«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 445.1-ին հոդվածով.
«Հոդված 445.1. Օպցիոնի պայմանագիրը
- Oպցիոնի պայմանագրով մի կողմը (օպցիոնի գնորդը) ձեռք է բերում իրավունք մյուս կողմից (օպցիոնի վաճառողից) պահանջել կատարել օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները (այդ թվում՝ սեփականության կամ այլ գույքային իրավունքով փոխանցել կամ ընդունել գույք, այդ թվում գույքային իրավունքներ) (իրացնել օպցիոնը) դրանով սահմանված ժամկետում (օպցիոնի գործողության ժամկետում) և գնով (օպցիոնի կատարման գինը), իսկ օպցիոնի վաճառողը պարտավորվում է կատարել այդ պահանջը: Օպցիոնը կարող է լինել գնման օպցիոն (call option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով իրեն փոխանցել գույք` այդ թվում գույքային իրավունքներ, և վաճառքի օպցիոն (put option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք օպցիոնի վաճառողից պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով ընդունել գույք` այդ թվում գույքային իրավունքներ:
- Օպցիոնի պայմանագիրը կնքվում է գրավոր: Եթե օպցիոնի գնորդը օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը չի ներկայացնում (օպցիոնը չի իրացնում), ապա օպցիոնի պայմանագիրը համարվում է դադարած` օրենքի ուժով։ Օպցիոնի պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրանով սահմանված պահանջը կարող է ներկայացվել միայն այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում, եթե պայմանագրով նաև սահմանված են նման պայմանների վրա հասնելը և դրանց վրա հասնելու օրը որոշելու չափանիշները կամ ընթացակարգը:
- Օպցիոնի պայմանագրով սահմանված իրավունքի (օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները կատարելու պահանջի իրավունքի) տրամադրման դիմաց օպցիոնի գնորդը օպցիոնի վաճառողին պայմանագրով սահմանված ժամկետում վճարում է պայմանագրով նախատեսված պարգևավճարը (premium)` դրամական միջոցների կամ այլ գույքի տեսքով, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի:
- Օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու դեպքում օպցիոնի կատարման գինը և դրա տրամադրման կարգը:
- Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարգևավճարը վերադարձման ենթակա չէ, այդ թվում, եթե օպցիոնի պայմանագիրը դադարել է օպցիոնի գործողության ժամկետում դրանով սահմանված պահանջը չներկայացնելու հետևանքով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը, ապա օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինեն նման տեսակի գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցման համապատասխան տեսակի պայմանագրի բոլոր էական պայմանները: Սույն մասի պահանջների չհամապատասխանող օպցիոնի պայմանագիրը համարվում է չկնքված:
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում անհատապես որոշվող գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը, սակայն օրենքով, դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ այդ գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք կամ օտարման այլ սահմանափակում, ապա օպցիոնի պայմանագրի հիման վրա նման գույքի օտարում տեղի չի ունենում, իսկ օպցիոնի առարկա գույքի սեփականատեր չհանդիսացող կողմին պայմանագրի մյուս կողմի կողմից հասցված վնասները ենթակա են հատուցման օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Սույն մասով սահմանված դեպքերում չեն կիրառվում սույն օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում անհատապես որոշվող գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը, ապա օպցիոնի պայմանագրով սահմանված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու կամ բռնագրավելու դեպքում օպցիոնի պայմանագիրը դադարում է, իսկ օպցիոնի առարկա գույքի սեփականատեր չհանդիսացող կողմին պայմանագրի մյուս կողմի կողմից հասցված վնասները ենթակա են հատուցման օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Սույն մասով սահմանված դեպքերում չեն կիրառվում սույն օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում անհատապես որոշվող գույքի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը, ապա օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինեն այն գործարքների տեսակները, որոնց կատարումը օպցիոնի առարկա գույքի նկատմամբ ենթակա է սահմանափակման:
- Եթե օպցիոնի պայմանագրի առարկա է հանդիսանում գույք, որի նկատմամբ առկա է ձեռքբերման նախապատվության իրավունք, ապա նախքան օպցիոնի պայմանագրի կնքումը այդ մտադրության մասին պետք է գրավոր ծանուցվի նախապատվություն իրավունք ունեցող անձը` նշելով օպցիոնի կատարման գինը և օպցիոնի կատարման մյուս պայմանները: Նախապատվության իրավունք ունեցող անձն իրավունք ունի այդ գնով և պայմաններով ձեռք բերել գույքը` գնման նախապատվության իրավունքի իրականացման համար օրենքով, այլ իրավական ակտով, պայմանագրով, ընկերության կանոնադրությամբ կամ այլ փաստաթղթով սահմանված ժամկետում, իսկ այդ իրավունքը` չիրականացնելու դեպքում օպցիոնի այդ պայմանագրի հիման վրա գույքի օտարման դեպքում ձեռք բերման նախապատվության իրավունքը չի կիրառվում:
- Օպցիոնի պայմանագրի առարկա չեն կարող հանդիսանալ անշարժ գույքը և ավտոտրանսպորտային միջոցները։
