https://www.acgme.org/globalassets/PDFs/Milestones/MilestonesGuidebookforResidentsFellows.pdf), որոնք են՝
- Հիվանդի խնամք և միջամտությունների կատարման հմտություններ:
- Բժշկական գիտելիքներ:
- Պրակտիկայի վրա հիմնված ուսուցում և կատարելագործում:
- Միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
- Պրոֆեսիոնալիզմ:
- Համակարգերի վրա հիմնված պրակտիկա:
Հենց այս հիմնական կոմպետենտություններն են դրված կլինիկական ռեզիդենտուրայի ուսումնառության կազմակերպման, իրականացման և վերահսկման գործընթացների հիմքում: Բժիշկների ուսումնառության ընթացքում այս սկզբունքներով ու գաղափարներով են առաջնորդվում նաև կրթական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ռեզիդենտները, դասախոսները, վարչական օղակների ու վերահսկող մարմինների ներկայացուցիչները:
ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում գոյություն ունեն բուժաշխատողների որակի համապատասխանության գնահատման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս գնահատել բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների մակարդակն ու դրանց համապատասխանությունը երկրում ընդունված և գործող ստանդարտներին (Kreutzberg A, Reichebner C, Maier C, Destrebecq F, Panteli D. Regulating the input: health professions. 2019):
Ռեզիդենտուրայի մոդելն ունի իր առանձնահատկությունները թե՛ մասնագիտությունների ու ենթամասնագիտությունների, թե՛ ընդունելության, թե՛ ուսումնառության տևողության, թե՛ կրթական գործընթացների կազմակերպման ու վերահսկողության բաղադրիչներում:
Հայաստանում բժշկի մասնագիտացման գործընթացը, համաձայն գործող իրավական կարգավորումների, մեկնարկում է հետբուհական կրթություն իրականացնող կրթական հաստատություն դիմելիս։ Հետբուհական բժշկական կրթություն իրականացնող՝ պետության կողմից լիազորված հաստատություններն են Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը։ Հայաստանում բժիշկների գիտելիքների և հմտությունների որակի վերահսկման կենտրոնացված համակարգերի բացակայությունը թույլ չի տալիս ապահովել բժշկական բուհերի շրջանավարտների գիտելիքների ու հմտությունների որակական չափանիշների համասեռություն։ Դրանից ելնելով էլ՝ երկու կրթական հաստատությունում էլ հետբուհական մասնագիտացում անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընդունելության քննությունները (բացառությամբ ԵՊԲՀ շրջանավարտների, որոնք իրենց բուհում կլինիկական օրդինատուրա դիմելիս ընդունվում են առանց քննության՝ հիմք ընդունելով նույն բուհի ավարտական քննությունների արդյունքները)։
Միաժամանակ 2023 թվականին կլինիկական ռեզիդենտուրայի համակարգի ներդրման նպատակով Հայաստանում ներդրվել է փորձարարական ծրագիր՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Փորձարարական ծրագրի միջոցով որոշվելու է կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և պայմանները` կլինիկական օրինատուրայից կլինիկական ռեզիդենտուրան անցնցում անցման ապահովելու նպատակով: Նախագծի մշակման փուլում հաշվի են առնվել նաև «Մանկաբուժություն» մասնագիտությամբ փորձարարական ծրագրի հիմնական բաղադրիչները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ մասնագիտացման տեսակները, հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ մասնագիտացման իրականացման կարգը, հետբուհական մասնագիտական կրթություն և լրացուցիչ մասնագիտացման պայմանները, որը կնպաստի անցում կատարել հետբուհական կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող համակարգի և թույլ կտա սահմանել այն նվազագույն պահանջները, որոնց պետք է համապատասխանի հետբուհական բժշկական կրթություն ստացած մասնագետը, ինչպես նաև ներդաշնակեցնել դրանք ընդունված մասնագիտական բնութագրերի և Հայաստանում իրականացվող բժշկական միջամտությունների ու կլինիկական դեպքերի թվաքանակների հետ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից, Հենար բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
4. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը կկանոնակարգի առողջապահության ոլորտի մասնագետների հետբուհական կրթության կազմակերպումը և իրականացումը, մասանավերապես կլինիկական օրդինատուրայի (ռեզիդենտուրայի), նեղ և լրացուցիչ մասնագիտացմանը: Սահմանված պահանջները հստակեցնում եմ առողջապահության բնագավառի համապատասխան մասնագետների պատրաստման, կազմակերպման և կրթական ծրագրերի մշակման գործընթացը, որը ի վերջո կբերի կրթական համակարգի համապատասխանեցմանը` միջազգային չափանիշներին և կպատրաստի Հայաստանի Հանրապետության առողջապահական կարիքներին բավարարող, բարձրակարգ, մասնագիտական խորը գիտելիքներով և հմտություններով բուժաշխատողներ, որոնց գործունեությունը կհիմնվի բժշկական օգնության և սպասարկման բարձրորակ, ապացուցողական և ծախսարդյունավետ մոտեցումների վրա:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեիեկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում.
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը կապակցված չէ ռազավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
03.02.2025 - 18.02.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 2835
Print