- Օպցիոնի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով, իսկ օրենքով սահմանված դեպքում նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 38.2-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 38.2. Ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման օպցիոնը
- Ընկերությունն իրավունք ունի կնքել իր բաժնետոմսերի տեղաբաշխման օպցիոնի պայմանագրեր, եթե դրա հնարավորությունը սահմանված է Ընկերության կանոնադրությամբ և օպցիոնի պայմանագրով բաժնետոմսերի համապատասխան քանակի, տեսակի և դասի բաժնետոմսերը հայտարարված, բայց տեղաբաշխված չեն Ընկերության կողմից:
- Ընկերության կողմից իր բաժնետոմսերի տեղաբաշխման օպցիոնի պայմանագիրը (կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը, որի հիման վրա տրամադրվել է օպցիոնը) պետք է սահմանի օպցիոնի իրականացման պայմանները և կարգը, ինչպես նաև օպցիոնի իրականացման դեպքում Ընկերության բաժնետոմսերի թողարկման և օպցիոնի գնօրդի օգտին տեղաբաշխման, Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը և ժամկետները:
- Ընկերության կողմից իր բաժնետոմսերի տեղաբաշխման օպցիոնի պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և օպցիոնի գնորդի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու (օպցիոն իրականացնելու) դեպքում Ընկերությունը պարտավոր է կայացնել լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և դրանց` օպցիոնի գնորդի օգտին տեղաբաշխման մասին որոշումը` պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ օպցիոնի գնորդը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում վճարել դրանց դիմաց:
- Ընկերության կողմից իր բաժնետոմսերի տեղաբաշխման օպցիոնի պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և օպցիոնի գնորդի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 4.1 մասով սահմանված դեպքերի:
- Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Բաժնետիրոջ կողմից իրեն պատկանող բաժնետոմսերի օտարման օպցիոնի պայմանագրի նկատմամբ:»
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Ընկերությունն իր բաժնետոմսերի տեղաբաշխման օպցիոնի պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերի:»:
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.3)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«25.3) Ընկերության կողմից իր բաժնետոմսերի տեղաբաշխման օպցիոնի պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:
Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.3.» մասով` հետևյալ բովանդակությամբ.
«4.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.3-րդ կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից: Ընդ որում սույն մասում նշված որոշմանը դեմ քվեարկած բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի օպցիոնների ձեռքբերման նախապատվության իրավունք, որն իրականացվում է սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:»
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.
«5. Սույն օրենքով` ապահովված իրավունքի գրանցմանը վերաբերվող կարգավորումները տարածվում են նաև օպցիոնի պայմանագրից բխող իրավունքների գրանցման վրա, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:»
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Oպցիոնի պայմանագրից բխող իրավունքների գրանցումն ուժը կորցնում է օպցիոնի գործողության ժամկետում օպցիոնն իրացնելու կամ այդ ժամկետի ավարտին օպցիոնը չիրացնելու դեպքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 5-րդ մասում «գրավի» բառից հետո լրացնել «և դրանց գնման կամ վաճառքի օպցիոնի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել նոր 6.1-ին մասով` հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Եթե օպցիոնի առարկա է հանդիսանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի նկատմամբ որոշակի պայմաններով սեփականության իրավունքի փոխանցումը կամ ընդունումը պահանջելու իրավունքը և օպցիոնի գնորդը օպցիոնի ժամկետում ներկայացրել է դրանով սահմանված պահանջը , ապա ընկերության մասնակիցների վերաբերյալ տեղեկության փոփոխության պետական գրանցման համար ներկայացվում են նաև նման պահանջը օպցիոնի վաճառողին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 330.1-ին հոդվածով սահմանված պատշաճ ծանուցմամբ ներկայացնելը և օպցիոնով սահմանված գործողությունները կատարելու դիմաց հատուցման վճարումը հավաստող, իսկ պայմանագրով սահմանված դեպքում՝ օպցիոնով սահմանված պայմանները կատարելը կամ դրանց վրա հասնելը հավաստող ապացույցները:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 40-րդ հոդվածը լրացնել նոր 2.2. մասով` հետևյալ բովանդակությամբ.
«2.2. Օպցիոնի պայմանագրի հիման վրա օպցիոնի վաճառողի կողմից օպցիոնի տրամադրման ծառայության մատուցման պահ է համարվում օպցիոնի գնորդի կողմից օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու (օպցիոնն իրացնելու) պահը, իսկ եթե օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը չի ներկայացվում (օպցիոնը չի իրացվում), ապա մատուցման պահ է համարվում պայմանագրով սահմանված պահանջը ներկայացնելու (օպցիոնն իրացնելու) համար սահմանված ժամկետի ավարտի պահը:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
-
Discussed
08.01.2025 - 23.01.2025
-
Type
Law
-
Area
Economy, Financial
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 2587
Print